«Ես մեծ հույսեր ունեմ, որ այսօրվա երիտասարդությունը այն ուժն է, որը կառավարությունից կպահանջի շարունակել իր որդեգրած գործունեությունը եւ գրավել այն տարածքները, որոնք իրեն հարիր են։ Նաեւ հուսով եմ, որ կառավարությունն էլ իր հերթին կկատարի երիտասարդության բոլոր պայմանները, իսկ եթե չկատարի, նույն այդ երիտասարդությունը պահանջատիրոջ կարգավիճակում թող դուրս նետի այս կառավարությանը եւ տեղը հրավիրի նորին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, երգիչ Վախթանգ Հարությունյանը։
Հարցին, թե ինչ կարծիք ունի մշակույթի նախարարության ներկայիս գործելաոճի մասին, երգահանը պատասխանեց, որ այն հունցվող խմոր է, եւ դեռ երկար ջուր պիտի տանի․
«Մշակույթի նախարարությունը կլինի, թե այլ ստորաբաժանում, պետք է հասարակության առողջ կորիզի հետ անպայման փոխհարաբերության մեջ մտնի եւ գիտակցի, որ ինքը ծառայելու համար է, ոչ թե իշխելու։ Նոր կառավարության ձեւավորումից քիչ ժամանակ է անցել։ Հիշենք, որ մշակույթի նախարարությունը տասնամյակներով կերակրատաշտակի կարգավիճակով կառույց է եղել։ Իրական մշակութային արժեքներին գերատեսչությունը չէր անդրադառնում, փոխարենը իր անձնական շահերն էր առաջ տանում։ Հույս ունեմ՝ այսօր նման երեւույթներ չենք արձանագրի, իհարկե, եթե տարվի մշակութային, սոցիալական ճիշտ քաղաքականություն»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը։
Մենք հետաքրքրվեցինք՝ որպես հեղինակ-կատարող ո՞ր խնդիրն է ցանկանում առաջնային լուծված տեսնել պարոն Հարությունյանը․«Կցանկանամ, որ Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ ռեստորաններում, օրենք ընդունվի, ըստ որի` դասական երաժշտությունը կդառնա պարտադիր։ Այդպիսով կխուսափենք խոտանային երեւույթներից։ Օրենսդրությունը պետք է նաեւ խրախուսի այդպիսի երաժշտություն հնչեցնողներին՝ նպաստելով, օրինակ, որ վերջիններս հարկային որոշակի արտոնություններ ստանան։ Այդպիսով, բոլորս կմաքրենք մեր ականջները»,-եզրափակեց երգահանը։
Աննա Բաբաջանյան