Երեկ մեկնարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Եվ այնպես է ստացվել, որ խորհրդարանում գտնվող չորս ուժերից երեք թեկնածու ունեն եւ մասնակցում են արտահերթ ընտրություններին: Եվ դա է պատճառը, որ երեկ մեկնարկած Ազգային ժողովի քառօրյայի նիստերի կեսից ոչ բոլոր ուժերի ներկայացուցիչներն էին ներկա:
Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առավոտյան եկել էին, գրանցվել նիստի համար, սակայն արդեն քարոզարշավի նախատեսված ժամին նրանք գտնվում էին Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցում էին իրենց ուժի քարոզարշավին: Մասնավորապես, Նուբարաշեն վարչական շրջանում էին գտնվում պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Արթուր Մանուկյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Իվետա Տոնոյանը, Դավիթ Մանուկյանը եւ այլք: Ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն ու ՀՅԴ-ականները եւս երեկ գրանցվել էին խորհրդարանի աշխատանքների սկզբում:
ԲՀԿ-ն երեկ իր քարոզարշավը սկսեց Նուբարաշեն վարչական շրջանից, մասնավորապես այն եկեղեցու մոտից, որը հենց Գագիկ Ծառուկյանի միջոցով է կառուցված: Երեկ ականատես եղանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծես թե հենց Նուբարաշենում էր կենտրոնացրել իր ողջ ռեսուրսը, այնտեղ էին ոչ միայն համամասնական ցուցակի առաջին համարները կամ հենց Նուբարաշենի թեկնածուները, այլ նաեւ մյուս համայնքների թեկնածուները: Այսինքն, երեկ Նուբարաշենում կարող էիք հանդիպել ոչ միայն Նուբարաշենի, այլ նաեւ Նոր Նորքի, Ավանի կամ այլ համայնքների ներկայացուցիչների:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ «Ծառուկյան» Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից փորձեց պարզել` ինչով էր պայմանավորված երեկվա այդպիսի ակտիվությունն ու այլ համայնքներից այդպիսի ներգրավվածությունը: Ի պատասխան` Իվետա Տոնոյանը նշեց. «Համամասնական ցուցակի բոլոր ներկայացուցիչներն էլ մասնակցում էին, քանի որ քարոզարշավի մեկնարկն էր եւ խորհրդատվական բնույթ էր կրում»: Հիշեցնենք, որ ԲՀԿ ավագանու ցուցակը բաղկացած է 195 հոգուց, այսինքն` երեկ ներկաներից միայն 195-ը հենց ավագանու թեկնածուներն են եղել:
Նաիրա Հովհաննիսյան