«ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, որի կազմի մեջ են մտնում ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը եւ հեղափոխությանը մասնակցած քաղքացիներ: Նրանցից մեկն էլ ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն է, ում հետ զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթը:

-Լուսինե՛, քաղաքականություն մուտք գործելու որոշումը վաղո՞ւց էիք կայացրել, թե՞ ամեն բան հանպատրաստից ստացվեց:
-Գիտե՞ք՝ գործունեությանս հետեւողներն ասում են, որ ամենեւին զարմացած չեն իմ այդ որոշումից, նրանց համար պարզ էր, որ վաղ թե ուշ հենց այդպես էլ լինելու էր: Ի դեպ, այնպես չէ, որ նախկինում պատրաստ չէի քաղաքական գործունեության, պարզապես առաջարկվող պայմաններն ինձ համար ընդունելի չէին: Իսկ հիմա երկրում իրավիճակ է փոխվել:
-Երեւանի ավագանիում Ձեր գործառույթը ո՞րն է լինելու, ի՞նչ ուղղությամբ եք պատրաստվում աշխատել:
-Շատ լայն եմ տեսնում գործունեության այդ շրջանակը՝ քաղաքի մաքրություն, կրթական համակարգ, մշակութային ծրագրեր, այն, ինչ մտնում է քաղաքապետարանի իրավասությունների մեջ: Այնպիսի իրավիճակ է, որ ամեն տեղ ուզում եմ իմ ներդրումն ունենալ, բայց, իհարկե, կգնանք կոնկրետացման, եւ կորոշվի, թե ով որ ոլորտում կարող է ավելի շատ օգտակար լինել:
-Շատ է խոսվում այն մասին, որ հայերս` որպես անհատներ, ուժեղ ենք, սակայն թիմային աշխատանքի պարագայում չենք հաջողում, ամեն մեկն իր մտածածն է առաջ տանում, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի դեպքում ինչպիսի՞ն է իրավիճակը:
-Իրականում մենք թերագնահատում ենք մեր կարողությունները: Թիմային աշխատանքում եւս մենք ուժեղ ենք, օրինակ՝ ես շուրջ երկու տասնամյակ է՝ աշխատում եմ մի ռադիոընկերությունում, որտեղ գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ հենց այդ թիմային կուռ աշխատանքի շնորհիվ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ իմ աշխատանքը եւս այդ պատճառով ստացվեց: Չնսեմացնելով որեւէ մեկի անհատականությունը՝ այնտեղ մեծ տեղ է տրվում թիմային մտածողությանն ու աշխատանքին: Կուսակցության ներսում շատ հետաքրքիր մշակույթ է ձեւավորվել. որեւէ պաշտոնյայի խոսք միաձայն չի ընդունվում, ծավալվում են քննարկումներ, որոնք հանգեցնում են դրական արդյունքի: Այդ նույն մշակույթը տեսնում եմ նաեւ «Իմ քայլը» դաշինքի պարագայում:
-Հիմա հաճախ են մտահոգություններ հնչում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմի սկսնակ անդամները պարբերաբար կատարում են այնպիսի հայտարարություններ, որոնք պատիվ չեն բերում այս կառավարությանն ու վարչապետին: Ի՞նչ կասեք: Տեսնու՞մ եք նման վտանգ:
-Ես այդ մասին շատ երկար եմ մտածել եւ եկել եմ այն եզրահանգման, որ Փաշինյանի թիմի անդամները մեծ, զգալի, լուրջ սայթաքումներ չեն ունեցել: Իհարկե, փոքրիկ կիքսեր եղել են, որոնք ուռճացվել են: Բանն այն է, որ մարդկանց մի խումբ ինտենսիվորեն փնտրում է թերություններ, խոշորացույցով հետեւում է, թե ով որտեղ պետք է սայթաքի, եւ այդ դեպքում ուզում ես հարցնել՝ նախկին իշխանության օրոք վրիպումներ չե՞ն եղել, ամեն ինչ իդեալակա՞ն է եղել, որ հիմա այսքան մեծ դժվարությամբ ենք մարսում որեւէ մեկի «շեղումը», որն, ի դեպ, հանգիստ կարելի է շտկել: Ընդ որում, նախկինում եղել են այնպիսի սայթաքումներ, որոնք բերել են սարսափելի հետեւանքների: Իսկ, առհասարակ, կարեւոր է ոչ թե խոսքով մարդկանց ինչ-որ բան ապացուցել, այլ գործով: Փաշինյանի թիմն այդպես էլ անում է:
-Լուսինե՛, Ձեր ընտանիքի անդամները, մասնավորապես՝ ամուսինը, ինչպե՞ս ընդունեցին քաղաքականություն մուտք գործելու Ձեր որոշումը:
-Տան անդամների համար եւս զարմանալի չէր որոշումս, քանի որ 2011-ից ակտիվ հասարակական կյանք եմ վարում, եւ սա անցումային փուլ էր: Իհարկե, տանն էլ կարող ենք ունենալ հակառակ կարծիքներ, բոլորս մեկ ուղղությամբ չենք մտածում, բայց ամեն մեկը ստիպված է համակերպվել, որ ես ունեմ իմ անսասան կարծիքը, որից շեղվել հնարավոր չէ: Իհարկե, կարող եմ փոխել կարծիքս, բայց պետք է դրան ինքնուրույն հանգեմ: Միանշանակ ինձ կարող են նաեւ մտածելու տեղիք տալ հիմնավոր փաստարկներով:
-Կա՞ մտավախություն, որ քաղաքական գործունեության պատճառով կտուժեն աշխատանքները ռադիոյում եւ հեռուստատեսությունում:
-Այս նոր գործունեությունն ընտրեցի նաեւ այն պատճառով, որ այն նպաստում է չհրաժարվել այն աշխարհից, որն իմն է, որի հետ այնքան կապված եմ: Ավագանիում իմ գործունեությունը քաղաքական չէ, այլ քաղաքացիական: Ես համարում եմ սա ճիշտ ընտրություն, իսկ թե տարիների ընթացքում որքանով կաճեմ, ցույց կտա ժամանակը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԸ ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը լքել է ցանկալի փեսացուների շարքը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը նշանադրվել է: Ու թեեւ երգիչը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, կիսվեց նոր կարգավիճակի հետ կապված իր զգացողություններով. «Ամենակարեւորն այն է, որ ես երջանիկ եմ: Ասեմ, որ կարգավիճակի փոփոխության հետ կապված որոշումը հեշտությամբ եմ կայացրել, ամեն բան բնականոն հունով ընթացավ»,-պատմեց նա:

Հարցին, թե նոր կարգավիճակը կխանգարի արդյոք իր գործնական ծրագրերին, երգչի կարիերային, Գուրգենը պատասխանեց. «Հակառակը, այն կխթանի ավելի լավ աշխատել»:
Գուրգենը տեղեկացրեց, որ պատրաստվում է սեպտեմբերին նոր տեսահոլովակ հանձնել հանդիսատեսի դատին. «Երգն առանձնահատուկ է ինձ համար, այն իմ հեղինակած առաջին ստեղծագործությունն է, որ հանձնում եմ լսարանին: Դա կլինի էստրադային եւ ժողովրդական ժանրերի միքս»,-մանրամասնեց երգիչը:
Մենք հետաքրքրվեցինք՝ Գուրգենն առաջիկայում Հայաստանում համերգով հանդես կգա, թե ոչ. «Ցավոք սրտի ես չեմ համերգ կազմակերպողը, իսկ Հայաստանում համերգներ հազվադեպ են կազմակերպվում: Ափսոսանքով եմ այս մասին ասում: Այնպես է ստացվել, որ դրսի հայ լսարանն ավելի է շահել, քան ներսինը: Ընդ որում, դրսում երգիչներին ավելի լավ են վարձատրում, ուստի նրանց էլ պետք է հասկանալ, եթե նախապատվությունը տալիս են դրսի համերգներին»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Գուրգենը նշեց, որ սեպտեմբերի 26-ին մասնակցելու է Սոչիում կայանալիք «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը, որը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ. «Նախորդ տարի տվյալ մրցանակին էր արժանացել իմ «Հայն է գալիս» երգը, այս տարի արդեն այդ մրցանակը կշնորհվի «Ոնց կսիրեի» երգի համար»,-մանրամասնեց Գուրգենը:
Ի դեպ, նա այս տարի հյուրախաղերով հանդես կգա նաեւ Եվրոպայում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՉԻ ԶՂՋՈՒՄ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին չի զղջում, որ հեռացել է Իսպանիայի ազգային հավաքականից: «Ես որոշում եմ կայացրել, եւ դա կանեի նորից: Ես ազնիվ էի: Ինձ շատ է դուր գալիս աշխատանքը «Ռեալ»-ում: Հուսով եմ, որ հավաքականին մեծ հաջողություններ են սպասվում Լուիս Էնրիկեի հետ, ես նրա երկրպագուն եմ: Իսկ իմ կարիերայում դա արդեն անցյալ է: Իսպանիայի հավաքականից հեռանալուց ամեն բան արագ տեղի ունեցավ: Խաղացողները ճիշտ վարվեցին` արագորեն կենտրոնանալով աշխարհի առաջնության վրա: Ես ցանկանում էի դրական պատասխան տալ «Ռեալ»-ին եւ արեցի դա»,-ասել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Խուլյեն Լոպետեգին Իսպանիայի հավաքականից հեռացվել էր Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության նախաշեմին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Ռեալ»-ը հայտարարեց ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նրա նշանակման մասին:

 

 

ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը գոլի հեղինակ է դարձել իր նոր ակումբի` արգենտինական «Գիմնազիա»-ի կազմում: 32-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի առաջնության 4-րդ տուրի` 86-րդ րոպեին է գրավել մրցակցի դարպասը: Հատկանշական է, որ ֆուտբոլիստը փոխարինման մտնելուց 4 րոպե անց է դարձել գոլի հեղինակ: Ուրուգվահայ ֆուտբոլիստն, այս կերպ, իր երրորդ հանդիպումն է անցկացրել «Գիմնազիա»-ի կազմում` ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե:

 

 

ԿՏԱՎԸ ՉԻ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ
Հեղինակավոր Լուվր թանգարանի` Աբու Դաբիի մասնաճյուղն անորոշ ժամանակով հետաձգել է աշխարհի ամենաթանկ կտավի` Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Սալվատոր Մունդի» կտավի ցուցադրությունը: Թանգարանի տնօրինությունը չի բացահայտել հետաձգման պատճառը: Հայտնի է, որ Հիսուս Քրիստոսին պատկերող կտավը նախորդ տարվա նոյեմբերին աճուրդում վաճառվել էր ռեկորդային գնով` 450 մլն դոլարով: Ավելի ուշ պարզվել էր, որ այն գնել է Սաուդյան Արաբիայի արքայազներից մեկը: Ինչ վերաբերում է Աբու Դաբիի Լուվրին, ապա այն բացվել է նախորդ տարի: Ծրագրված էր, որ «Սալվատոր Մունդի»-ի կտավը պետք է ցուցադրության հանվեր սեպտեմբերի 18-ին: Այժմ աշխարհում կա հանճարի` 20-ից էլ պակաս կտավ:




Լրահոս