Շիրակի մարզում իրավիճակը շարունակում է մտահոգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզում ջրային բացթողումները շարունակում են մտահոգել: Բանն այն է, որ դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, որովհետեւ ջուրը բաց է թողնվում դեպի Կառնուտի ջրամբար Ախուրյանի ջրամբարի փոխարեն: Իսկ կատարվածը ծանր հետեւանքներ կարող է ունենալ նաեւ Արարատյան դաշտավայրի գյուղացու համար:

Նկատենք, որ Արփի լիճն ապահովում է Շիրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը: Դրանից զատ, Արփի լճից դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ եւս, մասնավորապես` Կառնուտի ջրամբար: Իսկ Կառնուտի ջրամբարում ջուր կուտակելու արդյունքում Ախուրյանի ջրամբարը շարունակում է դատարկ մնալ: Եւ սա այն դեպքում, երբ Արմավիրի, Արարատի մարզերի գյուղերի մի քանի հարյուրավոր բնակիչներ այս տարի եւս ոռոգման ջրի խնդրի առաջ են կանգնած: Բայց պարզվում է, որ Շիրակի մարզում ջրային բացթողումները` «ջրային իշխանությունը», «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում է: Խոսքը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր մասին է: Տեսակետ է շրջանառվում, որ Կառնուտի ջրամբար այս ընթացքում նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, որը հետագայում ինչ-ինչ ճանապարհներով «վաճառվում է»: Սա բնականաբար չի վերահսկվում, եւ այդպես էլ անհայտ է մնում, թե որտեղ են կորչում այդ ջրերը: Այն, որ Կառնուտի ջրամբար նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, այդ մասին է վկայում Վահրամաբերդ-Կապսի գյուղերի կամուրջի ծանրացած լինելը: Բաց թողնվող ջրի մեծ ծավալի պատճառով Շիրկանալը հնարավոր է չդիմանա, այն կանգնած է փլուզման վտանգի առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է նաեւ, որ Շիրկանալից ներքեւ ընկած հատվածում դիտակետեր տեղադրված չկան: Մինչդեռ դրանց առկայության դեպքում հնարավոր կլիներ վերահսկել ջրի բացթողման չափը դեպի Ախուրյանի ջրամբար: Ավելին` տեսակետ է շրջանառվում նաեւ, որ փաստաթղթերում դեպի Ախուրյանի ջրամբար ջրի բացթողման այլ թվեր է ներկայացված, իսկ իրականում այլ: Ըստ որոշ տեղեկությունների` հենց այս թեմայի շուրջ «Շիրակ» ՋՕԸ տնօրեն Ռուստամ Գրիգորյանը օրեր առաջ հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Անգամ ջրային տնտեսության պետական կոմիտեում են քաշքշուկներ սկսվել «ջրերը վաճառելու մասով»:

Սակայն ինքը` «Շիրակ» ՋՕԸ տնօրեն Ռուստամ Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, որ ինքը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել: «Չկա նման բան, ինձ ջրի կորուստների մասով հարցաքննության չեն հրավիրել: Ավելին` մենք այս պահին Կառնուտի ջրամբարի ջրի կորուստի խնդիր չունենք: Կառնուտի ջրամբարում եղած ջուրը վերահսկվում է, ստուգող համակարգ կա եւ Կառնուտի ջրամբարից ջրի ելքի եւ մուտքի վրա: Իսկ եթե ես Կառնուտի ջրամբարը ջրով չապահովեմ, ապա Շիրակի մարզի Ազատան, Արեւիկ, Այգաբաց, Բայանդուր, Բենիամին գյուղերը կմնան առանց ջրի: Էդ իմ կապրիզը չէ, որ Կառնուտի ջրամբարը պետք է լցվի»,- արդարացավ Ռուստամ Գրիգորյանը: Ապա հայտարարեց, որ այս պահին Կառնուտի ջրամբարը բավարար լցված է: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` եթե Կառնուտի ջրամբարը բավարար լցված է, ապա ինչու շլյուզները չի բացում, որպեսզի ջուրը գնա դեպի Ախուրյանի ջրամբար: «Մենք շլյուզների վրա նստած չենք:

Ախուրյան տանող շլյուզները փակված են, բնականաբար, ես պետք է փակեմ, որ իմ ջուրը գա, Շիրկանալի ներքեւի հողերին ես ջուր տամ: Ինչ է, ջուրը վերցնեմ, շլյուզները բացեմ, որ հոսի դեպի Ախուրյան: Ես չեմ կարող բացել այդ շլյուզները, էդ ջուրը ես գնում եմ «Ջրառ»-ից, մենք ջրի համար վճարում ենք: Բոլոր վաճառված ջրերը օրինական կարգով մուտքագրվել են մատյաններում, համակարգչում. գյուղացին վճարել է ջրի դիմաց, եւ բոլոր կտրոնները կան»,- ասաց նա: Ահա թե ով է որոշում շլյուզները բացել կամ փակել: Իսկ նրա այս ինքնուրույն որոշումների հետեւանքով Արմավիրի եւ Արարատի մարզերի հարյուրավոր գյուղացիներ են տուժում: Հուսանք` Ռուստամ Գրիգորյանի նման գործելաոճը նոր կառավարության կողմից չի անտեսվի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս