ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Վարդավառի տոնը շարժական տոն է: Այս տարի այն նշվում է հուլիսի 8-ին: Ո՞րն է վերջինիս խորհուրդը:
Դիաննա Մելիքյան (30 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարդավառը Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոսն է Օրենսդիրը եւ չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի եւ երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային` ողջերի:
Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Ս. Գրիգոր Տաթեւացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է` Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչեւ այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը եւ պայծառակերպվելով հայտնեց Իր Աստվածությունը: Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսը Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին եւ ողջ աշխարհին. «Նրան լսեցե՛ք»:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ եւ կատարվում հոգեհանգիստ: