Նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային
բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ
Հակոբյանը հանդիպում է ունեցել «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ
Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի և
հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ:

Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի և հացահատիկային այլ
կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման արգելքն
էր:

Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է
լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում և
էկոլոգիական: Սեպտեմբերի 15-ից արգելքն ուժի մեջ է մտնելու:

Որպես արձագանք այս իրավիճակին՝ վրացական կողմի հետ բանակցությունների
արդյունքում սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ – Հայաստան
հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների
սակագները նախկինում գործող սակագների համեմատ նվազել են 52%-ով: Ընդ
որում՝ այս զեղչը գործում է 150 հազար տոննա երաշխավորված ծավալով բեռների
փոխադրման դեպքում: Փոխադրողները, սակայն, պնդում են, որ չնայած զեղչին՝
բեռի փոխադրման արժեքը միևնույն է կբարձրանա, ինչն էլ թանկացումների կբերի:

Փոխադրողների անունից Աշոտ Հակոբյանն առաջարկեց գոնե 1-1.5 ամսով հետաձգել
արգելքի կիրառումը, որպեսզի տնտեսվարողները հասցնեն ավարտել իրենց ընթացիկ
պայմանագրերը և պատրաստվեն փոխադրման նոր կանոններով աշխատանքին:

Նախարարը նաև խնդրեց պարզաբանել՝ արդյոք արգելքի տակ մտնում են սերմացու
բեռները ևս: Նրա խոսքով՝ այս հարցը անհրաժեշտ է դիտարկել առանձին, որովհետև
տարեկան Վրաստանով Հայաստան է բերվում ընդամենը 500 տոննա սերմացու:

Կողմերը քննարկեցին արգելքի հետ կապված այլ ռիսկեր, «Վրացական երկաթուղու»
տնօրենը խոստացավ բարձրացված հարցերը ներկայացնել Վրաստանի վարչապետին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս