ԸՍՏ ՔՊ-Ի՝ «ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հետաքրքիր հայտարարությամբ` ասելով, որ «Ելք» դաշինքում առհասարակ չի քննարկվել Երեւանի ավագանու ընտրություններին միասին մասնակցելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Մարուքյանը նշեց. «Անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարց։ Մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, մենք՝ երկու»։

Միեւնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, թե «Ելք» դաշինքի պառակտման մասին չի կարելի խոսել, քանի որ համանուն խմբակցություն է առկա, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին որոշումը դեռ վաղ է համարում, քանի որ հայտնի չէ նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրության օրը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս հաստատեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության ձեւաչափի շուրջ ոչ մի քննարկում չի եղել: «Շատ երկար ժամանակ քննարկում է եղել Ազգային ժողովի ընտրություններում միասնական կամ առանձին մասնակցելու վերաբերյալ, եւ դրա հետ կապված որոշում չի կայացվել, ընդհանուր որոշման չենք եկել եւ այդպես ստացվել է, որ չունենալով որոշում` ավագանու ընտրություններում առանձին ենք մասնակցում», – նշեց նա:
Ընդ որում, պատգամավորը, հայտնելով կոնկրետ իր անձնական տեսակետը, նշեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին առանձին կմասնակցեն: «Իմ անձնական կարծիքը պետք է ասեմ, քանի որ իսկապես շատ հեռուն չենք գնացել. բանակցությունները դադարեցված են, ոչ մի պատճառ չկա բանակցությունները վերակագնելու եւ շարունակելու, եւ եթե պատճառ չլինի, այդպես էլ կգնա: Ես չգիտեմ` կլինի պատճառ, թե ոչ: Իմ անձնական կարծիքով մենք առանձին կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին», – նշեց Նազարյանը:
ՔՊ-ական պատգամավորը, մանրամասնելով առանձին մասնակցելու պատճառները, թե իրենց համար շատ դժվար կլինի բացատրել կուսակիցներին, թե ինչու այսքանից հետո, երբ մյուս երկու ուժերը իրենց կողքին չեն եղել, նրանք պատրաստ են միասնական մասնակցելու: «Մեր կուսակցությունում կլինեն բարդություններ մարդկանց բացատրելու, թե ինչու Էդմոն Մարուքյանը հեղափոխության օրերից մեկի ժամանակ, երբ փողոցները փակ էին, ինքը վրդովմունք էր արտահայտում, թե ինչու են փողոցները փակ, եւ անկառավարելի վիճակում է: Եվ մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվում, թե նա այսպես ցանկանում էր մարդկանց կարգի հրավիրել: Եվ կուսակիցներն ասելու են, թե ինչու էր նա, այսպես ասած, պայման ստեղծում մարդկանց կարգի հրավիրելու համար: Իսկապես կարիք չկար այդպիսի հայտարարություններ անելու», – անկեղծացավ Լենա Նազարյանը:
Մարուքյանը մեզ հետ զրույցում նշել էր` քանի դեռ դաշինքի առաջատարները չեն հայտարարել հուշագրի չեղարկման մասին, ապա «Ելք» դաշինքը գործում է: Սակայն Լենա Նազարյանն այլ կարծիք ունի. «Քաղաքական իմաստով «Ելք» դաշինքը գոյություն չունի, կա փաստացի ԱԺ «Ելք» խմբակցություն: Մենք ասել էինք, որ խմբակցության ղեկավարի հարցին կանդրադառնանք միայն այն բանից հետո, երբ պարզ կդառնա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը. հիմա պարզ դարձավ, այդ հարցը բնականորեն լուծվել է, բայց ես չգիտեմ, թե որքանով է ակտուալ խմբակցության ղեկավարի հարցը: Ես իսկապես չեմ բացառում, որ մինչեւ արտահերթ ընտրութուններ խմբակցությունն այդպես էլ ղեկավար չունենա», – հավելեց Նազարյանը:
Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության շուրջ Էդմոն Մարուքյանի հայտարարությունն իսկապես հետաքրքիր էր, քանի որ վերջին շրջանում մշտապես տեղեկություններ էին շրջանառվում, թե դաշինքում ակտիվ քննարկումներ են ընթանում: Սակայն պարզվում է, որ քննարկումները վերաբերել են միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ձեւաչափին: Եվ իսկապես այդպիսի քննարկումներ դաշինքի ներսում հաճախ են եղել, սակայն վաղուց դրանք եւս առկախված են: Ընդ որում, նախաձեռնողականություն առկա չէ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, քանի որ այդ ուժի շարքում մեծաթիվ են այնպիսի գործիչները, ովքեր դեմ են «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ ցանկացած գործընթացի գնալու, քանի որ վերջիններս չեն սատարել իրենց հեղափոխությանը:
Բանն այն է, որ դաշինքի անդամ կուսակցությունների առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ վերջիններս իրենց խոսքում նշել են, թե իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների եւ որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն պարզվում է` մինչ այժմ էլ ոչ մի պատասխան չի տվել դաշինքի իր գործընկերներին:
Հ.Գ. Երեկ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որի ժամանակ հաստատվել է ավագանու 180 հոգանոց ցուցակը: Թե ովքեր կզբաղեցնեն 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները, դեռ վերջնական որոշված չէ: Դա հայտնի կդառնա այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է
Չնայած այսօր լրանում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը, սակայն երեկ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է միայն նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը` հավելելով, որ վերջնաժամկետն այսօր ժամը 18:00-ն է: Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տասնյակ ուժ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն մեկ օր առաջվա դրությամբ փաստաթղթերը մեկ ուժ է ներկայացրել:

 

 

ԱՅԼ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԱԾԸ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նարեկ Վանեսյանը իր աշխատաժամանակի զգալի հատվածը անցկացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների` Նարեկ Վանեսյանն է կոորդինացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատանքի մեծ մասը, քանի որ ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Արման Հովակիմյանը Նարեկ Վանեսյանի մտերիմ ընկերն է: Սակայն Վանեսյանը, լսելով իր մասին տեղեկությունները, արձագանքեց. «Եկեք, տեսախցիկները հետ տանք, նայենք, թե որ ժամին եմ մտել հիվանդանոց եւ երբ եմ դուրս եկել: Այո, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» գնում եմ իմ պացիենտների հետեւից, որոնք այնտեղ պառկած են, որոնք պետական պատվերով բուժման իրավունք փաստացի չունեն, բայց ես գնում եմ նաեւ խնդրեմ, որ իրենց որոշակի արտոնություններով բուժեն»: Իսկ ինչ վերաբերում է ԲԿ-ի աշխատանքները կոորդինացնելուն, Վանեսյանը նետեց` նշելով, որ ֆանտաստիկայի ժանրից է: «Ես ընկերներ ունեմ եւ եթե նրանց մի օր հանդիպում եմ, ուրեմն ուղղորդո՞ւմ եմ»,- ասաց նա:

 

 

ՎԱՉՈՅԻ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասով: Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Ավելի վաղ Յուրի Խաչատուրովը ազատ էր արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ բողոքը մերժել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, որը գրավի դիմաց ազատ էր արձակել Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանին:

 

 

ԿԱՅԱՑԵԼ Է
Երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Խորհրդարանի ղեկավարը հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների եւ քննարկումների մթնոլորտում: Ա.Սարգսյանը, կարեւորելով Սահմանադրության գերակայության հրամայականը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները:

 

 

ՆՈՐ ՊԵՏԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ. Արթուր Նորիկի Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ: Յուրա Սերյոժայի Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ:

 

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԽԱԼՄՈՒՆՔ
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանի` Երեւանում ըմբռնումով են մոտեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից թույլ տրված սխալմունքին Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն սոցցացի իր էջում տեսանյութ եւ լուսանկարներ էր հրապարակել, որում երեւում էր Երեւանի կենտրոնը` Արարատի ֆոնին, սակայն տեսանյութին կից գրառման մեջ կանցլերը նշել էր, որ դա Ադրբեջանն է: Նաղդալյանը նշել է, որ գերատեսչությունում նկատել են այդ սխալմունքը եւ հայտնել են Գերմանիայի գործընկերներին. «Կարծում եմ` դա մարդկային սխալմունք է եղել»,-նկատել է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատարը: Վերջինս նշել է, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը, իսկ վերջնական որոշումը կայացվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կոնսենսուսի հիման վրա: Նա շեշտել է, որ ներկայումս կազմակերպության տարբեր հարթակներում քննարկումներ են ընթանում:

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: «Երեւանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, ավելի կարեւոր մարտահրավերներ կան, քան ՏԻՄ ընտրությունները: Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը»,-ասել է Շարմազանովը:

 

 

ԻՐ ՄԱՍԻՆ
Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, Ազգային ժողովում անդրադառնալով իր քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին, հայտարարեց. «Ակնհայտ է, որ սա առնչվում է ինձ»: «Հանրապետության գրված եւ չգրված օրենքների, բարոյականության սահմաններից այն կողմ, մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան», – սպառնացել է Ֆարմանյանը:




Լրահոս