«ՈՒԺԵՂ ԵՄ ԵՐԵՎՈՒՄ, ԲԱՅՑ ՓԽՐՈՒՆ ԵՄ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգչուհի Լայանան։ Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ գծերը, Լայանայի մարդ, կին եւ երգչուհի տեսակը։ Նա խոսել է իր երազանքների, նպատակների մասին, պատմել, թե երբ է իր կյանքը կտրուկ փոխվել, եւ ինչ է անում ինքը, երբ ճակատագիրը որոշում է ապտակել։

-Լայանա՛, կյանքն անիմաստ կլիներ՝ առանց…
-Առաջին հերթին առանց երեխաների, առհասարակ, առանց սիրո։ Ամեն ինչի հանդեպ սերը արժեւորում է կյանքը։
-Տեխնիկական սարքավորումներից առանց այդ մեկի արդեն անհնար է պատկերացնել կյանքը։ Ի՞նչն է դա Ձեզ համար։
-Հեռախոսը։ Առանց հեռախոսի, իսկապես, էլ կյանք չկա։ Հեռախոսի շնորհիվ կյանքը հեշտացել է, արագացել։ Յուրաքանչյուրը հասանելի է, հեշտ է ցանկացածին գտնել։ Ընդ որում, հեռախոս ասելով՝ նկատի ունեմ այդ սարքի բոլոր հնարավոր ֆունկցիաները։
-Միշտ ցանկացել եք օրինակ վերցնել…
-Այն մարդկանցից, որոնք ինձ համար իդեալական են։ Չէի ցանկանա անձնավորել։
-Շարունակեք միտքը.«Ավելի լավ է ապրել անապատում, քան…»։
-Սառուցյալ օվկիանոսում (ծիծաղում է)։ Նույնիսկ ամենաշոգ եղանակն ինձ համար տանելի է, բայց ցուրտը տանել չեմ կարողանում։
-Եթե կյանքն ապտակում է Ձեզ…
-Ես ավելի եմ ուժեղանում եւ դասեր եմ քաղում դրանից։ Առհասարակ, որպես արվեստի մարդ, շատ զգայուն եմ, մի րոպեում կարող եմ կոտրվել։ Թեեւ միշտ ուժեղ մարդու տպավորություն եմ թողնում, իրականում փխրուն եմ եւ զգայուն։
-Ձեր սիրո գույնը ո՞րն է։
-Հաստատ ոչ վարդագույնը (ծիծաղում է), թող դա լինի կարմիրը։ Իսկ, առհասարակ, իմ նախընտրելի գույնը սեւն է։
-Ո՞րն է հեքիաթի Ձեր ամենասիրելի հերոսը։
-Մոխրոտիկը։ Թեեւ քնած գեղեցկուհուն էլ եմ շատ սիրում։
-Մարդուց վերջնականապես հիասթափվում եք, երբ…
-Անտարբերություն եմ զգում նրա կողմից։
-Մասնագիտություն, որը միշտ հետաքրքրել է Ձեզ։
-Փոքր տարիքում երազում էի բժշկուհի դառնալ, իսկ եթե ավելի լուրջ՝ մոդելավորողի աշխատանքն է ինձ հետաքրքրում։ Ի դեպ, հիմա սովորում եմ կարուձեւ, այնպես որ՝ փորձում եմ մանկությանս իղձերն ի կատար ածել։
-Արվեստի նախընտրելի ճյուղը։
-Բնականաբար, երգարվեստն ինձ համար առանձնահատուկ տեղում է, բայց բալետ էլ եմ սիրում, այն ինձ համար «ամենաարվեստ է», թեեւ երբեք չեմ ցանկացել բալետի պարուհի դառնալ։
-Ո՞ր երկրում կնախընտրեիք ճամփորդել։
-Դա ոչ Իտալիան է, ոչ էլ Ֆրանսիան։ Երեւի զարմանաք, բայց երազում եմ Հնդկաստան գնալ։ Դա, կածես թե, ամենեւին էլ բարդ չէ, բայց ոտքս դեռեւս չի ընկել այնտեղ։
-Ձեր մարմնի, դեմքի ո՞ր մասն եք ամենագեղեցիկը համարում։
-Օ՜, շատ են (ծիծաղում է)։ Բոլորը ոտքերս են շատ սիրում, բայց ես կառանձնացնեի աչքերս եւ շուրթերս։
-Պլաստիկ վիրահատության կդիմեք, եթե…
-Տարիքի հետ նեղսրտեմ իմ արտաքինից։
-Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի։
-Սուշի։ Անգամ կարոտում եմ այդ ուտեստը։ Նաեւ բրնձով փլավ եմ սիրում։
-Երգչուհի, որը միշտ հիացրել է Ձեզ։
-Լարա Ֆաբիանը։ Նա իմ հոգու երգչուհին է։
-Շարունակեք միտքը. «Առաջին սերը նման է…»
-Ջրի, օդի, երբեմն էլ՝ սառը ջրի։
-Մարդկանց մեջ Ձեզ ամենաշատը վանում է…
-Որ ներկայանում են այնպիսին, ինչպիսին իրենք չկան։ Իսկ դա անմիջապես երեւում է։
-Ձեր կյանքը փոխվեց, երբ…
-Ունեցա իմ աղջկան։ Այդ ժամանակ եւ դրանից հետո փոխվեց աշխարհայացքս, մտածողությունս, ամեն ինչ…
-Ո՞րն է Ձեր տարերքը։
-Համաստեղությամբ կարիճ եմ, բայց չգիտեմ` որն է տարերքս։ Համենայն դեպս, միշտ ձգում է ջուրը, պաշտում եմ ծովը։
-Շարունակեք միտքը. «Կյանքը հիասքանչ է, միայն թե…»
-Չկոտրվես, այսինքն՝ քեզ չկոտրեն…

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

«ՀՈՒՍԱՄ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՈՐ ՉԵՄ ԳՆԱ»

«Հուսամ՝ թավշյա հեղափոխության արդյունքում մեր երկրում այնքան լավ կլինի, որ ես չեմ ուզենա այլեւս Միացյալ Նահանգներ գնալ, որ ստաբիլություն կհաստատվի եւ հնարավոր կլինի ապահովել վաղվա օրվա ապրուստը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի, դերասանուհի Իվետա Եդիգարյանը։

Նրա խոսքով՝ իր հայրը՝ դերասան Աշոտ Եդիգարյանը, լինելով Միացյալ Նահանգների քաղաքացի, ուզում է մնալ Հայաստանում, քանի որ հավատում է, որ դրական տեղաշարժեր կգրանցվեն։ Հարցին, թե ինքն այդ առումով ինչ է մտածում, Իվետան պատասխանեց.«Ես կցանկանայի պարբերաբար ապրել ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Հայաստանում։ Ուղղակի կարոտում եմ ԱՄՆ-ի իմ շրջապատը, ընկերներիս, այնտեղի կյանքը»։
Իվետայի խոսքով՝ քանի դեռ ինքը նկարահանվում է, չի կարող ասել, թե հետագայում ինչ կլինի, որտեղ մշտական բնակություն կհաստատի. «Ինքս արդեն 18 տարի է՝ երգում եմ, բայց գալիս է պահ, երբ զգում ես, որ հոգնել ես ամենօրյա պարտադրված քայլերից, բացի այդ՝ սերնդափոխություն է տեղի ունենում, եւ հարկավոր է տեղը զիջել երիտասարդներին»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։
Մենք հետաքրքրվեցինք՝ թավշյա հեղափոխությունից ունեցած սպասումներն արդյո՞ք իրականացան.«Կարծում եմ՝ փոփոխությունների համար ժամանակ է պետք, միանգամից ոչինչ չի լինում։ Իհարկե, ահագին բան արվել է, եւ ես համոզված եմ, որ դեռ կարվի։ Հուսանք, որ ոչ հեռու ապագայում կապրենք մեր երազած երկրում, եւ ոչ ոք չի ցանկանա արտագաղթել։ Թեեւ քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց կարծում եմ, որ երբ մարդիկ կարողանան իրենց աշխատավարձով նորմալ ապրել, երբ թոշակառուները չեն մտածի իրենց վաղվա օրվա մասին, քաղաքացին կկարողանա հոգալ իր առողջության մասին եւ տարին գոնե մեկ անգամ ճամփորդելու հնարավորություն կունենա, այդ ժամանակ կարող ենք ասել, որ ապրում ենք քիչ թե շատ լավ երկրում»,-եզրափակեց Իվետան։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈԲԶՈՆԸ
Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնը. սեպտեմբերի 11-ին կլրանար նրա 81-ամյակը: Նա համարվում էր խորհրդային էստրադայի հավաքական կերպարը: Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարք: Դրանից առաջ Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր: Նույն օրը Կոբզոնի մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան հայտնել է, որ երգչի հոսպիտալացումը պլանային էր, եւ որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժին: Կոբզոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2005թ.:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
«Բարսելոնա»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է ուրուգվայական «Բոսթոն Ռիվեր» ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տեղափոխության մասին, որը հանդիսանում է նաեւ Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագը: 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել, որը նախատեսված է 5 մրցաշրջանով: Տրանսֆերի արժեքը 1,7 մլն եվրո է կազմել, սակայն պարգեւավճարների հետ կարող է հասնել մինչեւ 5,2 մլն եվրո:
Արաուխոն «Բարսելոնա»-ում իր կարիերան կսկսի երկրորդ թիմում: Պայմանագրի պայմանների համաձայն` հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստի` հիմնական կազմում ընդգրկվելու դեպքում այն կհասնի մինչեւ 200 մլն եվրո: Արաուխոն «Բոսթոն Ռիվեր» է տեղափոխվել ուրուգվայական «Ռենտիստասից» 100 մլն եվրոյի դիմաց 2017 թվականի հուլիսին:

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
«Ինտեր»-ի եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն պատմել է ալկոհոլային կախվածության մասին, որը նա ունեցել է իտալական ակումբում հանդես գալու տարիներին: 36-ամյա ֆուտբոլիստն «Ինտերում» խաղացել էր 2004-2009-ը` դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն: «Միայն ես գիտեմ, թե որքան շատ եմ տառապել: Շատ ծանր տարա հորս մահը եւ միայնակ էի զգում ինձ. սկսեցի խմել: Երբ օգտագործում էի ալկոհոլ, երջանիկ էի զգում ինձ, եւ դա անում էի ամեն գիշեր: Խմում էի գրեթե ամեն ինչ: Ես չէի դադարում խմել եւ, վերջ ի վերջո, հեռացա «Ինտեր»-ից: Չգիտեի ինչպես թաքցնել դա, քանի որ առավոտյան մարզումներին մեկնում էի ոչ սթափ վիճակում: Երբեմն բժիշկներն ինձ ստիպում էին քնել մարզաբազայում: Վերադառնալով Բրազիլիա` ես հրաժարվեցի միլիոններից, սակայն ստացա երջանկություն»,-պատմել է Ադրիանոն:
Հիշեցնենք, որ Ադրիանոյի վերջին ակումբը եղել է ամերիկյան «Մայամ»-ին, որից նա հեռացել էր 2016-ին:




Լրահոս