«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը։ Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ կողմերը, խոսել ենք դերասանուհու նախասիրություններից, կյանքի չգրված օրենքներից։ Նաիրան խոստովանել է, որ իրեն քսան տարեկան է զգում։ Նա ինքն իր համար ասացվածք է հորինել՝ «Սիրիր քո անձը, դու արժանի ես դրան»։ Մեր զրուցակիցը նաեւ նշել է, որ իր համար անհասանելի ոչինչ չկա, եթե ձգտում է որեւէ բանի, անպայման հասնում է։ Նաիրան նշել է՝ կյանքն ավելի լավը կլիներ, եթե իր հորինածի պես լիներ։
-Նաիրա՛, կարճ Ձեր մասին։
-Գեղեցիկ, խելացի, կանացի։
-Ձեր տրամադրությունը մեծապես կախված է…
-Շրջապատող էներգիայից։ Համենայն դեպս, փորձում եմ ինձ դրական էներգիայով լեցուն մարդկանցով շրջապատել։ Կարծում եմ՝ մեծ մասամբ մարդն ինքն է ընտրում՝ ումով շրջապատի իրեն։
-Ինչպե՞ս եք հանդուրժում սադրիչներին։
-Սովորաբար արհամարհում եմ։
-Կենդանի, որին Ձեզ սովորաբար նմանեցնում են։
-Ինձ հետ շփվելուց հետո ասում են, որ նման եմ առյուծի, իսկ մինչեւ շփվելը՝ սկյուռիկի։
-Շարունակեք միտքը. «Հարկավոր է փախչել միայն այն դեպքում, երբ…»
-Հոգնում ես ինքդ քեզնից։ Ինձ հետ եւս պատահել է նման բան։
-Դպրոցում ո՞րն էր Ձեր ամենասիրելի առարկան։
-Մի քանիսը կթվեմ՝ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա։ Պարզապես ստացվեց այնպես, որ մասնագիտական այլ ուղղություն ընտրեցի։ Ճշգրիտ գիտությունների հանդեպ սերը գեներով է փոխանցվել ինձ։ Բայց, օրինակ, լեզուների նկատմամբ հակվածություն չեմ ունեցել։
-Ասացվածք, որը լավագույնս բնորոշում է Ձեր ապրելակերպը։
-Ես ինքս ինձ համար հորինել եմ հետեւյալը. «Սիրիր քո անձը, դու արժանի ես դրան»։ Այդ սկզբունքով եմ ապրում։ Տեսեք՝ չեմ ասում. «Սիրիր քո թշնամուն» (ծիծաղում է)։
-Երաժշտություն, որը պատրաստ եք լսել ցանկացած պահի։
-Որոշ արիաներ եւ ռոմանսներ։
-Շարունակեք միտքը. «Երբ դեռ երիտասարդ ես, քեզ թվում է, որ…»
-Միշտ այդպիսին ես մնալու (ծիծաղում է)։ Ընդհանրապես, ինձ թվում է, թե ես քսան տարեկան եմ։ Այդպես է, որքան էլ մեծանում ես, հոգով երիտասարդ ես մնում։ Կարեւորն այն է, որ ճիշտ հասունանաս։
-Երկիր, որտեղ ամեն մարդ պետք է գոնե մեկ անգամ լինի։
-Շվեյցարիա եւ իհարկե ԱՄՆ։
-Այն, ինչ թվում է Ձեզ անհասանելի…
-Ինձ համար ամեն բան հասանելի է։ Երբ սկսում ես նպատակներ դնել, ոչինչ արդեն հասանելի չէ։
-Միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել…
-Ժամացույցս եմ մոռանում կապել, թեեւ ժամացույցների հավաքածու ունեմ։
-Կյանքը կկորցներ իր իմաստը առանց…
-Իմ ծնվելու։ Ամեն մարդ տիեզերքի մի մասնիկն է եւ իր առանձնահատուկ միսիան ունի։
-Ափսոսում եք, որ…
-Որ ոչ մի բանի համար չեմ ափսոսում։
-Մարդ, որի առաջ Ձեզ պատասխանատու եք զգում։
-Մայրս։
-Երբ Ձեզ հունից հանում են…
-Շատ վատ է լինում։ Սովորաբար արհամարհում եմ ինձ հունից հանել փորձողներին, բայց եթե տեղի եմ տալիս, լավ չի լինում։
-Ամենազվարճալի բամբասանքը, որ լսել եք Ձեր մասին։
-Ինձ վերագրվող ամեն հերթական սիրավեպի մասին բամբասանքը զվարճալի է։
-Միշտ զգուշացել եք…
-Երեւի թե անհիմն վիրավորելուց, բայց, ցավոք, երբեմն դրանից խուսափել չի լինում։
-Կյանքն ավելի լավը կլիներ, եթե…
-Իմ հորինած կյանքը լիներ։
-Իմ տված հարցերից ամենաշատը ո՞րը Ձեզ դուր եկավ։
-Ֆրազները շարունակելու վերաբերյալ բոլոր հարցերը։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՀԱՅԿ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ
Երաժշտական մի շարք նախագծերից հայտնի երգիչ Հայկ Հունանյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ Երկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ ուր է կորել երգիչը եւ ինչով է զբաղված։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ ոչ մի տեղ չի կորել եւ շուտով կվերադառնա եթեր եւ հուսախաբ չի անի։ Հայկն օրեր անց կթողարկի նոր տեսահոլովակ՝ Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգի հիման վրա: «Իմ կարծիքով՝ շատ գեղեցիկ երգ է, մնացածը հանդիսատեսը կասի»,-ասաց նա։
Հարցին, թե հանդես կգա արդյոք կենդանի համերգներով, Հայկը պատասխանեց, որ պարբերաբար ելույթ է ունենում ակումբներում, եւ երկրպագուները կարող են հանդիպել իրեն այնտեղ։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Հայկն ունի արդյոք հրավերներ արտերկրից: «Այո, շրջագայությունների առաջարկներ պարբերաբար ստանում եմ, բայց վերջին շրջանում ավելի շատ կոորպորատիվներից եմ հրավերներ ստանում»,-պատասխանեց երգիչը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ թեեւ զուգերգով հանդես գալու կոնկրետ ծրագիր չունի, այնուամենայնիվ, կան մտքեր, գաղափարներ, որոնք ինքը պատրաստվում է կյանքի կոչել։
Քանի որ Հայկը մասնագիտությամբ ինժեներ է եւ աշխատում է ատոմակայանում, հարցրինք՝ երգարվեստն իր համար հոբբի է, թե երկրորդ մասնագիտություն: «Սկզբում երգարվեստն ինձ համար իսկապես հոբբի էր, բայց հիմա ինժեներությունն է հոբի»,-ծիծաղով նկատեց երգիչը։
Մենք նաեւ հարցրինք՝ Հայկը երաժշտական նախագծերի կրկին կմասնակցի, թե ոչ: «Անկեղծ ասած, նման նախագծերից հոգնել եմ»,-ասաց նա։
«Սահմանին», «Որոգայթ» ֆիլմերում խաղացած երգչից հետաքրքրվեցինք՝ արդյոք այլ հեռուստանախագծերում նկարահանվելու առաջարկներ ստացել է. «Եթե էլի լավ առաջարկներ ստանամ, անպայման կընդունեմ, պատկերացնում եմ ինձ նաեւ դերասանական ոլորտում»։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է, թե ինչպես է իմացել այն մասին, որ իրեն հեռացրել են իտալական «Նապոլի»-ից: «Այն մասին, որ ես այլեւս չեմ հանդիսանում «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ, իմացել եմ հեռուստատեսությամբ: Որոշ կասկածներ ունեի այդ որոշման արդարացիության մեջ, բայց պայմանագրում կար կետ: Դա այն չէր, ինչի մասին ես խնդրում էի: Հիմա հույս ունեմ, որ Կառլո Անչելոտին կարող է հասնել նրան, ինչին ես այնքան մոտ էի»,- ասել է Սարին: Չնայած «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ հրապարակային վեճերին` Սարին շնորհակալություն է հայտնել նրան. «Շնորհակալ եմ, քանի որ նա ինձ հնարավորություն է տվել դառնալու «Նապոլի»-ի գլխավոր մարզիչը»,-ասել է Սարին:
Մաուրիցիո Սարին 2015-18 թվականներին գլխավորել է «Նապոլի»-ին, որի հետ երկու անգամ նվաճել է Ա Սերիայի արծաթե մեդալները:
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի 8 երկրպագուներ ձերբակալվել են Չեխիայի թիմի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի հանդիպումից հետո: Չեխիայում կայացած հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո ուկրաինացի երկրպագուները ցանկացել են ներխուժել դաշտ, սակայն ստադիոնի անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրանց` կիրառելով ուժ: Ոստիկանները ձերբակալել են մի քանի երկրպագուների, իսկ մյուսները վերադարձել են տրիբունա: Բախմանը միջամտել է նաեւ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն, որը փորձել է հանգստացնել ուկրաինացի ֆանատներին: Այդ խաղին ներկա են եղել մոտ 100 ուկրաինացի երկրպագուներ: Չեխիայի հավաքականը տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը Մեծ Բրիտանիայում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել GQ ամսագրի վարկածով: 25-ամյա ֆուտբոլիստը դարձել էր այս ամռանը Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու` դառնալով 6 գոլի հեղինակ: Նա նաեւ 56 գոլով դարձել էր 2017 թվականի լավագույն ռմբարկու: