Սամվել Բալասանյանի խոստումները` Գյումրին շինհրապարակի վերածելու մասին, կարծես հօդս ցնդեցին: Մի շարք փողոցներում շինարարությունը մեկնարկեց, բայց տեղաշարժ չկա: Բնակիչները բողոքում են: Առավել բորբոքված են ծայրամասային թաղամասերի բնակիչները, քանի որ այդ փողոցները ծրագրերում ընդհանրապես ընդգրկված չեն: Մոռացված Բուլվարային թաղմասի բնակիչներն այլեւս սպասել չեն ուզում, պատրաստակամ են բողոքի ձայնը տեղ հացնել ցույցերի միջոցով:
Ծայրամասային թաղամասերում ճանապարհները շատ վաղուցվանից չեն նորոգվել, մասնակի փոսալցումներ բնակիչներն են անում. «Ընտրությունից ընտրություն են գալիս: «Բագավաճը» խոստումը տալիս գնում է, «Հանրապետականն» է գալիս, ու մինչ հաջորդ ընտրություն պաշտոնյաների դեմքերը այլեւս չենք տեսնում»,- ասում էր Անի թաղամասի բնակիչներից մեկը, մյուսն էլ ավելացնում է. «Շատ ենք ուզում Սամվել Բալասանյանը մի օր իր մեքենայով գա ու տեսնի` այստեղ ինչ վիճակ է, մեզ շատ հետաքրքիր է` մեր քաղաքապետը տեղյա՞կ է, որ Գյումրիում կա Բուլվարային թաղամաս: Ո՛չ մեռածի կատաֆալկեն կմտնի, ո՛չ հարսնիքի լիմուզինը, ու սա քաղաք է կոչվում»:
Նույն իրավիճակն է ծայրամասային մյուս թաղամասերում: Երկրոդական փողոցները գնալով անանցանելի են դառնում: Էլ չենք ասում այն մասին, որ ուշ ժամերին լուսավորության խնդիր կա:
Բարվոք չէ նաեւ Գյումրու կենտրոնական փողոցների վիճակը: Շինարարությունը մեկնարկել է, բայց առաջ չի գնում: Այս տարի Գյումրիում ճանապարհաշինությունը իրականացվում է 4 ուղղությամբ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, Համաշխարհային բանկ, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամ, Գյումրի համայնքի միջոցներ:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 23,8 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային-վարկային ծրագրով նորոգվում է Կոմիտաս փողոցը: Այդ ծրագրով կառուցվելու են Վ. Սարգսյան, Գերցեն, Նժդեհ, Կոմիտաս, Սայաթ-Նովա փողոցները, Անի թաղամասը Մուշ թաղամասին կապող փողոցը, Ջիվանու փողոցը` Շիրազի փողոցից մինչեւ Ռուսթավելի փողոց, Ղորղանյան փողոցը` Շիրազի փողոցից մինչեւ Ռուսթավելի փողոց, Վարպետաց փողոցը` Շիրազից Ռուսաթավելի փողոց, Աբովյան փողոցը` Շիրազից Ռուսթավելի, Տիգրան Մեծ պողոտան, Երեւանյան խճուղին, Շ. Ազնավուրի, Նժդեհի, Հայուհու հրապարակները:
Համայնքի բյուջեով վերականգնվող փողոցներն են Հակոբյան փողոցը` Ռուսթավելի փողոցից Շիրազի փողոց, Ղուկասյան փողոցը` Ռուսաթավելի փողոցից Գորկու փողոց, Մադոյան փողոցը` էլցանցից Գորկու փողոց, Գործարանային նրբանցքը, Նեկրասով փողոցը, Մուշ թաղամասի հրապարակը, Սեւյանի առաջին նրբանցքը:
Համաշխարհային բանկի միջոցներով վերանորոգվելու են Շիրազի փողոցը, ընդհանուր նախնական ծախսը 344,6 մլն դրամ է` ներառյալ ԱԱՀ-ը. այս գումարը ներառում է շինարարական աշխատանքները, լուսավորությունը, ճանապարհային նշանները, նաեւ այլ ծախսեր` տեխնիկական հսկողությունը, հեղինակային հսկողությունը, նախագծանախահաշվային աշխատանքները, փորձաքննությունը, շինարարական թույլտվությունը: Նորոգվելու էր նաեւ Ղորղանյան, Ջիվանու, Վարպետաց, Գայի փողոցը, Աբովյան փողոցը, Վարդանանց հրապարակը, Ջիվանու հրապարակը:
Այս ամենն իրականացվում է Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի շրջանակում, նույն այս ծրագրի արդյունքում նոր շունչ ստացավ Ռուսթավելի փողոցը:
Աշխատանքների ընթացքից բնակիչները դժգոհում են: Գումարները գալիս են, բայց թե ուր են գնում, հայտնի չէ: Վերջին օրերին ահազանգ եղավ, որ Գյումրու Հակոբ Հակոբյան փողոցի նորոգման աշխատանքներն օգտագործված շինանյութով են իրականացվում: Գյումրու համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեցին, որ նշված փողոցը նորոգվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին, մայթերի նորոգում նախատեսված չէ. գումար չկա, ուստի այլ փողոցներից հանված եւ օգտագործման համար պիտանի բազալտից եզրաքարերով են փորձում խնդիրը լուծել: Համայնքի բյուջեից շուրջ 170 միլիոն դրամի հիմնանորոգում է արվում Գյումրիում, ընթացիկ նորոգումները 120-125 միլիոն դրամ կկազմեն:
Թե ինչու են աշխատանքները դանդաղում, պատասխանատուները չեն պարզաբանում: Ֆինանսական հաշվետվություն ստանալ էլ դեռեւս չի հաջողվում: Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում արդեն խնդիրներ են ի հայտ եկել: Կոմունիկացիաներն անցկացվել են այն նախագծի շեղմամբ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցություն էր հրավիրել հասկանալու, թե ինչպես են լուծելու ծագած խնդիրները: Բալասանյանն ինքն էլ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ թերություններ կան:
Խնդիրներ կան նաեւ այլ ենթակառույցների հետ: Լույս, ջուր, գազ, կապ աշխատանքներն ի սկզբանե ծրագրված էր այնպես իրականանցել, որ հետագայում քանդելու խնդիրներ չառաջանային: Սակայն հիմա էլ պարզ է՝ թերություններն անխուսափելի են:
Գյումրու պատմական միջուկի փողոցների շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 7-ը. նման խոստում հնչել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, քանի որ նա Ռուսթավելի փողոցում հյուրանոցառեստորանային համալիր էր ձեռք բերել: Սակայն մինչ հիմա շինարարները սպասում են կոմունիկացիոն աշխատանքների ավարտին:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Երեւանի որոշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները ապրիլ ամսից սկսած շարունակում են բարձրանալ: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում հունիսին, նախորդ ամսվա համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 15 հազար դրամով:
Համաձայնեք՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում բնակարանի այսչափ թանկացումը հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց, զգալի է: Բայց մյուս կողմից սա վկայում է տնտեսական իրավիճակի կայունացման մասին, քանի որ անշարժ գույքի գներն արտացոլում են իրականությունը:
Քաղաքի ամենաբանուկ թաղամասում մեկ ամսում եւս բնակարանները թանկացել են: Խոսքը Արաբկիր վարչական շրջանի մասին է, որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարանի մեկ քմ գինը բարձրացել է 5450 դրամով: Քանաքեռ-Զեյթունում թանկացումը կազմել է 2100 դրամ, Ավանում` 600 դրամ, Շենգավիթում` 1600 դրամ, Դավթաշենում` 4800-ով, Մալաթիա-Սեբաստիայում` 1800 դրամով: Մասնագետների կարծիքով առաջիկա ամիսներին գների բարձրացումը կշարունակվի:
Փոխարենը մի քանի վարչական շրջաններում դրանց գները թեկուզ չնչին, բայց նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Նոր-Նորքում 1900 դրամով բնակարանի մեկ քմ էժանացել է, Աջափնյակում` 400 դրամով, Նուբարաշենում` 2000 դրամով, Էրեբունիում` 450-ով:
Բացի այս, նկատենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները Հայաստանի Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք մարզերում, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում նվազել են: Ըստ մասնագետների` Երեւանում վարձակալությամբ տների պահանջարկը եւս աճել է: Հատկապես ամռան այս ամիսներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու արտերկրում ապրող մեր հայրենակիցները նախընտրում են օրավարձով տներ, մասնավորապես կենտրոնում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԵՏ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը գրեթե 2 ամիս թափուր էր: Օգոստոսի 6-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել մինչեւ մրցույթով թափուր պաշտոնը զբաղեցնելը Մանե Ղազումյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր: Այդ որոշմամբ Մ. Ղազումյանի դրույքաչափը սահմանվել է 310 հազար 858 դրամ: Տեղեկացնենք, որ Մ. Ղազումյանը Իջեւանի թիվ 1 դպրոցի տնօրենի տեղակալն էր:
ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՀԱՍՏԻՔ
Իջեւան համայնքի ավագանին 2018թ. օգոստոսի 7-ի նիստում որոշում է ընդունել «Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկում ավելացնել անասնաբույժի հաստիք: Համայնքապետարանին առաջարկվել էր հաստատել ծառայությունների գնացուցակ վճարովի անասնաբուժական ծառայություններ մատուցելու համար: Սակայն համայնքի ավագանին նպատակահարմար է գտել, որ անասնաբույժը ծառայությունները մատուցի անվճար հիմունքներով, որպես հաստիքային աշխատող:
Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկում անասնաբույժի հաստիքի ավելացումը իջեւանցիների տարակուսանքն է առաջացրել: Իջեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հաստիքը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի 2018թ. ապրիլի 12-ի հանձնարարականի հիման վրա, որ համայնքը պարտավոր է ապահովել անասնաբուժական գործունեության կազմակերպում համայնքը սպասարկող, հաստիքով աշխատող անասնաբույժի միջոցով: Իջեւան քաղաքային համայնքում առկա է 1221 խոշոր եղջերավոր անասուն, 778 խոզ, 160 ոչխար, այլ գյուղատնտեսական կենդանիներ ու թռչուններ: «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով համայնքը սպասարկող անասնաբույժն իր կողմից սպասարկվող համայնքի տարածքում պարտավոր է կատարել անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշման նպատակով արյունառում, այլ անասնաբուժական միջոցառումներ: Ավագանու որոշմամբ` Իջեւան համայնքի անասնաբույժ Խաժակ Բաղդասարյանի աշխատավարձը սահմանվել է կես դրույք, նրա աշխատավարձի չափը սահմանվել է 36 հազար 371 դրամ: Նման ցածր աշխատավարձով անասնաբույժը բարեխիղճ կկատարի՞ իր պարտականությունները: Մեր հարցին ի պատասխան` Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը պատասխանեց, որ Խաժակ Բաղդասարյանը ներկայումս էլ անասնաբուժական ծառայությունում է աշխատում, դրա համար պետության կողմից վարձատրվում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ