Հայաստանում պետական հեղաշրջում է եղել, ոչ թե հեղափոխություն. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոր իշխանության ձեւավորումից հետո հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների եւ այլ հարցերի շուրջ ,Ժողովուրդե օրաթերթը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, ռուսական կողմից քննադատական խոսքեր հնչեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ սա միջամտություն էր ՀՀ ներքին գործերին:

-Ռուսաստանը որեւէ գործիք չունի` հայաստանյան գործերին միջամտելու համար:

-Իսկ այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ, ի պաշտպանություն Քոչարյանի, տեսակետ հայտնեց, արդյո՞ք սա չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

-Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեզ գործողությունները մեկնաբանեն Ռուսաստանում` դուրս եկեք ռազմական միությունից: Եվ այդ ժամանակ Հայաստանի վերաբերյալ ոչ ոք մեկնաբանություն չի անի: Քանի դեռ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական դաշնակիցը, Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում:

-Հեղափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված նոր իշխանության պայմաններում հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Դեռեւս ոչինչ չի փոխվել:

-Արդեն երկու անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության այլ ներկայացուցիչներ էլ պաշտոնական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանում: Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ օգոստոսի 17-ի հանրահավաքին էլ խոսեց վարչապետը` դրական գնահատելով դրանք: Ի՞նչ եք մտածում այդ հայտարարության մասին:

-Նիկոլ Փաշինյանը պարզապես հաստատեց ռազմական դաշինքի հարաբերությունները: Նա դեռեւս ո՛չ լավացրել, ո՛չ էլ վատացրել է այդ հարաբերությունները:

-Արդեն 100 օր է անցել, ինչ Հայաստանում աշխատում է նոր կառավարությունը: Դուք հետեւե՞լ եք այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ համատեքստում եւ ի՞նչ կարծիք ունեք:

-Կարող եմ ասել, որ այդ 100 օրերի ընթացքում, որ անցան պետական հեղաշրջումից հետո, հեղափոխություն այդպես էլ տեղի չի ունեցել:

-Ինչո՞ւ:

-…Որովհետեւ իշխանություն վերցնելը դա հեղաշրջում է, իսկ հեղափոխությունը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգի հիմքերի փոփոխությունն է: Համակարգը Հայաստանում չի փոփոխվել, ուրեմն հեղափոխություն դեռեւս չկա:

-Այսինքն` կարծում եք` այժմ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի համակարգի փոփոխությո՞ւնը:

-Ես կարծում եմ, որ եթե Փաշինյանն այդ ամենն անվանում է հեղափոխություն, նա պետք է փոխի համակարգը: Թեեւ հենց ինքն է ասում, որ հեղափոխությունը շարունակվում է: Այնպես որ սպասենք:

Արցախի մասին խոսելիս` վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանը` որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ի՞նչ եք մտածում այս դիրքորոշման շուրջ:

-Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը կոպիտ մեղադրանք է` Ռուսաստանի հասցեին: Այդ հայտարարությամբ Փաշինյանն ակնարկում է, որ 2016 թվականի ապրիլին հենց Ռուսաստանն է կազմակերպել Ադրբեջանի հարձակումը:

-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում` այս շրջանում Ռուսաստանը կարող է որեւէ ազդեցություն ունենալ, որպեսզի Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չլինեն:

-Չի կարող:

-Չնայած նրան, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ լավ հարաբերություննե՞ր ունի:

-Որոնք են լավ հարաբերությունները. մանիպուլյատորի եւ մարիոնետի հարաբերությունները: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ նույնպես: Բայց Հայաստանը հո մարիոնետ չէ, ճի՞շտ է:

Իսկ ո՞ր երկիրն է մարիոնետ ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

-Հարցն էլ հենց դրանում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի մարիոնետը չի հանդիսանում: Եվ Հայաստանը չի հանդիսանում Ռուսաստանի մարիոնետը: Եվ եթե ասվում է, որ Ռուսաստանը կարող է ազդել նրա վրա, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի Ղարաբաղի վրա, դրանով ամբողջական պատասխանատվություն է դրվում Ռուսաստանի վրա: Բայց Ռուսաստանը չի կարող ազդել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս