Սահմռկեցուցիչ մանրամասներ Նարեկ Սարգսյանի և նրա թիկնազորի կողմից ակումբի բաժնետերին ծեծի ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային Անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով երկու տարբեր քրեական գործեր են քննվում:

Դեպք առաջին

ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայից խողովակներ` սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր: Արդյունքում (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:Ավելի ուշ թիկնապահը ինքնակամ ներկայացել էր իրավապահներին եւ կալանավորվել էր, եւ դեռ ավելին` ցուցմունք է տվել, որ նա այդ ամենի հետ կապ չունի :
Ու մինչ իրավապահնեը քննում էին այս գործը, Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով հերթական աղմկալի դեպքը բացահայտվեց:

Դեպք երկրորդ

Այսպիսով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել: Նախնական տվյալներով` տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Ըստ իրավապահների` օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը` Արտեմ Պետրոսյանը, նրան հրավիրել է հանդիպման: Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պետրոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու նրա կամքին հակառակ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ: Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ: Այնուհետեւ նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել: Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլեւս չի զբաղվելու: Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն քննության հետագա ընթացքը որոշելու:

Նոր բիզնես ունենալու հետեւանքը

Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում որոշել են այն նոր դեպքը կցել նախորդ քրեական գործին եւ մեկ վարույթում քննություն իրականացնել: Նշենք, որ իրավապահները այս օրերին դեռեւս փնտրում են Նարեկ Սարգսյանին, տեղեկություններ կան, որ նա Եվրոպական երկրներից մեկում է, իսկ ահա այս գործով նրա կալանավորված թիկնապահին դեռեւս ԱԱԾ-ում չեն հարցաքննել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս ծեծից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, իր հարազատներից մեկին պատմել է վերոնշյալ դեպքի մասին: Ըստ այդմ` Արտեմ Պետրոսյանը եւ ոստիկանությանը դիմած 49-ամյա Արամը ունեցել են համատեղ բիզնես` պարսկական ակումբ, եւ երկուսը, լինելով փայատեր, համատեղ աշխատել են հաշտ ու խաղաղ: Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ հայտնել է , որ չի ցանկանում իր հետ համատեղ աշխատել, քանի որ կա այլ մարդ, որի հետ նա ցանկանում է ստեղծել նոր բիզնես:
Այս իրավիճակի մասին տեղեկացել է Նարեկ Սարգսյանը եւ Արամին հրավիրել հանդիպման հասկանալու համար, թե նա ինչու է համատեղ բիզնեսից դուրս գալիս եւ այլ մարդու հետ ցանկանում բիզնես ստեղծել:
Մեզ հայտնի դարձավ, որ Արտեմ Ասատրյանը Արամին զգուշացրել է, որ Նարեկի հետ հանդիպման չգնա, քանի որ իրեն լավ բան չի սպասվում, սակայն Արամը ասում է, որ նա ոչ մեկից չի վախենում եւ գնացել է սրճարանների մեկում Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման:
Արդյունքում, հանդիպումը կայանում է: Նարեկ Սարգսյանը եւ Արամը բավականին թեժ վիճում են, որից հետո իրավիճակն այն աստիճան է թեժանում, որ Նարեկ Սարգսյանը իր թիկնազորի միջոցով Արամի կամքին հակառակ առեւանգում է նրա եւ տանում է, իր տան ներքնահարկում պահում: Արտեմ Ասատրյանը իր հարազատներին պատմել է, որ տան ներքնահարկում նրա հետ շատ վատ են վարվել` սպառնալիքներ հնչեցրել, բռնություն կիրառել:

Տեղափոխեցին այլ վայր

Այսքանով չբավարարվելուց հետո որոշել են Արամին տեղափոխել «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել եւ պահանջել, որ նա զերծ մնա նոր ակումբ բացելու մտքից: Սակայն Արամը չի հանձնվել եւ շարունակում է պնդել, որ ոչինչ իրեն չի կանգնեցնի:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտեմ Պետրոսյանը հարազատներին հայտնել է, որ երբ հասկանում է, որ Արամին կհասցնեն այն վիճակին, որ նրա կյանքը փրկել չի հաջողվի, արագ միջամտում է եւ Արամին խնդրում է համաձայնության գալ Նարեկի հետ, զերծ մնալ պարսկական ակումբ բացելու մտքից: Արտեմ Պետրոսյանի մտերիմների խոսքով` Արտեմի հորդորները տեղ են հասնում, եւ Արամը հրաժարվում է, որից հետո նա օգնում է, Արամին ջուր է տալիս եւ ուղեկցում է տուն :
Սակայն այս պատմության մեջ կա մի ուշագրավ հանգամանք: Այստեղ հարց է առաջանում, երբ Նարեկ Սարգսյանը օրեր շարունակ իր տան ներքնահարկում եւ «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենքում ծեծի էր ենթարկում Արամին, ինչո՞ւ նրա թիկնապահ Արտեմ Պետրոսյանը չէր միջամտում եւ միայն վերջի պահին է միջամտել` խնդրելով Արամին հրաժարվել իր նոր բիզնեսի մտքից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտեմ Պետրոսյանը իր մետրիմներին հայտնել է, որ Նարեկ Սարգսյանը կասկածներ է ունեցել , որ ինքը եւ Արամը իր գլխին սարքում են եւ ուզում են առանձին բիզնես հիմնել, ուստի նա չի միջամտել այդ իրավիճակին, որպեսզի նրանք հանկարծ միջատելու դեպքում չմտածեին, որ թիկնապահը խաբում է: Բայց երբ տեսնում է, որ տղամարդուն մահվան դուռն են հասցնում, այլ ելք չի ունենում եւ միջամտում է :

Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` այս գործով իրավապահները դեռեւս Արտեմ Պետրոսյանին չեն հարցաքննել, սակայն վերջինս սպասում է հարցաքննությանը, որպեսզի ներկայացնի ողջ եղելությունը, եւ դեռ ավելին` ունի այդ ամենի համար հիմնավոր ապացույցներ: Ի դեպ, վերջինս նաեւ իր հարազատներին ասել է, որ Արամը եւս կարող է հաստատել, որ ինքն է օգնել Արամին, ջուր տվել, խնդրել հանաձայնել, որ փրկվի, գնա իր ընտանիքի գիրկը:

Քնար Մանուկյան




Լրահոս