«ԱՎԱԳԱՆԻՆ ԻՍԿԸ ԻՄ ՏԵՂՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են նաեւ մշակույթի գործիչներ: Նրանց թվում են ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանն է: Նա մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ, իսկ հեղափոխության օրերին էլ Նիկոլ Փաշինյանի կողքին էր: Երգչուհին անգամ երգեց Հանրապետության հրապարակում:

-Տիկի՛ն Պիպոյան, ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր դերը ավագանու կազմում: Ձեր գործառույթը հստակ պատկերացնո՞ւմ եք: Գուցե այս պարագայում դեր խաղա այն հանգամանքը, որ Դուք նաեւ ճարտարապետի կրթություն ունեք:
-Այո, քանի որ այդ կրթությունն ունեմ, ներգրավված կլինեմ քաղաքաշինական հարցերի շուրջ քննարկումներում: Իհարկե, իմ դերը կունենամ մշակութային խնդիրների բարձրացման եւ լուծման գործում: Այնպես որ հիմնական անելիքս այս երկու ոլորտում է լինելու:
-Մասնակցո՞ւմ եք «Իմ քայլը» դաշինքի քննարկումներին, ի՞նչ տպավորություններ ունեք, ստացվո՞ւմ է երկխոսություն: Այս պրոցեսներին ներգրավվելը սահուն ստացվե՞ց, թե՞ ոչ այնքան:
-Անկեղծ ասած՝ այդ ֆորմարտն ինձ համար բոլորովին նոր է եւ ինչ-որ առումով էլ խորթ: Ես անկուսակցական եմ եւ միշտ էլ լինելու եմ այդպիսին: Ինձ համար խորթ են նաեւ «Մենք պետք է հաղթենք», «Մեր թիմը լավագույնն է» եւ այլ լոզունգները: Արդեն մեկնարկել է քարոզարշավը, բայց ես չեմ կարող մասնակցել դրան թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Իմ դերն ավագանիում այլ է: Կարծում եմ՝ ավագանին իսկը իմ տեղն է: Ես բնիկ երեւանցի եմ, եւ մայրաքաղաքի խնդիրները ընտանեկան խնդիրներին հավասար քննարկել ենք, հայրս՝ նկարիչ Սուրեն Պիպոյանն է, այդ առումով բավական ակտիվ է եղել: Եվ հետո մշտապես բարձրաձայնել եմ Երեւանին առնչվող ինձ հուզող խնդիրների մասին, բայց իմ ձեռքում երբեւէ գործիք չի եղել, որպեսզի դրանք լուծեմ, իսկ հիմա դրա հնարավորությունը տրվում է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ավագանու ցուցակում մեծ թվով արվեստագետների ներգրավվածության փաստին: Սա լա՞վ է, թե՞ վատ:
-Կարծում եմ՝ նրանց թիվն, ամեն դեպքում, չպետք է շատ մեծ լինի, կա չափ, որ պետք չէ անցնել: Ավագանիում պետք է մեծապես ներգրավված լինեն կոնկրետ գիտելիքներով նեղ մասնագետներ, որպեսզի խնդիրներին կոնկրետ լուծումներ տրվեն:
-Դաշինքի ցուցակը գլխավորում է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Նրա թեկնածության մասին ի՞նչ կասեք: Կարծիքներն, ըստ էության, բավական հակասական են:
-Երբ առաջին անգամ լսեցի Հայկ Մարությանի թեկնածության մասին, արձագանքս եղավ այնպիսին, ինչպիսին շատերի մոտ է: Ես նույնպես, ինչպես նրանք, առհասարակ ծանոթ չէի Հայկ Մարությանի անձին եւ նրան նույնացնում էի իր մարմնավորած կերպարների հետ: Բայց երբ ծանոթացա նրա ծրագրին, շփվեցի, լսեցի խոսքը, նկատեցի գործարար ջիղը, ցանկությունը իր գործը լավ անելու: Իմ առջեւ արդեն բոլորովին այլ մարդ էր կանգնած: Ինձ թվում է՝ պատահական չէ, որ Հայկ Մարությանին առաջադրել են այդ պաշտոնում: Փաստորեն, նա ունի պոտենցիալ, քաղաքապետին բնորոշ հատկություններ:
-Ի՞նչ կասեք երեւանցիներին, որոնք նաեւ պոտենցիալ ընտրողներ են: Նրանք հույսեր կապե՞ն քաղաքային իշխանության հետ, որ նոր է գալու:
-Վստահ եմ, որ անկախ այն բանից, թե որ կուսակցությունը, դաշինքն է մեծամասնություն կազմելու ավագանիում, երեւանցիների կյանքը բարելավվելու է: Մթնոլորտն այնպիսին է, որ կա մրցակցություն, իսկ դա թիմերին կստիպի լավ աշխատել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՉԱՐԱՃՃԻ ԱՂՋԻԿԸ, ՈՐԻՆ «ՍԱՆՁՈՒՄ Է» ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Էմմա Ասատրյանը էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ որտեղ է նա եւ ինչով է այժմ զբաղված, արդյոք պատրաստվո՞ւմ է անակնկալներ մատուցել երկրպագուներին:

Էմմայի խոսքով՝ այսօր շոու-բիզնեսում խորը անկում է նկատվում, եւ միայն ինքը չէ, որ լռում է. «Շատերն են քիչ երեւում, քիչ թվով տեսահոլովակներ նկարահանում, պատճառն այն է, որ այսօր հաջողություն են ունենում շատ վատ որակի երգեր: Ամռանը հանգստանում էի Եգիպտոսում, եւ ականջիս հասնում էին արաբերեն երգեր, որոնք ծանոթ էին թվում, քանի որ դրանց հայկական «տարբերակն» արդեն լսել էի: Այս ամենից հետո անիմաստ է որակյալ պրոդուկտ թողարկելու համար ծախսեր անելը»,-մեկնաբանեց երգչուհին՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կփոխվի, իր այս տրամադրվածությունը, ընկճվածությունը եւս:
Այնուամենայնիվ, երգչուհին ձեռքերը ծալած չի նստում: Իր վերջին մենահամերգի ժամանակ նա հայտարարել էր, որ այն երեք պրեմիերաներից, որին հանդիսատեսը հավանություն տա, դրա հիման վրա տեսահոլովակ կնկարահանի: Այդպիսով՝ ընտրվեց իր եւ Միքայել Ոսկանյանի զուգերգը. «Պետք է ձայնագրենք այն կենդանի նվագակցությամբ, Հանրային հեռուստաընկերությունն էլ հոլովակ է նկարահանելու եւ ամանորյա ծրագրի շրջանակում պրեմիերա է անելու»,-մանրամասնեց Էմման:
Երգը կոչվում է «Խելապակաս», հեղինակը ինքը՝ երգչուհին է: Այն պատմում է երես առած, չարաճճի մի աղջկա մասին, որն ամուսնանում է եւ խելոքանում. «Բայց նա ասում է, որ իր սիրուց մազերը թափվել են, մազերի հետ էլ խելքն է թափվել»,-ծիծաղելով հավելեց մեր զրուցակիցը: Միքայել Ոսկանյանը նաեւ նվագակցելու է երաժիշտներին:
Եթե նախկինում Էմման դասավանդում էր Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա այսօր նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայում: Ուսումնական այս տարին երգչուհու համար առանձնահատուկ է նրանով, որ դպրոցի սաների թվում ավելացել են փոքրիկներ, որոնց հետ աշխատելը, Էմմայի խոսքով, առանձնահատուկ հաճույք է:
Մենք հետաքրքրվեցինք՝ Երեւանում իր հերթական մենահամերգին ե՞րբ սպասենք. «Ավելի փոքրիկ, ջազային ծրագրով համերգով հանդես գալու ցանկություն կա, երեւի դա կլինի արդեն ձմռանը»,-եզրափակեց նա:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԿԸՆՏՐԵՐ ԲՐԱԶԻԼԱՑՈՒՆ
Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ կցանկանար իր թիմում տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին: «Եթե ընտրություն կատարեի Նեյմարի ու Կիլիան Մբապեի միջեւ, կընտրեի բրազիլացուն: Նեյմարն աշխատում է թիմի համար, իսկ Մբապեն սիրում է անհատական գործողություններ»,- ասել է արգենտինացի մասնագետը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային 4 տուրերում Նեյմարն ու Մբապեն խփել են 4-ական գոլ եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

 

 

ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉՀԱՍԱՆ
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան մեկնաբանել է Ազգերի լիգայի երկրորդ տուրում Պորտուգալիայից կրած պարտությունը: «Պարտությունը հիասթափեցնում է, քանի որ մենք փորձում էինք դաշտում ներդնել ամեն ինչ եւ Պորտուգալիայի համար խնդիրներ էինք ստեղծում, սակայն չկարողացանք արդյունքի հասնել: Պետք է աշխատենք, միասին խաղանք եւ գտնենք ճիշտ խաղաոճը, որն արդյունքի կհանգեցնի: Իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուի հետ Պորտուգալիայի հավաքականն ավելի ուժեղ է: Կարծում եմ` Իտալիան այնքան էլ վատ ելույթ չունեցավ, մենք կարող ենք պայքարել այս մրցակցի հետ: Ես առանձնապես տարբերություն չտեսա այս թիմերի միջեւ»,-խոսել է Բոնավենտուրան:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿՕԳՆԻ
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին վստահություն է հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլի հեղինակ չի դարձել Ա Սերիայի մեկնարկային երեք տուրում, կօգնի թուրինյան ակումբին մրցաշրջանի վճռորոշ պահերին. «Ռոնալդուի մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա: Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, ով 5 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»: Նա լավագույնն է աշխարհում, եւ այն, որ հանդես է գալիս մեր թիմում, մեզ միայն երջանկացնում է: Նա մեզ հետ կկիսվի իր փորձով: Կրիշտիանուն շատ տիտղոսներ է նվաճել, մասնավորապես Չեմպիոնների լիգայում, եւ մեզ շատ կօգնի մրցաշրջանի առանցքային պահերին: Մենք Ռոնալդուին կտեսնենք գործի մեջ, բայց այս անգամ դա կլինի մեր օգտին»,-ասել է նա: Նշենք, որ 33-ամյա Ռոնալդուն այս ամառ «Յուվենտուս» է տեղափոխվել «Ռեալ»-ից:




Լրահոս