Երևանի ավագանու ընտրություններում քիչ առաջ քվեարկեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, թե մինչ այս արդեն մի քանի ընտրատեղամասեր է մտել, բոլորին ողջունել։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն տարբեր ցուցակագրումների մասին տեղեկություններ են հայտնի դարձել, որոնք փոխանցվել են իրավապահ մարմիններին։
«Մտա մի քանի շտաբեր, և այնտեղ շատ լավ փոխադարձ բարևներ էին, բայց կային նաև բնակիչների ցուցակներ՝ բնակարան առ բնակարան, հեռախոս առ հեռախոս։ Ես հույս ունեմ՝ ապագայում կամ պետք է բոլորը ունենան այդ դոստուպը, կամ ոչ ոք»,- նշեց նա։
Նրա խոսքով, իրեն ու «Ժառանգությանը» երբեք դրանք հասանելի չեն եղել։
Հիշեցնենք, որ Երևանում ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 12 ուժ։