ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ավելի ակտիվանալ: Թավշյա հեղափոխությունից հետո բնակարանների գները բավականին բարձրացել են: Մի հանգամանք, որը դրական ազդակներ է տալիս երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը մեկ ամսվա ընթացքում 10-ով նվազել է: Եթե հունիսին իրականացվել է 13 հազար 741 գործարք, ապա հուլիսին դրանց թիվը կազմել է 13 հազար 731: Ի դեպ, Երեւանում դրանց թիվը ավելացել է 94-ով:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ նաեւ, որ Երեւանում բնակարանների գները շարունակում են թանկանալ: Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գներն աճել են գրեթե բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, դրանք բարձրացել են ե՛ւ անցած տարվա հուլիսի, ե՛ւ այս տարվա հունիսի համեմատ: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ հնարավոր է` ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով նաեւ գները: Մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում բնակարանները ավելի կթանկանան: Նրանց խոսքերով` Հայաստանում անշարժ գույք գնելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին թանկանում են: Բայց այս երեւույթը նկատելի է Երեւանի ոչ բոլոր թաղամասերում: Օրինակ` Կասկադի մոտակայքում մինչեւ 20 տոկոսով թանկացել են հողատարածքները:
Այսպես, հուլիսին, հունիսի համեմատ, կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ թանկացել է 8000 դրամով` եթե հունիսին բնակարանի մեկ քմ վաճառվել է 530 հազար դրամով, ապա հուլիսին այն կազմել է 538 հազար դրամ: Ասել է թե` Երեւանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը սկսում է 1000 դոլարից: Իսկ ահա Կասկադի կամ Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ մոտ 2000 դոլար է կազմում:
Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամաս, բնակարանները հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել են 2300 դրամով: Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 2300 դրամով` 368 հազար 950 դրամից դառնալով 371 հազար 250 դրամ: Բնակարանները նույնքան թանկացել են նաեւ Նոր Նորքում: Այստեղ մեկ քմ հուլիսին վաճառվել է 242 հազար 300 դրամով: Միայն Էրեբունի վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ի գները հուլիսին պահպանել են հունիս ամսվա մակարդակը` 252 հազար 50 դրամ:
Բայց Քանաքեռ-Զեյթունում հուլիսին, հունիսի համեմատ, բնակարանների գները բարձրացել են` 2100-ով` 276 հազար 100 դրամից դառնալով 278 հազար 200 դրամ: Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ թանկացել է ընդամենը 800 դրամով. 257 հազար 300 դրամից դարձել է 258 հազար 100 դրամ, Նոր-Նորքում` 240 հազար դրամից` 242 հազար 300 դրամ: Նկատենք, որ վերջին շրջանում Նուբարաշենում բնակարանների գները չէին բարձրանում, բայց այս հուլիսին, հունիսի համեմատ, այստեղ եւս թանկացում է արձանագրվել` 166 հազար դրամից դառնալով 167 հազար 50 դրամի: Մյուս վարչական շրջաններում` Դավիթաշենում, Աջափնյակում, Շենգավիթում նույնպես բնակարանները թանկացել են: Նշենք, որ մարզային քաղաքներում եւս բնակարանները թեկուզ չնչին, բայց թանկացել են, իսկ որոշներում փոփոխություն չեն կրել: Ի դեպ, ամենաթանկ անշարժ գույքը Ծաղկաձորում է. այստեղ բազմաբնակարան շենքի մեկ քմ-ը արժե 287 հազար 200 դրամ: Աբովյանում եւս բարձր գին ունեն բնկարանները, այստեղ մեկ քմ-ը վաճառվում է 157 հազար 200 դրամով:
Սակայն անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Այս փոփոխությունից շահում են ոչ միայն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքները, այլեւ շինարարության ոլորտն է ակտիվանում, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն թողնել տնտեսության վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ
Սահմանափակ կարողություններով անձանց հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասել է, որ պետք է լինի ընկալում, որ հաշմանդամությունը հավասարապես բոլորի խնդիրն է, ոչ թե առանձին գերատեսչության կամ առանձին քաղաքացու: «Շատ կարեւոր եմ համարում բարձրաձայնել հարցեր, որոնց մասին սովորություն ունենք լռելու, որովհետեւ դրանց լուծումները հեշտ չեն տրվում: Հաշմանդամությունը հիվանդություն չէ, հաշմանդամություն ունեցող մարդիկ հիվանդություն ունեցող մարդիկ չեն»,-ասել է նա: Մ. Թանդիլյանի խոսքով` մենք պետք է քաղաքը, կրթությունը, մշակույթը, սպորտը դարձնենք մատչելի: Այդպիսով թե՛ հասարակությունն է դառնում ավելի լավը, թե՛ ծախսերն են բաշխված լինում: Հաշմանդամություն ունեցող անձանց պոտենցիալը որեւէ բանով չի զիջում:
Ըստ նրա` հաշմանդամություն ասելով` չպետք է միայն սայլակով տեղաշարժվող մարդկանց ընկալենք, պետք է հասկանանք, որ կան տեսողության, լսողության խնդիրներ, եւ մենք պարտավոր ենք ապահովել բոլորի հասարակության լիարժեք մաս լինելը: «Երբ ես դեռեւս այս պաշտոնին չէի, մտածում էի, որ եվրոպական առաջադեմ երկրներում հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի շատ են, քան մեր երկրներում: Այնինչ դա այդպես չէ: Այստեղ պարզապես նրանք լսված չեն, սոցիալական մեկուսացման մեջ են գտնվում»,-նշել է նախարարը:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ոչ պարենային արտադրանքի անվտանգության եւ չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման ոլորտներում: Բացահայտվել են տարբեր բնույթի խախտումներ, ինչպես այն, որ oծանելիք եւ կոսմետիկ արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի եւ մակնշման: Խաղալիքների արտադրանքը նույնպես իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի եւ մակնշման, ԱԳԼՃԿ – վաճառքն իրականացվել է խորանարդ մետրով` կիլոգրամի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը:
Տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված` նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման եւ համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք, որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք:

 

 

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐԻՑ Է
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությամբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ առաքելություն իրականացնելու վերաբերյալ հարցերին, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը, եւ ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերվում է տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը, այլեւ այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում: 2011 թվականից ի վեր, բացի Դամասկոսում դեսպանությունից, գործում է նաեւ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում, որն առօրյա ռեժիմով աշխատում է եւ փորձում է հնարավորինս ներդրում անել մեր հայրենակիցների անվտանգությանը վերաբերող հարցերում»: Նա հիշատակել է, որ Հայաստանն առաջին անգամը չէ, որ սիրիահայերին հումանիտար օգնություն է տրամադրել: «Նրանց անվտանգության հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը եւ այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում եւ աշխատում ենք մեր գործընկերների հետ»,-ասել է նա:

 

 

ԱՄՊՐՈՊ ԵՎ ԿԱՐԿՈՒՏ
Սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Սեպտեմբերի 12-14-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Մայրաքաղաքում սեպտեմբերի 15-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, 12-14-ը եւ 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: «Կարծում եմ` բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգեւել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: «Բոլորիս շնորհավորում եմ այս հիանալի հաղթանակի կապակցությամբ, մեծ ուրախություն է, որ հանրապետությունում այսպիսի տրամադրություն է: Հաճելի է ամեն անգամ գալ Հայաստան, ինձ համար չափից ավելի մեծ ուրախություն է, որ հիշեցիք իմ ռեկորդները»,-ասել է Ռոբերտ Էմմիյանը: Վերջինս տեղեկացրել է, որ երկար տարիներ բնակվելով արտերկրում` շարունակում է պահպանել Հայաստանի քաղաքացիությունը, աջակցել հայ մարզիկներին մասնակցելու ուսումնամարզական հավաքների եւ միջազգային տարբեր մրցաշարերի:




Լրահոս