Ո՞Վ Է ՀՀԿ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ նաեւ ելույթ ունեցավ: Ընդ որում, ելույթի շեշտադրումները բավական ուշագրավ էին, նաեւ ինտրիգային:

Սկզբում Փաշինյանն անդրադարձավ ավագանու այս ընտրությունների «բացառիկ նշանակությանը»` պնդելով. «Այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում… Այս ընտրություններում խնդիրն այն չէ` Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է` ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե՞ ոչ»:
Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց. «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, ու այսօր նրանք գնացել ԱԺ-ում, քուչեքում, ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ականների հետ: Թե բա՝ տղերք, կլինի՞ դուք ձեր ընտրակեղծարար ռեժիմներով մեզ օգնեք, հաղթենք այս ընտրություններում, մենք էլ այնպես կանենք, որ ԱԺ-ն չի լուծարվի, դուք էլ մի քանի տարի մանդատ կունենաք: Այս ուժերը հեղափոխությունից հետո իրենց հայտարարեցին թունդ հեղափոխությունը պաշտպանող ուժեր, ովքեր հեղափոխությունից մեկ շաբաթ անց ասում էին՝ արա, մենք ենք արել այդ հեղափոխությունը: Մինչեւ այդ ասում էին՝ Սերժը լավ է, ի՞նչ եք ուզում մեր երկրի կայունությունից: Հիմա էլ ՀՀԿ-ի զորացրված քաղաքական գործիչների, ընտրակեղծարարների հետ համագործակցում են: Հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, իսկ թաքուն ասում են՝ արեք դրանց քցենք»,- ասաց նա եւ ՀՀԿ-ից օգնություն խնդրողներին սթափության կոչեր ուղղեց. «Սթափվե՛ք, գժուկներ, սթափվե՛ք»:
Թե ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, դժվար է միանշանակ ասել: Երեկ նա որեւէ անուն չհնչեցրեց ու չասաց, թե ով է ՀՀԿ-ականների հետ «քուչեքում, ռեստորաններում» բանակցում, դավադրություններ կազմակերպում:
Սակայն միանշանակ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված ուժերի մասին է, որոնք ներկայացված են նաեւ ԱԺ-ում: Այսինքն՝ «գժուկներին սթափվելու» Փաշինյանի կոչն ուղղված էր կա՛մ ԲՀԿ-ին, կա՛մ ՀՅԴ-ին, կա՛մ «Լույս» դաշինք կազմած «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին: Այլ տարբերակ, թերեւս, չկա:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ն հակված է այս ընտրություններում պաշտպանել «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին: ՀՀԿ-ի մի հատվածն էլ տեղերում պաշտպանում է կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ-ին: Պաշտոնապես ՀՀԿ-ն չի հայտարարել, թե ում է սատարելու, սակայն նույն «Լույս» դաշինքի անդամները չէին հերքել մեր լուրը, որ ՀՀԿ-ականները կարող է եւ իրենց աջակցեն:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորական վերնախավը վերջերս մի հավաքի ժամանակ որոշում է կայացրել ու «հայհոյանք կերել», որ կողմ չեն քվեարկի խորհրդարանի ինքնալուծարման նպատակով ցանկացած նախաձեռնության, նրանք կարողացել են դաշնակիցներ գտնել ԱԺ մյուս խմբակցություններում՝ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում: ԵՒ Փաշինյանի կառավարության մաս կազմող ուժերը, որ ժամանակին կողմ են եղել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, հիմա փոխել են իրենց տեսակետը, նաեւ որպես փոխզիջում որոշել են քվեարկել կառավարության բերած բոլոր նախագծերին: Այնպես որ, «գժուկներին սթափվելու» Նիկոլ Փաշինյանի կոչը պատահական չէր, եւ կարող է հենց այս ամենի հետեւանք լինել:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նրա հետ կառավարությունում համագործակցող, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում մրցակից ուժերից: Միայն թե, նկատենք, նրանք փորձում էին շրջանցել հարցը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ ինքը ծանոթ չէ Փաշինյանի հայտարարություններին. «Մենք չէ, որ պետք է մեկնաբանենք դա։ Ով որ արել է այդ հայտարարությունը, ինքն էլ պիտի ասի, թե ինչի եւ ում մասին է խոսքը»,- ասաց նա։ «Լույս» դաշինքը ներկայացնող Դավիթ Խաժակյանն էլ ասաց. «Ես որեւէ ելույթ չեմ լսել եւ մեկնաբանել պարզապես չեմ կարող»:
Հետաքրքրիր է՝ խորհրդարանում ընդգրկված այս ուժերն այսօր արդեն կարձագանքե՞ն Փաշինյանի հայտարարություններին, թե՞ ոչ:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՎԱՐՁՈՒ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե վերականգնվել է 2.3 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություն: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Բայց Դավիթ Անանյանի խոսքերով` այս թիվն ամեն օր ավելանում է, քանի որ համալիր հարկային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 13,5 մլրդ դրամի չվճարված հարկ: «Շատերը կարող է եւ հարկերը թաքցրած լինեն, ու մենք ապացուցողական առումով էդքան լավը չլինենք, խնդիրներ ունենանք, չկարողանանք ապացուցել: Ի վերջո մենք իրավական պետություն ենք: Եթե մենք գիտենք, որ այնտեղ հարկեր են թաքցվել եւ գնում ենք ու չենք կարողանում վերհանենք եւ ապացույցներ ձեռք բերենք, որովհետեւ, օրինակ, անցել է տասը կամ յոթ տարի… էդ էլ պետք է գնահատենք»,- նկատեց ՊԵԿ նախագահը: Ըստ ՊԵԿ նախագահի` վերականգնված գումարի մի մասը վերաբերում է խոշոր սուպերմարկետներին, որոնք նախկին իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ գյուղմթերքի վաճառքի դիմաց սահմանվածից քիչ հարկեր էին վճարել: Բայց Դավիթ Անանյանը պնդում է, որ ոչ իրավաչափ այդ սխեմաներն արդեն վերացվել են, եւ բոլորի համար սահմանվել են խաղի հավասար կանոններ:
Բացի այս, ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ այս սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա գերավճարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 53.3 մլրդ դրամով: Պարզվում է` ՊԵԿ-ը այս տարվա մայիսից սկսած շուրջ 190 գազալցակայաններում իրականացվել են տարբեր հսկողական աշխատանքներ: Իսկ 110 գազալցակայնում արձանագրվել են խախտումներ եւ առաջադրվել պատասխանատվության միջոցներ: Դավիթ Անանյանը նաեւ նկատեց, որ այս մայիսից սկսած գրանցված վարձու աշխատողներն ավելացել են. հուլիսին, մայիսի համեմատ, առեւտրային հարկ վճարողների մասով շուրջ 26 հազար գրանցված աշխատողի ավելացում է գրանցվել:
Ի դեպ, Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչն է եղել պատճառը, որ ՊԵԿ աշխատակիցները դիմակավորված ներխուժել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ: Հարցին ի պատասխան` ՊԵԿ նախագահը արձագանքեց. «ՊԵԿ-ն ունի հատուկ բաժնի աշխատակիցներ, որոնք դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ: Այդ անձինք երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, լինում են գրեթե առանց զենքի: Գագիկ Ծառուկյանին պատկանող որեւէ բիզնեսում որեւէ ստուգում չի իրականացվել: Իրականացվելու են արդյոք, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ հնարավոր է բացահայտվեն քննչական գործողություններ: Բայց նախկինում որոշակի գործողություններ իրականացվել են, եւ դրանք առնչվել են գազալցակայաններին»: Ապա հայտարարեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում խախտումներ չեն հայտնաբերվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՃԻՌ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

2017թ. ապրիլին Բագրատաշենի մաքսակետով ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրման գործով մեղադրանք է առաջադրվել այդ մաքսակետի 4 պաշտոնյայի:

Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ, Երեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ, Երեւան քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Վահե Ասլանյանին, նախկինում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»): Հ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, մյուսների հանդեպ` կալանավորումը:
Քրեական գործը դատարան ուղարկելուց հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ 3 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք կալանքից ազատվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը: Սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2017թ. օգոստոսի 18-ին եւ տեւել մեկ տարի: 2018թ. օգոստոսի 22-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Հարություն Խաչատրյանին, Համբարձում Դավթյանին, Խաչիկ Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, Հ. Խաչատրյանին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել 4 տարի ժամկետով, Հ. Դավթյանին այդ իրավունքից զրկել 2 տարի ժամկետով, Խ. Հակոբյանին նշված իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, Վ. Ասլանյանին ճանաչել անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ արդարացնել կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում: Սույն դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս