«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԻՄԱ ՄԱՔՐՄԱՆ ՓՈՒԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն այս անգամ երգիչ Գուրգեն Դաբաղյանն է: Նա պատմել է իր առաջիկա ծրագրերի, երգարվեստը մաքրելու անհրաժեշտության, հեղափոխական տրամադրության եւ իր սպասելիքների մասին:

-Գուրգե՛ն, ի՞նչ նորություններ ունեք հանդիսատեսի համար: Առաջիկայում նոր տեսահոլովակ կներկայացնե՞ք:
-Այո՛, շուտով կնկարահանեմ նոր տեսահոլովակ, սակայն այն կներկայացնեմ աշնանը: Առաջին անգամ հանդիսատեսի դատին կհանձնեմ իմ հեղինակած երգը: Ասեմ, որ նոր եմ սկսել ստեղծագործել ու էլի գրած երգեր ունեմ:
-Արտերկրից համերգային հրավերներ ունե՞ք: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, թեեւ դրանք հիմնականում լինում են աշնանն ու գարնանը, բայց այս ամռանը եւս ունեմ հրավերներ, այդ թվում կորպորատիվների մասնակցելու առաջարկներ:
-Գիտեմ, որ ինչ-որ փուլի միացաք ժողովրդական շարժմանը, ակտիվ կերպով հետեւում եք երկրի ներքաղաքական վիճակին, այս կամ այն իրավիճակի վերաբերյալ չեք խուսափում կարծիք հայտնելուց: Ինչպե՞ս եղավ, որ միացաք շարժմանը:
-Անկեղծորեն ասեմ, որ սկզբնական շրջանում ժողովրդական շարժման կողքին չեմ եղել, որովհետեւ չէի հավատում հաջողությանը: Գիտե՞ք՝ այն, ինչ կատարվեց, այնքան անհավատալի էր, որ մինչեւ հիմա էլ ուշքի չեմ եկել, բայց երբ գալիս եմ իրականություն, չեք պատկերացնի՝ որքան մեծ ուրախություն եմ ապրում: Մեր հաջողությանը սկզբում չէի հավատում, որովհետեւ նախկինում տարբեր առաջնորդների կողմից շատ են եղել հեղափոխության փորձեր, որոնք ձախողվել են: Բայց եկավ մի պահ, երբ սկսեցի հավատալ ժողովրդի ուժին, ինքս ինձ եւ հասկացա, որ ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես պետք է պայքարել եւ միասնական լինել:
-Այն փուլը, որն այսօր թեւակոխել է Հայաստանը, ինչպե՞ս կանվանեք:
-Սա մաքրման փուլ է, որը պետք է հաղթահարել: Ընդ որում` այս էտապը ոչ պակաս կարեւոր է, քան հանուն հեղափոխության պայքարը: Հիմա ժողովուրդը պետք է զսպվածություն եւ համբերատարություն ցուցաբերի, որպեսզի ճիշտ քայլերով առաջ ընթանա, գնա դեպի խորքային խնդիրների լուծման: Այս ժամանակահատվածը կարելի է կոչել նաեւ անցումային:
-Երգարվեստի ոլորտում դրական տեղաշարժեր ակնկալո՞ւմ եք:
-Ակնկալիքներն, իհարկե, մեծ են, հատկապես, որ երկրում իրավիճակ է փոխվել: Չկա ոլորտ, որը պակաս կարեւոր է: Ինչ վերաբերում է երաժշտական ասպարեզին, ես կբարձրացնեմ մեկ կարեւոր խնդիր՝ համերգների պակասը Հայաստանում: Այսօր հայ երգիչները եթե կորպորատիվներին չերգեն, արտասահմանցի համերգների հրավերներ չունենան, անգործության կմատնվեն: Հայաստանում ապրող երգիչն ինչո՞ւ իր երկրում համերգ չունենա, եւ դա այն պարագայում, երբ ունենք կարոտած հանդիսատես: Իհարկե, առկա է նաեւ սոցիալական խնդիր. քչերն են վճարունակ, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ համերգի տոմս գնել: Դա էլ ուրիշ խնդիր է:
-Այսօր շատերը բարձրաձայնում են շոու-բիզնեսում առկա մենաշնորհների մասին: Դուք ի՞նչ կասեք, նման խնդրի բախվե՞լ եք:
-Վերջին տարիներին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաներն այսքան զարգացել են, համացանցը դարձել է այսքան մատչելի բոլորի համար, նման խնդիր գրեթե չկա: Իհարկե, տարիներ առաջ, երբ եղանակ էին ստեղծում հեռուստաընկերությունները, եւ դեպի եթեր «պռախոդ» ունենալու հարց էր դրված, այդ խնդիրն առկա էր: Համենայն դեպս, իմ առջեւ դռներ չեն փակվել:
-Դուք այս փուլը Հայաստանի համար անվանեցիք մաքրման փուլ: Իսկ շոու-բիզնեսը մաքրման կարիք ունի՞:
-Տեսեք, եթե ասում ենք շոու-բիզնես, արդեն մաքրություն ակնկալելն անիմաստ է: Այստեղ էական է շոուն եւ դրա միջոցով բիզնես անելը: Ուստի միայն բարձր չափանիշներ սահմանել հնարավոր չէ: Ուրիշ բան, եթե խոսենք երգարվեստի մասին: Բայց այս պարագայում էլ ամեն բան բավական բարդ է: Ես կողմ չեմ գեղխորհուրդների միջոցով խնդիրներ լուծելուն: Փոխարենը պետք է ամեն մեկն ինքնագրաքննությամբ զբաղվի, մի արտադրանք թողարկելուց առաջ լավ մտածի, թե ինչ է մատուցում, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի: Այդ դեպքում հաջողությունն ակնհայտ կլինի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՃԻՇՏ ԿՈՂԱԿԻՑ ԳՏՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է»

Մաշա Մնջոյանն այս ամռանը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր երգ եւ տեսահոլովակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին: Երաժշտության եւ գործիքավորման հեղինակը Նիկ Եգիբյանն է: «Կարծում եմ՝ այն ավելի շատ դուր կգա իմ տարեկիցներին: Երգն ունի հայերեն եւ անգլերեն հատվածներ»,-ասաց Մաշան:

Ի դեպ, առաջիկայում երգչուհին հանդես կգա բարեգործական համերգով, իսկ համերգային ավելի ակտիվ գործունեություն կծավալի արդեն աշնանը:
Քչերը գիտեն, որ այսքան երիտասարդ հասակում Մաշան հասցնում է նաեւ դասավանդել. ««Դուրգարյան» ակադեմիայում եմ աշխատում. ի դեպ, փոքրիկ սաներիս ոգեւորելու համար հունիսի 1-ին հանդես եկանք համերգով»,-տեղեկացրեց երգչուհին:
Մենք զրուցեցինք նաեւ անձնական թեմաներից: Մաշայի խոսքով՝ այսօր թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար անձնական կյանքը դասավորելը բավական բարդացել է. «Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ճիշտ կողակից գտնելն իսկապես դժվար է: Հեշտ չէ ընտրել մեկին, ում մինչեւ կյանքիդ վերջ կվստահես»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մաշայի խոսքով՝ որքան ինքը մեծանում է, այնքան ավելի դժվար է սիրահարվում. «Տարիների ընթացքում սկսում ես ամեն մանրուքի ուշադրություն դարձնել, ամեն չնչին բան սկսում է նյարդայնացնել»,-անկեղծացավ երգչուհին:
Նա նշեց մի քանի հատկություն, որով իր կողքի տղամարդը երբեք չպետք է օժտված լինի. «Իմ կողքին չեմ պատկերացնում թույլ, ոչ առատաձեռն եւ հումորի զգացումից զուրկ տղամարդու»,-շեշտեց Մաշան:
Հարցին, թե կուզի արդյոք որ իր ընտրյալը բեմի մարդ լինի, Մաշան պատասխանեց. «Կտրականապես չեմ ասի՝ ոչ, որովհետեւ չեմ կարող ասել՝ կյանքս ինչպես կդասավորվի: Երբեք չեմ ասում երբեք»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ
Երեւանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները մինչեւ հոկտեմբերի 1-ը կկատարի թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: Նախօրեին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը թատրոն է այցելել, հանդիպել ստեղծագործական եւ դերասանական կազմերի հետ:
Քննարկումների ու ելույթների արդյունքում որոշում է կայացվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Նշենք, որ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո թափուր տեղի համար պայքարում են Ալեքսանդր Գրիգորյանի դուստր, բեմադրիչ Նորա Գրիգորյանը եւ թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Հակոբյանը:

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ հավաքականը շարունակի գլխավորել Խորխե Սամպաոլին: Խաղացողները խոսել են Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ եւ խնդրել, որ ԱԱ-2018-ի 3-րդ տուրի Նիգերիայի դեմ խաղում հավաքականը ուրիշ մարզիչ ղեկավարի: Այդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 26-ին Սանկտ-Պետերբուրգում: Սամպաոլիին փոխարինելու ամենահավանական թեկնածուն նրա օգնական Խորխե Բուրուչագան է:
Հիշեցնենք, որ նախօրեին Խորվաթիայի հավաքականը 3:0 հաշվով հիասքանչ հաղթանակ տոնեց Արգենտինայի ընտրանու նկատմամբ: Այդ խաղից հետո Խորվաթիան ապահովեց տեղը փլեյ-օֆում, իսկ Արգենտինան հնարավոր է դուրս մնա ԱԱ-2018-ից խմբային փուլում:

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞
«Ռոմա»-ի պաշտպան Կոստաս Մանոլասը կարիերան կարող է շարունակել անգլիական Պերմիեր լիգայում: Հույն պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն: Լոնդոնցիները պատրաստ են վճարել 38 մլն եվրո հրաժարագինը եւ գնել Մանոլասին: Մնում է միայն բանակցել անձամբ ֆուտբոլիստի հետ եւ համաձայնեցնել պայմանագրի կետերը: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մանոլասին իրենց կազմում են ուզում տեսնել «Արսենալ»-ը, «Լիվերպուլ»-ը, «Ռեալ»-ը եւ «Լիոն»-ը: Անցած մրցաշրջանում Մանոլասը 29 հանդիպում է անցկացրել Ա սերիայում:




Լրահոս