Հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր է դնում: Ավելի ուշ «Ծառուկյան» խմբակցությունից հայտարարեցին, թե գործընկերոջ քայլն ունի բացառապես անձնական պատճառ. պայմանավորված է առողջական պատճառներով: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս որոշումը համընկավ Բոստանջյանի` մեկ օր առաջ արած հայտարարությունների հետ, երբ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին` նշել էր, որ դա կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում:
Հատկանշական է, որ «Ծառուկյան» խմբակցությունն այս թեմայով որեւէ հայտարարություն չէր տարածել: Եվ պատգամավորի` հաջորդ օրը մանդատը վայր դնելու որոշումը լուրջ կասկածներ է հարուցում առ այն, որ նրա արտահայտած կարծիքը դուր չի եկել կուսակցությանը: Պետք է նշել, որ նախկինում խորհրդարանական մյուս խմբակցությունների պարագայում եւս նման դեպքեր եղել են:
Հիշում եք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երբ մայիսի 1-ին, չնայած խմբակցության որոշմանը, հրաժարվեց կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը: Ավելի ուշ Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ շարքերից: Այլակարծության, կուսակցության դիրքորոշմանը դեմ գնալու կապակցությամբ խնդիրներ են ունեցել նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները: Դարձյալ վարչապետի ընտրության ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը, նախապես խմբակցության հետ չհամաձայնեցնելով, կողմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Եւ մինչ ՀՀԿ-ն քննարկում էր նրանց հեռացնելու հարցը, իրենք հայտարարությամբ դուրս եկան ՀՀԿ խմբակցությունից: Հիմա էլ կարծես թե նույն բախտին արժանացավ Վարդան Բոստանջյանը, բայց «Ծառուկյան» խմբակցությունում բարձրաձայն չեն ընդունում, որ մանդատը պատգամավորը վայր է դնում տարբերվող կարծիք հայտնելու համար: Թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բոստանջյանի հետ:
-Պարո՛ն Բոստանջյան, Դուք վերջնականապես մանդատը վայր դրեցի՞ք, թե՞ հնարավոր է` հետ վերցնեք:
-Այո, իսկ ի՞նչ խնդիր կա:
-Ձեզ հորդորել են, որ հիվա՞նդ ձեւանաք, թե՞ իսկապես առողջական խնդիրներ կան:
-Ո՛չ, ես պետք է գնամ: Գերմանիա եմ գնալու օգոստոսի 5-ին:
–Բուժմա՞ն համար:
-Այո՛:
-Հետաքրքիր է, որ սա համընկավ այն փաստի հետ, որ Դուք մանդատը վայր դնելուց մեկ օր առաջ հարցազրույց էիք տվել Քոչարյանի կալանավորման վերաբերյալ եւ ասել, որ դա քաղաքական հետապնդում կարելի է համարել: Դուք այդ տեսակետը հայտնելուց համաձայնեցրե՞լ էիք կուսակցության ղեկավար կազմի հետ:
-Բացարձակապես: Ինչի՞ ես առաջին անգամ եմ հանդես եկել: Որեւէ մի անգամ այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել:
-Դուք Ձեր կարծիքն եք հայտնել` ելնելով ինչի՞ց:
-Ելնելով իրավիճակից, գործընթացից, ընթացքից, զարգացումներից:
-Կարծիք կա, որ Դուք պարբերաբար Հանրապետական կուսակցությանը հաճոյանալու փորձեր եք անում:
-Բոստանջյանն իր էությամբ այնպիսին է, որ ով որ այդ կարծիքը հայտնում է` այդ կարծիքը թող մտցնի իր քամակը: Բոստանջյանը 70 տարեկան մարդ է, ու ոչ մեկն իրավունք չի ունեցել այդպիսի բան ասելու: Եթե որոշները կարող են, թող գան, ինձ հաճոյանան: Ու ես իրենց կպատասխանեմ: Այդ կարծիքները զիբիլ են: Մեր երկիրը փչացնելու համար է, որ այսպիսի կարծիքները գեներացվում են: Դրանք ստահոդ, հիմքից զուրկ բաներ են: Այ, դա մենք իրավունք չունենք դարձնենք խոսակցության առարկա: Դրանով մենք փչացնում ենք բոլորին:
–Իսկ Քոչարյանին վերաբերող կարծիքը հայտնելուց հետո արդյո՞ք կուսակցության ներսում քննարկվել են Ձեր արտահայտած մտքերը:
-Ոչ: Ինչո՞ւ պիտի քննարկենք: Հո ամեն բառ արտաբերելուց հետո քննարկում չպետք է լինի: Դա որեւէ մի տեղ գրվա՞ծ է, լսվա՞ծ է նման բան: Ես որ ծանոթ չեմ այդպիսի բանի:
-Դուք շարունակո՞ւմ եք Քոչարյանի առնչությամբ նույն կարծիքին մնալ:
-Այո՛: Ես վատ կարծիք չեմ հայտնել, պարզապես գնահատական եմ տվել պրոցեսին: Եվ այդպես մի բարդ կարծիք չի, որ ասենք` գիտեք, շուտափույթ ձեւով ես փոշմանեցի:
-Այսինքն` այն, ինչ Քոչարյանի հետ կապված կատարվում է` ճիշտ չէ՞:
-Էլ արդեն հերիք է..:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ