Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչները կրկին ոտքի են կանգնել: 17 գյուղական բնակավայրեր պահանջում են կառավարման ոլորտի կտրուկ փոփոխություն, նաեւ համայնքապետի հրաժարականը:
Գուսանագյուղում բողոքողները ճանապարհ են փակել, նրանց միացել են նաեւ հարեւան գյուղերի բնակիչները: Եթե խնդրին լուծում չլինի, օրեր շարունակ երթեւեկությունը կաթվածահար կլինի. «Գուսաննա, Շիրակավան, Ջրափի, Սարակապ, Մարալիկ, Սառնաղբյուր գյուղերի բնակիչներով փոփոխություն ենք պահանջում: Երեկվանից սկսել ենք ճանապարհ փակել: Մենք կտրված են ՏԻՄ-ից, համայնքի ավագանին չի գործում: Հիմնախնդիրներ կան, որոնց ուղղությամբ քայլեր ընդհանրապես չեն ձեռնարկվում: Համայնքի ղեկավարը եւ վարչական պատասխանատուները, խնդիրները մեկը մյուսի վրա գցելով, խուսափում են պատասխանատվությունից: Խնդիրներն էլ մնում են: Բնակչությունը, այլընտրանք չունենալով, դիմում է նման քայլերի»,-ասում է խոշորացված համայնքի բնակիչներից մեկը:
Բողոքողների այս խումբը որեւէ կապ չունի օրեր առաջ Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի դեմ կազմակերպված ցույցերի մասնակիցների հետ: Նրանց պահանջը անձնավորված չէ, պարզապես դժգոհության արտացոլում է: Համայնքները ի սկզբանե դեմ են եղել խոշորացմանը, այժմ էլ` ամիսներ անց, ականատես են դարձել, որ խոշորացումը վնասից բացի ոչինչ չի տվել գյուղացուն:
«Պահանջում ենք համակարգի հրաժարականը: Խոշորացումից հետո որեւէ փոփոխություն չի եղել: Նախկին համայնքի ղեկավարները, որոնք պաշտոնավարել են, չեն լուծել խնդիրները, այժմ էլ արդարանում են, որ իրենցից ոչինչ կախված չէ»,-ասում է բնակիչներից մեկը:
Բողոքի մասնակիցները դիմել են Շիրակի մարզպետին, վերջինս խոստացել է խնդիրները դիտարկել, սակայն դեռ որեւէ տեղաշարժ չկա:
Հիշեցնենք, որ Անի համայնքի բնակիչները ակտիվորեն մասնակցել են Թավշյա հեղափոխությանը իշխանափոխության պահանջով: Օրեր շարունակ գյուղերում ճանապարհները փակ են եղել: Ու հիմա նրանք լուրջ ակնկալիքներ ունեն կառավարությունից իրենց չլուծված եւ տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման առումով: Ավելին` գյուղացիները այժմ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկայացնելու այդ խնդիրները:
Ի դեպ, Անի համայնքն այս տարի հսկայական վնասներ է կրել կարկտահարության հետեւանքով, վնասի չափերը հաշվարկվել են, սակայն ինչպես միշտ, փոխհատուցման մասին դեռ ոչ մի խոսք չկա: Այնինչ գյուղացիներն անհամբեր սպասում են, թե այս հարցում ինչ որոշում կկայացվի:
Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանն էլ պնդում է, որ ցուցարարները նույն մարդիկ են, որոնք օրեր առաջ էլ իր հրաժարականն էին պահանջում, պարզապես սկսել են ընդլայնել աշխարհագրությունը: Համայնքի ղեկավարը բողոքի ակցիան դիտարկում է որպես աթոռակռիվ. «Նույն մարդիկ են: Նրանք այսօր ման են գալիս գյուղերում, մտածում են քայլեր ձեւավորել, դա միայն նրանց ունեցած աթոռապաշտության արդյունքն է: Այսօրվա իրականության հետ նրանք կապ չունեն, 1000 կուսակցություն փոխած մարդիկ են: ԲՀԿ-ականներ են, հանրապետականներ: Մենք էլ կարող ենք ճանապարհ փակել, ով է նրանց իրավունք տվել: Մենք աշխատում ենք մեր բնականոն ընթացքով, աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել՝ ծառայելով Անի համայնքին»,- ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:
Նշենք, որ Արտակ Գեւորգյանը ՀՀԿ անդամ է, իսկ բողոքողների մեջ, ըստ ակցիայի ներկայացուցիչների, նաեւ ՔՊ-ականներ են:
Հեղինե Մանուկյան
Շիրակ