Կան մարդիկ, ում նախապես տեղեկացրել եմ. Ռուբեն Մելիքյանը` իր հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրաժարական է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեեւ մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարեւորել ի սկզբանե։ Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռեւս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից։ Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս»,- մասնավորապես գրել է պարոն Մելիքյանը:

Ենթադրվում է, որ նրա հրաժարականի պատճառները քաղաքական են. Մելիքյանը, լինելով Արցախի ՄԻՊ, շարունակում էր սատարել ՀՀ նախկին իշխանություններին: Ասել է թե` նա այդպես էլ չի հարմարվում հայաստանյան ներքաղաքական փոփոխություններին:

Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, Ձեր հրաժարական ներկայացնելու հետ կապված լուրեր կան, որ Ձեզ հորդորել են նման բան անել: Կա՞ այդպիսի բան:

-Նման բան չկա: Որեւէ մեկը ինձ չի հորդորել հրաժարական տալ: Դա իմ անձնական որոշումն է: Այդ մասին հայտնել եմ նաեւ իմ հայտարարության մեջ: Էստեղ կա բացառություն, եւ դա վերաբերում է ընտանեկան ոլորտին: Այսինքն` ընտանիքի կողմից հորդոր, չեմ թաքցնի, եղել է:

-Հրաժարականից հետո որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում:

-Նոր բան չեմ ասելու: Լայն առումով ինձ պատկերացնում եմ երեւանյան իրավապաշտպանական դաշտում: Լավ եմ ճանաչում իրավապաշտպանական ոլորտը, տարիներ շարունակ աշխատել եմ այդտեղ եւ հիմա էլ տեսնում եմ աշխատելու հնարավորություններ: Այսօր չեմ ուզում որեւէ քննադատական բան ասել ու ներկայացնել այս ուղղությամբ. այդ օրը չէ: Պարզապես կնշեմ, որ իմ կարծիքով այդ դաշտում բավական մեծ անելիքներ կան:

-Որեւէ մեկի հետ քննարկե՞լ եք հրաժարականի հարցը:

-Այո: Սրա հետ կապված որեւէ թաքցնելու բան չունեմ: Կան մարդիկ, ում նախապես տեղեկացրել եմ: Ես պետական պաշտոնյա եմ եւ անպատասխանատու մոտեցում կլիներ իմ կողմից հրաժարական տալ առանց որոշ անձանց նախապես տեղեկացնելու: Ասել եմ այն մարդկանց, որոնց համար սա չպետք է անակնկալ լինի: Բայց կրկնում եմ` դա եղել է բացառապես տեղեկացման ձեւաչափով:

-Կնշե՞ք այն մարդկանց անունները, որոնց տեղեկացրել եք այդ մասին:

-Անուններ չեմ նշի, որովհետեւ կարծում եմ` ինքնին հասկանալի է:

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս