«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քաղաքականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է թե` Նիկոլ Փաշինյանի վարչապետության մոտ երեք ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելի քիչ է, քան տարեսկզբին էր: Ավելին` հունվար-մայիս ամիսներին նախկին կառավարությունը շարունակել էր պետական պարտք կուտակելու քաղաքականությունը` ավելացնելով երկրի ֆինանսական բեռը:
Իսկ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց նոր գումարներ պարտք վերցնելու քաղաքականությունից, հիմա նրանք նաեւ ստուգում են մինչեւ հիմա ծախսված գումարների արդյունավետությունը` միջոցներն ուղղելով պետական պարտքի սպասարկմանը: Նշենք, որ այսօրվա պարտքի մեծ մասը՝ 6 մլրդ 182 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 880 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: