Արմավիրի զինկոմին փորձել են գումար տալ, սակայն փողը այդպես էլ տեղ չի հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը բացահայտել է, որ Վարսենիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը իր ազգական Սպարտակ Հարությունյանի դրդմամբ վերջինիս տվել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 1 մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար` այդ կերպ փորձելով նրա միջնորդությամբ այն տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին` իր օգտին գործողություններ կատարելու, այն է` որդու` Սարգիս Ռուբենյանի ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ սահմաններում կազմակերպելու համար: Տպավորությունն այնպիսին էր, որ գործը գլուխ կգար, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սպարտակ Հարությունյանը խաբեությամբ հափշտակել է ստացած գումարը:

Եվ ահա նախաքննությունը իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ե՛ւ կաշառք տվողին, ե՛ւ կաշառքը տեղ չհասցնողին: Տեղեկացանք, որ Սպարտակ Հարությունյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա խոշոր չափերի` 1մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000ԱՄՆ դոլար գումար խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բնակվող իր ազգական Վարսենիկ Խաչատրյանին դրդել է իր միջոցով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին Վ.Խաչատրյանի որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով և ստանալով այդ գումարը` հափշտակել է այն:

Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Հետաքրքիր էր` ինչ կլիներ, եթե Սպարտակ Հարությունյանը տեղ հասցներ գումարը, արդյոք Արմավիրի զինկոմը այն կվերցներ, թե ձեռնպահ կմնար վերոնշյալ անձանց հետ գործարքի գնալուց:




Լրահոս