ԱՆՍՊԱՍԵԼԻ ՇՐՋԱԴԱՐՁ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը երեկ համատեղ ասուլիսի ժամանակ մարտի 1-ի իրադարձությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ աղմկահարույց բացահայտում ներկայացրին:

Մարտի 1-ի պատասխանատուները
Երեկ ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, թե քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի մեկի միջոցառումներին, այլեւ բանակը կրակել է: Բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ եւ իրենք կոնկրետ ապացույցներ ունեն: Նա նոր մանրամասներ բացահայտեց Մարտի մեկի քրեական գործի վերաբերյալ:
Նախ՝ 1. ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ինքնաձիգերից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ, երբ այդ պատշգամբներից վառվող շիշ է նետվել:
2. 0038 հույժ գաղտնի հրամանից հետո որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, ինչի հետեւանքով սահմանում կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, եւ արդյունքում ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, եղել է նաեւ դիվերսիա:
3. նախկին պաշտոնյաները, օլիգարխները բանակի զինվորներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար:
ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները նա նույնպես խոստացավ հրապարակել:
4. Մարտի մեկի արյունալի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն մտցրել էր արտակարգ դրություն, բայց որեւէ այլ զոհ չկար:
Երեկ խոսք գնաց մարտի 1-ի օրերին ՀՀ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի մասին եւս: Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի երեկոյան Սեյրան Օհանյանը հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ ու ասել, որ «բանակը մասնակցելու է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը եւ քաղաքացիների կողմից արտակարգ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք, կոշտ արձագանքի»։ Խաչատրյանը նշեց նաեւ, որ սա իրենք համարում են քրեաիրավական գնահատականի արժանի արարք։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` քայլեր ձեռնարկելու եք, որ Սեյրան Օհանյանը չհեռանա երկրից, Խաչատրյանը կարճ պատասխանեց, թե արդեն ձեռնարկել են: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ Սեյրան Օհանյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Մինչ այդ, Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ այս բոլոր հանգամանքները ապացուցված եւ հիմնավորված են քրեական գործի նյութերով:
Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը
Ասուլիսի ժամանակ մյուս բացահայտումներն արդեն վերաբերում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին: Նա նշեց, որ իրենք փաստերով կխոսեն եւ կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս եւ հասնում, եւ Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք՝ այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին», – նշեց նա` հավելելով, որ ունեցվածքի գործով մոտ տասն օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով եւ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից փորձեց ճշտել, թե ինչպես կմեկնաբանի ԱԱԾ տնօրենի հայտարարությունը: Վերջինս ասաց, որ չի կարող մանրամասն խոսել այդ մասին եւ վստահեցրեց, որ փաստաբանները 2 օրվա ընթացքում կհրապարակեն իրենց պատասխանը: «Ե՛ւ գաղտնալսված հեռախոսազրույցի, ե՛ւ Արթուր Վանեցյանի հայտարարության հետ կապված մեր դիրքորոշումը մանրամասնորեն կհրապարակենք: Եվ իհարկե կիրականացնենք իրավական գործողություններ»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ արդեն թիմային քննարկում ունեցել են, բայց ավելի ամբողջական որոշում կլինի մոտ օրերս: Ավելի ուշ պարզաբանում տարածեցին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, որի մեջ նշված է, թե կատարվածը հանցագործություն է` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում: Դատելով ձայնագրությունից` ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը եւ գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել» նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է», – ասված է նրանց հայտարարությունում:
Նիկոլ Փաշինյանը ժամանակ տվեց
Արդեն երեկ երեկոյան Դավիթաշեն վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին ժամանակ տվեց: «Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան, որոշել եք մարտահրավեր նետե՞լ, դե հիմա մարտահրավերը տեսեք, ստացեք: Բայց մենք գործում ենք ըստ օրենքի, մենք ունենք Ազգային անվտանգության ծառայություն եւ ոստիկանություն, ես պահանջում եմ 2 ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել էս երկրում: Եթե իրենք էլ դա անել չգիտեն, մենք գիտենք: Ես կամուֆլյաժս կհագնեմ ու փողոց-փողոց, տուն առ տուն այդ կարգ ու կանոնը կհաստատեմ,- ասաց Փաշինյանը, հավելելով,- Գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը: Ես ուզում եմ ասել, որ սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնա՛յք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին», – նշեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԵՂԵՂԻ ՎՆԱՍՆԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
2017թ. սեպտեմբերի 17-ին` առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել. քանդվել է Բագրատաշեն գյուղ մտնող ոռոգման մեծ ջրատարը: Ջրատարի ջուրը վերեւից մտել է Բագրատաշենի 2 առանձնատան տարածք: Դրանից մեկի բնակիչները տեւական ժամանակ Վրաստանի Բաթումի քաղաքում են բնակվում: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանի վկայությամբ` ջրի հոսանքն այդ տանը մեծ վնաս չի պատճառել: Փոխարենը քանդված ջրագծի հեղեղը մեծ վնասներ է պատճառել Բագրատաշենի բնակիչ Մայոր Մելքումյանի առանձնատանը: Հեղեղը տան գույքը մեծ չափով վնասել է, Մելքումյանների այգուց հավաքված, պարկերի մեջ դրված պնդուկը հայտնվել էր ցեխի մեջ, դարձել օգտագործման համար անպիտան: Արտակարգ դեպքի վայր է ժամանել «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության` Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Վերանյանը: Ոռոգման ջրագծի սկզբում սնուցումը անջատվել է, սակայն շուրջ 10 կմ երկարությամբ ջրատարում ջուրը շարունակել է հոսել եւ վնասներ պատճառել:
2018թ. հունվարի 26-ին Բագրատաշենի բնակիչներ Գարեգին, Մարինե եւ Ստելլա Մելքումյաններն իրենց հեղեղված տանը պատճառված վնասին համապատասխան գումար բռնագանձելու պահանջով ընդդեմ Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում տեղակայված «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության հայցադիմում են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայր: Նրանք միջնորդել են տարաժամկետել պետական տուրքի վճարումը եւ դրան անդրադառնալ դատարանի վճռով` պատճառաբանելով, որ գտնվում են նյութապես անապահով վիճակում,որի վերաբերյալ ներկայացրել են Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավարի տրամադրած տեղեկանքը: Դատավոր Արման Կուրեխյանը որոշել է պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը բավարարել, հայցադիմումն ընդունել վարույթ: Հայցվորները դատարանին միջնորդել են որպես հայցի ապահովում կիրառելու միջոց «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանն այդ միջնորդությունը մերժել է:
Սույն քաղաքացիական հայցով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է 2018թ. մարտի 7-ին, հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 12-ին: Դատարանում հայցվորների շահերը պաշտպանում է Իջեւան քաղաքից փաստաբան Կարեն Ղալումյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀՅՈՒԾԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի ռազմական հենակետերից պարբերաբար գնդակոծել է Նոյեմբերյանի շրջանի պաշտպանական դիրքերը, նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը` Կոթին, Ոսկեվանը, Բաղանիսը: Սեպտեմբերի 2-ին` ժամը 19-ից, Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի սահմանագոտում եղել են ադրբեջանական կրակոցներ: Այդ կրակոցների հետեւանքով Ոսկեվան գյուղի սահմանագոտում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է:

Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը լուսածիր գնդակներով կրակել է Բաղանիս գյուղի վրա, որոնք գյուղին վնաս չեն պատճառել: Սահմանամերձ Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 2-ի երեկոյան` ժամը 20-ից 21-ի սահմաններում, շուրջ կես ժամ տեւողությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կոթիի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա: Բարեբախտաբար, վնասներ չկան:
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի լույս 9-ի գիշերը` 00.15-ից մինչեւ 00.30-ը, հրաձգային զենքերից գնդակոծել է Բաղանիս գյուղը, գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Գնդակները մի քանի տեղից վնասել են Բաղանիսի բնակիչ Թաթուլ Բեգլարյանի ջերմոցի ծածկը: Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները ստիպված են եղել որոշ ժամանակ երթեւեկել սահմանագոտին շրջանցող ճանապարհով:
Ոսկեվան գյուղի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Ոսկեվանի ներքին հատվածը, որը դիտարկվում է Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից: Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով վնասվել են Ոսկեվանի մի առանձնատան տանիքը, այլ առանձնատան պատերը, մեկ ուրիշ առանձնատան շեմքին գտնվող կենցաղային իրը:
Սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչները լրագրողիս ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական զինուժը ամռան ամիսներին Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերի գնդակոծություն չէր անում, այն վերսկսել է աշնան սկզբից, երբ սկսվել է նոր ուսումնական տարին, դպրոցական բոլոր երեխաները սահմանամերձ գյուղերում են գտնվում: Այդ կերպ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է սահմանագոտու բնակչությանը ստիպել տագնապել իրենց դպրոցահասակ երեխաների համար, որպեսզի ծնողները հարկադրված լինեն երեխաներին տեղափոխել թիկունքի անվտանգ բնակավայրեր: Իսկ երեխաների տեղափոխությանը կհետեւի նրանց ծնողների վերաբնակվելն այլ վայրեր: Ադրբեջանը փորձում է այդ կերպ խթանել արտագաղթը Տավուշի սահմանագոտուց:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս