«Նոր կառավարությունը մեծ եւ բարդ խնդիրներ ունի լուծելու: Այն աշխատելաոճն ու չափանիշները, որոնք սահմանվել են, եւ օրենքները, որոնք առաջ են քաշվել տարիների ընթացքում նախորդ կառավարությունների կողմից, պետք է փոփոխվեն, սակայն ոչ միանգամից, ոչ մեկ օրում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար Արտյոմ Հակոբյանը:
Նրա խոսքով` կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր արդեն ձեւավորում է նոր աշխատելաոճ, որը բավական թափանցիկ է եւ հետաքրքիր: Մեր զրուցակցի համոզմամբ` շատերը դեռ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում. «Բնական է, որ երեք ամսվա ընթացքում հանրությունը չէր կարող ամբողջովին գիտակցել այս նոր իրողությունը: Ոմանք դեռ այն կարծիքին են, որ ոչինչ չի փոխվել, եւ կառավարությունը ոչինչ չի անում, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ միայն կառավարությունը կամ միայն վարչապետը ոչինչ փոխել չեն կարող: Յուրաքանչյուրը պետք է իր պարտքը համարի ինքն իր մեջ փոփոխություններ գրանցելը: Այդպես կառավարության համար էլ հեշտ կլինի»,-ասաց ռեժիսորը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը` Արտյոմը խոստովանեց, որ դժվար էր նման զարգացում պատկերացնելը. «Սա իրավական հարթակի հարց է, եւ ես վերլուծություն անել չեմ կարող, բայց ասեմ, որ մարդիկ սպասում էին դրան, ակնկալում էին, որ, ի վերջո, արդարությունը պետք է վերականգնվի: Ուրախալի է, որ այսօր մենք այդ ուղով ենք գնում»,-նկատեց նա:
Դեռեւս 2016-ին Արտյոմը հայտարարել էր, որ մի րոպե անգամ չէր ուզում մնալ Հայաստանում: Այսօր արդեն նա մեկնաբանեց. «Եթե այն ժամանակ ես չմտափոխվեի եւ չպայքարեի Հայաստանի ապագայի համար, այսօր Հայաստանում չէի լինի: Բայց ես չգնացի, մնացի պայքարելու: Ինքս էլ պետք է աշխատանք տանեմ, որպեսզի իսկապես վրա հասնի այն պահը, երբ անկեղծորեն կկարողանամ ասել` Հայաստանն այն երկիրն է, որտեղ բոլորս կարող ենք ապրել եւ արարել, ու նույնիսկ բոլոր հայերը կարող են վերադառնալ Հայաստան»:
Հարցին, թե իր երեխաների ապագան տեսնում է արդյոք Հայաստանում, Արտյոմը պատասխանեց. «Նրանք սովորում են արտերկրում: Երբ Հայաստանում կտրվի բարձրակարգ կրթություն, նրանք անպայման կվերադառնան, կշարունակեն իրենց ուսումն ու կաշխատեն հայրենիքում»:
Աննա Բաբաջանյան