«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշենի 22 տարվա գյուղապետ Արտաշես Մելիքյանը հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր կառավարությունը պատրաստվում է իր նիստում հաստատել գյուղապետի հրաժարականի դիմումը, սակայն պարզվում է` մինչ այդ նա զղջացել է ու որոշել է ետ վերցնի բողոքը: «Ես հրաժարականի դիմում ներկայացրել եմ, որովհետեւ առողջական խնդիրներ ունեմ եւ պետք է Բորժոմիում բուժման կուրսեր անցնեի: Արդեն երեք օր է, ինչ վերադարձել եմ, բուժումները դրական են ազդել առողջությանս վրա, բայց ափսոսում եմ հրաժարականի դիմում ներկայացնելու համար: Բայց դե թող երիտասարդները գան, աշխատեն, ես 60 տարեկան եմ, ամեն ինչ կարգին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց արդեն նախկին գյուղապետը: Մելիքյանը նաեւ ասաց, որ գյուղացիները հանդիպում են իր հետ եւ «նախատում», որ հրաժարականի դիմում է ներկայացրել, հորդորում նորից առաջադրել թեկնածությունը: Նշենք, որ Կարմրաշենում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում