Հարց քաղաքացիներից` եթե անձն ունի 22 տարվա աշխատանքային ստաժ, ապա կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1980 թվականին ընդունվել եմ Մերգելյան ինստիտուտ աշխատելու համար, իսկ 1995թ. ընդունվել եմ դպրոցում աշխատանքի: Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք` ես իրավունք ունե՞մ ստանալու մանկավարաժական թոշակ: Չեմ ցանկանում դիմել տարածքային սոցիալական բաժին, ուստի խնդրում եմ հստակ պատասխանել` կարո՞ղ եմ, թե՞ ոչ:

Սուսաննա Արզումանյան (ք. Երեւան, Դավիթաշեն 2-րդ թաղամաս)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Ըստ ներկայացված տեղեկատվության` Սուսաննա Արզումանյանը աշխատել է (Մերգելյան ինստիտուտում), իսկ 1995թ. աշխատում է դպրոցում: Վերը նշված ցանկում (Մերգելյան ինստիտուտ) կազմակերպությունը նշված չէ, հետեւաբար այդ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չի կարող:
Քանի որ Ս. Արզումանյանը դպրոցում աշխատել է 1995 թվականից, ապա մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նա չունի մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 12 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, հետեւաբար մասնակի կենսաթոշակի իրավունք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազում դիմումներ ու նամակներ է ստանում կապված մանկավարժական թոշակի հետ: Ու ցավալի է, որ ամեն մեկն ինչ-ինչ պաճառներով հնարավորություն չի ունենում ձեռք բերել մանկավարժական թոշակի հնարավորություն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս