«ԾԻԾԱՂԵԼ ԵՄ ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԹԵ ԻԲՐ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանը։ Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ գծերը, խոսել ենք երգչուհու նախընտրությունների մասին։ Մեր զրուցակիցը պատմել է, թե իր մասին լսած որ բամբասանքն է վերջին շրջանում իր մոտ ծիծաղ հարուցել, ովքեր են փորձել հարվածել իր թիկունքից, երբ է երգչուհին երկրորդ անգամ ծնվել եւ այլն։

-Ալլա՛, օրը լավ սկսելու համար Ձեզ հարկավոր է…
-Որ նախորդ օրը լավ անցկացրած լինեմ։ Այդպես օրս ուրախ է սկսվում։
-Ձեզ միանգամից վստահություն է ներշնչում այն մարդը…
-Որի կենսագրությանը ծանոթ եմ, եթե ծանոթ չեմ, առաջին տպավորության վրա եմ հիմնվում։
-Առաջնային կարեւորություն եք տալիս մարդու անկեղծությա՞նը, թե՞ ինտելեկտին։
-Միանշանակ, անկեղծությանը։ Շատերն իրենց ինտելեկտը ծառայեցնում են ոչ արդար նպատակների, այնպես որ ինտելեկտուալ լինելն ինձ համար չափանիշ չէ։ Եվ հակառակը, կան մարդիկ, որոնք չեն փայլում ինտելեկտով, բայց ապրում են ազնիվ։ Այս տեսակն է նախընտրելի ինձ համար։
-Ներողություն է խնդրում նա, ով…
-Ուժեղ է։ Թույլ մարդը կարծում է, որ ներողություն խնդրելն իր պատվից վեր է։
-Պետք է կարողանալ ասել «ոչ» այն ժամանակ, երբ…
-Անհրաժեշտ է։ Ես սկսել եմ սովորել ասել «ոչ»։ Հասկացել եմ, որ դա շատ լավ բառ է, եթե տեղին է ասվում։ Կյանքում լինում են դեպքեր, երբ հաստատ պետք է «ոչ» ասես, որովհետեւ եթե «այո» ասես ու այդ պահին լավամարդ դառնաս, հետո կարող ես զղջալ։
-Հարց, որը միշտ տանջում է Ձեզ։
-Թե ինչու է էս աշխարհը էսքան ծուռ, ինչպես ասում էր Գալյա Նովենցը (ծիծաղում է)։
-Նախընտրում եք նվերը պատվիրե՞լ, թե՞ որ Ձեզ անակնկալ անեն։
-Երբ նախապես ասում ես, թե ինչ ես ուզում, իհարկե, պրակտիկ մոտեցում է, բայց հետաքրքիր է, երբ քեզ անակնկալ են մատուցում։ Ես երկրորդ տարբերակն եմ սիրում։
-Ձեզ ձանձրացնում են մարդիկ, որոնք…
-Գույն չունեն։ Չես հասկանում՝ ինչպես շփվես նրանց հետ, որ դու էլ քեզ վատ չզգաս։
-Ավելի շատ սրտնեղում եք դատարկությունից, քաոսի՞ց, թե՞ անորոշությունից։
-Ես անորոշությունից եմ նեղվում։ Ընդհանրապես, դատարկությունը լավ բան չէ, բայց գիտես, որ կգտնվի մի բան, որով կարող ես լցնել այն։ Իսկ անորոշությունը վախեցնում է։
-Ավելի շատ վերլուծո՞ւմ եք, թե՞ ապրում։
-Ապրում եմ, առանձնապես վերլուծող տեսակ չեմ։
-Չի սխալվում նա, ով…
-Հնարավոր չէ, որ մարդ չսխալվի, նորություն չեմ ասում։
-Ձեր երկրորդ ծնունդը կարելի է համարել…
-Երեխաներիս ծնունդը, նաեւ այն փուլերը, երբ սկսում եմ այլ կերպ նայել կյանքին։ Այդպիսի շրջաններ հաճախ են լինում ինձ մոտ։
-Պետք է լռել այն պահին, երբ…
-Դու հաստատ չգիտես, որ ճիշտ ես։ Առհասարակ, իմաստուն մարդը պետք է ավելի շատ լռի։
-Սովորաբար ընտրում եք սիրելի՞ն, թե՞ պետքականը։
-Երեւի սիրելին։ Ես էմոցիոնալ եմ, պահի մարդ եմ, որեւէ բան հատուկ չեմ պլանավորում։ Իհարկե, մեկ-մեկ սխալվում եմ, բայց, այնուամենայնիվ, դրանից շատ բան չի փոխվում։
-Ձեզ սովորաբար թիկունքից խփում են նրանք, ովքեր…
-Ովքեր կարծել են, որ ես իրենցից հաջողակ եմ։
-Վերջին շրջանում Ձեր մասին լսած բամբասանք, որը զվարճացրել է Ձեզ։
-Երկար ծիծաղել եմ համացանցում տարածված այն տեղեկության վրա, թե իբր ես բաժանվել եմ ամուսնուցս։ Նախկինում կսրտնեղեի այդ առթիվ, մտածմունքների մեջ կընկնեի, բայց հիմա վերաբերմունքս այլ է։ Թարսի պես անձնական տիրույթում այնքան լավ է ամեն ինչ (ծիծաղում է)։
-Ի՞նչն է, որ կարեւոր է երջանկությունից։
-Խաղաղությունը։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԻՄԱ ԷԼ ՉԱՆՑՆԵՄ, ՉԵՄ ԸՆԿՃՎԻ. ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում քիչ չեն մշակույթի գործիչները։ Նրանց թվում է նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը, որն ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։ Նա նաեւ Կոմիտասի տուն-թանգարանի ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրենն է:

Ի դեպ, «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու ցուցակում նախկինում ընդգրկված, բայց չընտրված երգիչն ավելի վաղ նշել է, որ միշտ ձգտել է ինչ-որ կերպ օգտակար լինել իր քաղաքին, իր բողոքը տեղ հասցնել։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ նախկին փորձը արդյոք չի կաշկանդում իրեն. «Այն ժամանակ ես չանցա, բայց դա ոչինչ չի նշանակում, հիմա էլ չանցնեմ, չեմ ընկճվի։ Կարեւորն այն է, որ իմ խոսքը տեղ հասնի, Երեւանը դառնա նախանձելի քաղաք, այնպիսին, ինչպիսիք տեսնում ենք Եվրոպայում եւ նախանձում ենք»,-պատասխանեց մեր զրուցակիցը։
Քանի որ ավագանու անդամը վարձատրվող հաստիք չէ, հետաքրքրվեցինք՝ ինչն է ստիմուլացնում երգչին. «Այնքան շատ եմ սիրում Երեւանը, այնքան լավ գիտեմ ամեն քարը, ընդ որում, ոչ միայն կենտրոնում, այլեւ ծայրամասերում, որ դա բավական է ինձ։ Վարձատրությունն այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ։ Պատրաստ եմ անվճար ծառայել իմ քաղաքին»,-մեկնաբանեց նա։
Արթուր Իսպիրյանը նշեց, որ իր գործառույթը տեսնում է ինչպես մշակույթի, այնպես էլ այլ ոլորտներում. «Ունեմ մշակութային ծրագիր, որը կցանկանայի ներկայացնել։ Բացի այդ՝ ես այս քաղաքում եմ ծնվել-մեծացել, տեսել եմ ե՛ւ հին քաղաքը, ե՛ւ նորը, էվոլյուցիան իմ աչքի առաջ է տեղի ունեցել, հիշողությանս մեջ դեռ թարմ են մնացել Հրազդանի կիրճը, Մոնումենտի այգին, կանաչապատ տարածքները, այնպես որ շատ հարցերում կարող եմ օգտակար լինել, խորհուրդներ տալ։ Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այգիները փոքրանում են, չեն բարեկարգվում, դրանց տարածքում տեղ են գտնում սրճարաններ, բակերի տարածքները աճուրդի են հանվում, այնպես որ, մանրամասն տեղյակ եմ խնդիրներից»,-եզրափակեց Արթուր Իսպիրյանը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս