«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի եւ Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները:
Հիշեցնենք` նրանք աստիճանազրկվել էին 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների նախաշեմին իրենց քաղաքացիական կեցվածքի համար: Այդ օրերին աշխատանքից ազատվել էին ԱԳՆ այլ դիվանագետներ եւս՝ ընդհանուր թվով 10 հոգի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ դեռեւս նման հանդիպում չի եղել, նաեւ դժվարացավ ասել, թե կկայանա հանդիպումը: Ու քանի որ այսօր Փաշինյանը մեկնում է Բրյուսել, չի բացառվում՝ նա այդ հարցով զբաղվի վերադառնալուց հետո:
Մինչ այդ նկատենք, որ 2008թ. համաժողովրդական շարժման օրերին դիվանագետները հեռացվեցին ու աստիճանազրկվեցին քաղաքացիական կեցվածքի համար, եւ հիմա, երբ տասը տարի անց համաժողովրդական շարժման արդյունքում լեգիտիմ իշխանություն է ձեւավորվել, վարչապետ Փաշինյանի հանդիպումը նրանց հետ նույնիսկ խորհրդանշական բնույթ կունենա»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: