Լուսանկարն արվել է Պարզ լճում
Երեւում է՝ ոմանք աղբյուրն օգտագործում են ոչ թե ջուր խմելու, այլ կոշիկները լվանալու համար: Ու հիմա Պարզ լճի աշխատակիցները ստիպված են քաղաքացիներին խնդրել, որ աղբյուրն օգտագործեն ըստ նշանակության:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալացումն ի՞նչ սկզբունքով է իրականացնում:
Լիաննա Մարգարյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամսական կտրվածքով բյուջեի սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիզացումն իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով, բացառությամբ հետեւյալ ծառայությունների`
– սոցիալական հատուկ կարեւորություն ունեցող հիվանդությունները,
– շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները,
– ծննդօգնություն,
– 0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,
– անհետաձգելի վիճակների բուժօգնություն:
(Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 291-Ն որոշման, Հավելված N 4, կետ 2.):
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական եւ դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ: Ի դեպ, հիվանդները, մինչեւ հերթագրմամբ բուժօգնություն ստանալու ժամկետը, անվճար բուժօգնություն կարող են ստանալ պետական պատվեր իրականացնող այլ հիվանդանոցային բուժհաստատություններում եւ տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում:
ՀԱՐՑ. Աշխատողը նույն գործատուի մոտ միաժամանակ կատարում է ե՛ւ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանք, ե՛ւ քաղաքացիաիրավական պայմանագրով հաստատված աշխատանք: Խդրում եմ ասեք` նման դեպքերում ինչպե՞ս է հաշվարկվում սոցիալական ապահովության վճարը եւ եկամտահարկը:
Ռուբինա Սիմոնյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 23.2-րդ կետի դրույթներով` տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի եւ այլ եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարվող եկամուտների) յուրաքանչյուր վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի եւ եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից եւ անձնական նվազեցման չափից, ինչպես նաեւ Պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման հրահանգի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության գործատուներն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար Oրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առանձին վճարողների եւ գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ: