ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի ակնարկը Պուտինին. սառույցը հալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին երկար սպասված հանդիպումը: Հատկապես վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների սրացման շուրջ խոսակցությունների համատեքստում այս հանդիպումը մեծ  կարևորություն էր ներկայացնում:

Եվ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, կարծես թե, վերացնում է հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների շուրջ կասկածները: Հակառակ շատ պնդումների, թե Վլադիմիր Պուտինը բարկացած է Նիկոլ Փաշինյանի վրա, այսօրվա հանդիպման ժամանակ նրա խոսքը դրական տպավորություն թողեց:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով. սա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, տնտեսական համագործակցությանը», – ասել է Պուտինը:

Պուտինը նաև շեշտել է, որ անցյալ տարի առեւտրաշրջանառության աճը կազմել է գրեթե 30 տոկոս` հույս հայտնելով, որ այս տարվա վերջին այդ ցուցանիշը կավելանա:

Եվ չնայած Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ևս նշել է, թե երկու երկրների հարաբերություններում չպետք է լարվածություն փնտրել, այդուհանդերձ հետաքրքիր ակնարկներ է արել: «Կարող եմ վստահությամբ ասել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր, եւ մենք, իհարկե, այսօր հարցերի շատ լայն շրջանակ ունենք: Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն, եւ մենք կհենվենք մեր դաշնակցային հարաբերություններում շահերի հարգանքի, մեր երկրների շահերի հանդեպ հարգանքի, մեր երկրների ինքնիշխանության հանդեպ հարգանքի եւ մեկս մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- ասել է նա:

Այս ակնարկը հատկապես հետաքրքիր է` Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների համատեքստում, որոնք Հայաստանում ընդունվում էին որպես մեր երկրի ներքին գործերին խառնվելու փորձ: Եվ ահա, Փաշինյանը գրեթե բաց տեքստով ասում է, որ հայ-ռուսական հարաբերություններում երկրները չպետք է մեկը մյուսի ներքին հարցերին միջամտեն:




Լրահոս