Սեպտեմբերի 27-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Կիլիկիա» սրահում կանցկացվի «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովը, որի միայն առաջին մասը՝ «Երկխոսության քաղաքականության մեկնարկը» ԶԼՄ ներկայացուցիչների համար կլինի բաց, լուսաբանման ենթակա:

Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն ՀՀ արդարադատության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող գնահատողական զեկույցում (Peer review) ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերը, ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերաբերյալ ՔՀԿ-ների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կներկայացվեն արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ մոտեցումները:

***

Սեպտեմբերի 27-ին` ժամը 10:00-ին, Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի կունենա «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օլիվյե Բյուրկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան,
բարձրաստիճան պատվիրակություններ Վրաստանից, Ուկրաինայից և Սերբիայից:

Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել համայնքապետարանների կողմից վարչական ծառայությունների մատուցման որակի բարելավման ու ստանդարտացման հնարավորությունները, ծառայությունների մշտադիտարկման ու գնահատման գործիքներն ու մեխանիզմները: Համաժողովը կազմակերպվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

***

Սեպտեմբերի 27-29-ը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը կազմակերպում է «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին: Գիտաժողովին հրավիրված են ավելի քան 100 մասնակիցներ, այդ թվում՝ արտերկրից: Նպատակն է քննարկել, բացահայտել աշխարհագրության և երկրաբանության ոլորտում առկա
հիմնախնդիրները:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջազգային գիտաժողովին, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Հայ-իրանական հարաբերությունները՝ հեղափոխությունից հետո» թեմայով:

Բանախոսներ են՝
Արմեն Իսրայելյան, իրանագետ,
Նվեր Դավթյան, իրանագետ:




Լրահոս