ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ԱՆՊԱՏԿԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն օգոստոսի 22-ի իր համարում գրել էր, որ Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ծավալվող բողոքի ակցիաների թիկունքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն է կանգնած, որն ինչ-ինչ առնչություն ունի նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Հիշեցնենք, որ Կոմբինատը պայքարում է Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ: Եւ հիմա այդ գործին ոչ միայն Արա Սաղաթելյանն է լծվել, այլեւ հարազատները: Նպատակն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության առաջ խնդիրներ ստեղծելն է:

Պատահական չէ, որ Սաղաթելյանի եղբայրը` երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, ակտիվորեն մասնակցել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումներին եւ մշտապես ակտիվ է եղել այս թեմայի շրջանակներում: Այս առիթով փորձեցինք պարզաբանում ստանալ Արա Սաղաթելյանից: «Անհեթեթ, հիմար տեղեկություն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Սաղաթելյանը` վստահեցնելով, որ նման բան չկա: Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի ծրագրի այլընտրանքային հանրային փորձաքննության վերաբերյալ թեմաները ներկայացնողներից մեկը հենց Արմեն Սաղաթելյանն է եղել:
Իհարկե, այն զգայուն թեմա էր, եւ թեեւ նյութում առկա էր Արա Սաղաթելյանի պարզաբանումը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ-ից հավելյալ պարզաբանում է ստացել, որում ասվում է. «Պաշտոնապես հայտնում ենք, որ հոդվածում Արա Սաղաթելյանին վերագրվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Անտեղի շահարկումներից խուսափելու համար նշենք, որ Արա Սաղաթելյանի եղբայրը` միջազգային մեծ ճանաչում ունեցող երկրաբան, գիտնական Արմեն Սաղաթելյանը, դեռեւս 2012 թվականից ներգրավված է եղել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հնարավոր ռիսկերի ուսումնասիրության գործընթացում»։
Օպերատիվ կերպով արձագանքեց նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Տպավորությունն այնպիսին էր, որ նույն զույգն է գործում: Իսկ ինչ է ուզում կոմբինատը: Մեզ ուղարկված պատասխանում նշված է. «Հերքում. «Ժողովուրդ» օրաթերթի` օգոստոսի 22-ի թիվ 145 համարում հրապարակված «Չի՞ ուղղորդել» վերնագրով հոդվածը պարունակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վերաբերյալ: Կոմբինատը որեւէ կերպ չի խոչընդոտում «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությանը եւ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացմանը»:
Մենք հրապարակեցինք հերքումը, թեեւ բոլոր իրավունքներն ունեինք այդպես չվարվելու, մանավանդ որ լուրի մեջ առկա էր Արա Սաղաթելյանի պարզաբանումը: Սակայն մենք դրսեւորեցինք բարի կամք եւ հրապարակեցինք այն: Բայց ամեն դեպքում փաստերն ավելի խոսուն են, քան թղթի վրա մրոտած մտքերը:
Փաստ 1. Արա Սաղաթելյանի եղբոր պայքարի ապացույցներն անհերքելի են. օրինակ մայիսի 29-ին «Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը» անվամբ բաց նամակ է ուղարկված եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ բաց նամակի տակ ստորագրողներից մեկն էլ հենց եղել է Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Ի դեպ, Արա Սաղաթելյանը մեզ ուղարկած պարզաբանման մեջ եւս հաստատում է եղբոր մասնակցության փաստը
Փաստ 2. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոմերցիոն տնօրենը եղել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Նա ու Արա Սաղաթելյանը մտերիմ ընկերներ են, եւ այն հին պատմություն ունի: Մասնավորապես 2010-ից մինչ 2014 թվականը Հակոբյանն աշխատել է խորհրդական ՀՀ նախագահի աշխատակազմում։ Խոսքը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) մասին է, որի տնօրենն էր Արա Սաղաթելյանը:
Փաստ 3. Մարզպետ եղած ժամանակ Վահե Հակոբյանն ուղղաթիռից էր օգտվում հենց Կոմբինատի հաշվին: Նախկին մարզպետն այն ժամանակ հայտարարել էր, որ նա պարզապես բարիդրացիական հարաբերությունների մեջ է կոմբինատի ղեկավարության հետ եւ հարմարեցնելով իր գրաֆիկը թռիչքի գրաֆիկի հետ` կարողանում է օգտվել ուղղաթիռից:
Փաստ 4. «Լիդիան Արմենիա» ընկերությունը հուլիսի 27-ին տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երեւում էր, թե ինչպես է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներին եւ ճանապարհ փակողներին սնունդ մատակարարում։
Այս թվարկած փաստերից հետո կարող ենք արձանագրել մեկ բան՝ հերքում տարածելը դարձել է ավանդույթ. պալատականին վայել անպատկառությամբ նրանք շարունակում են հերքել անհերքելին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐԸ ՖԵՐՄԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ ԽԱՂՈՂԻ ԱՅԳՈՒ Է ՎԵՐԱԾԵԼ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ զարմացած հայտարարեց՝ Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն կա, այլեւ ստվերային գյուղատնտեսություն: Այսինքն` ՀՀ մի շարք մարզերում եղել են բանջարաբոստանային տարածքներ կամ արոտավայրեր, որոնց հետո վերածել են այգիների, բայց համապատասխան փաստաթղթային փոփոխություններ չեն արել:

«Պարզվում է` կան այգիներ, որոնք ընդհանրապես գրանցված չեն, որպեսզի դրա հետ կապված տուրքեր չառաջանան: Երբ վերցնում ենք ինչ-որ տարածքներ, նայում ենք, որ էսքան այգի կա, էսքան ջուր է անհրաժեշտ: Բայց գալիս է պահանջարկը` էդքան գումարած X քանակ: Ասում ենք` բացատրեք, թե ինչի է այդ տարածքի համար այդքան գումար պետք, չկա բացատրություն: Ասում են` վայ, եթե ջուրը չլինի, աղետ կլինի: Հետո` խորհրդակցություններից հետո գալիս, ասում են` գիտեք, էնտեղ այգիներ կան, գրանցված չեն»,- ասաց Փաշինյանը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ եւ հետաքրքրվեց` արդյոք նման դեպք արձանագրվել է իր ղեկավարած մարզում: «Մեր մարզում անօրինական գործունեության եթե փաստեր ի հայտ գան, մենք այդ մասին կիրազեկենք իրավապահ մարմիններին: Առնվազն այս պահի դրությամբ կա հողերի կատեգորիայի ընդհանուր հաշվառման տարբերություն. պարզապես գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք հաշվառված են որպես գյուղատնտեսական կամ արոտավայրերի կատեգորիայի հողեր, բայց իրականում այդտեղ արդեն այգիներ են տնկված եւ մասնավոր անձինք այգեգործական գործունեություն են անում: Սա ավելի շատ սխալ վարչարարության, հողային քաղաքականության ոչ հետեւողականության արդյունք է: Այսինքն` չեմ կարծում, որ տնտեսվարողների կողմից կանխամտածված թաքցնելու կամ թաքուն գործունեություն ծավալելու դրվագ լինի մեր մարզում»,- պարզաբանեց Կոտայքի մարզպետը:
Իսկ ահա Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս խնդրով մարզպետարանը Եղեգնուտ գյուղում է իրականացրել վարույթ: «Մասնավորապես համայնքի արտադրական տարածքներից մեկում, այսինքն` նախկին ֆերմայի տարածքում, հիմնվել է խաղողի այգի մոտ 1000 քմ տարածքով համայնքապետի եղբոր կողմից: Բացի այս, նույն անձի կողմից համայնքի վարչական տարածքում գտնվում է 1.2 հա տարածք, որը ձեւակերպված է այլ նշանակության, բայց մեկ այլ տարածք է հանդիսանում: Փաստաթղթով հաստատված նշանակությունները չեն համապատասխանում, բայց օգտագործվում են այլ նշանակությամբ»,- նկատեց Արմավիրի մարզպետը: Ի դեպ, մարզպետարանը արձանագրած խախտումներն ուղարկել է պետական վերահսկողական ծառայություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՊԻՏՈՒԼԻՆ» ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐԵՑԻՆ
Մի քանի օր է, ինչ փոխվել է Բագրատաշենի մաքսակետի պետը: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Բագրատաշենի մաքսակետի նոր պետը Իջեւան քաղաքի բնակիչ Արտյոմ Էդիկի Հարությունյանն է, ով այդ մաքսակետում աշխատանքի փորձ ունի եւ ընդհանուր առմամբ որպես դրական անձնավորություն է ընդունվում: Ա. Հարությունյանն այդ պաշտոնում փոխարինեց «Պիտուլ» մականունով Արթուր Գասպարյանին, ով 2017թ. հուլիսի 31-ին, լինելով Բագրատաշենի մաքսակետի զննման բաժնի պետը, սկանդալային պատմության մեջ էր հայտնվել. նա սեռական հայհոյանքներ է տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյան քաղաքի բնակչին: Արթուր Գասպարյանը հայտնի էր քաղաքացիների նկատմամբ իր կոպիտ վերաբերմունքով:

 

 

ՀՀԿ-ՈՒՄ ԽԱՌՆ ԵՆ
Տավուշի մարզի համայնքների ղեկավարների մի մասը, ովքեր ՀՀԿ անդամ են, դիմումներ են գրել կուսակցությունից հեռանալու մասին: Նման դիմում տվել է նաեւ խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ով այդ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարն էր: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի որոշ համայնքապետեր համացանցում տեղադրված իրենց ինքնակենսագրականներից հեռացրել են իրենց կուսակցական պատկանելության մասին գրառումը: Համայնքապետերը դրանով իրենց ապահովագրել են, որպեսզի քաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում իրենք կարողանան արդարանալ: Տավուշի մարզի համայնքների ՀՀԿ-ական ղեկավարներից մի քանիսից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ով է այժմ ղեկավարում ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպությունը: Շատերը չգիտեին, ոմանք էլ ասացին, որ այդ կառույցը շարունակում է ղեկավարել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, ով հունիսի 1-ին տեղի ունեցած իր պաշտոնանկությունից հետո վերջին ժամանակաշրջանում հանրությանը չի երեւում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԴԵՊԻ ՍԱՀՄԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զինված ուժերին միանալ պատրաստվող ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: «Ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության Հայաստանի պետական սահման, միանում են զինված ուժերին` պաշտպանելու Հայաստանի պետական սահմանները: Եվ այսօր մենք եկել ենք իրականացնելու մեր ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Ահա նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- ասել է վարչապետը:Ոստիկանության զորքերին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:




Լրահոս