Հայաստանի և Եվրամիության միջև կապերն իսկապես ամուր են և պատշաճ հեռանկարներ ունեն:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային տարվա շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկած «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումին այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ ֆորումը խորհրդանշանական նշանակություն ունի: «Մենք հայկական մշակույթը համարում ենք մեր ինքնության մի մասը: Հայաստանը արվեստագետների, մշակույթը սպառողների երկիր է: Շատ հուզիչ է, որ Երևանում ֆիլհարմոնիկ դահլիճները լի են մարդկանցով»,-ասաց նա:
Հայաստանում ԵՄ դեսպանը, խոսելով Կոմիտասի մասին, նշեց, որ նա հայկական մշակույթի ինքնության թանկարժեք քարերից մեկն է: Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերեց՝ փայփայելու, պահպանելու համար իր ժողովրդականը:
«Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 15-ը:
Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների՝ հայ մասնագետների հետ ընդհանուր հարթակում քննարկելու երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, փորձի փոխանակում կազմակերպելու դասախոսությունների միջոցով: