«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում` այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ եւս: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանը մեկնաբանեց.
«Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկեք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն եւ դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»:
Նշենք, որ ըստ հայցադիմումի` Գյուլումյանին պետք է տրվեր հավելավճար աշխատավարձի՝ 640 հազար դրամի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար դրամ, «ՀՀ դատական օրենսգրքի»ուժի մեջ մտնելու պահից` այս տարվա ապրիլի 9-ից»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: