Թիկնազորը պաշտպանում է իր «կլիենտին», որ լոլիկով չխփեն, չթքեն երեսին. Ֆելիքս Ցոլակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշեն համայնքում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում է իրականացնել «ռեյդեր»` բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: Այս հայտարարությունից հետո իրավապահները գործի անցան, սակայն արի ու տես` մարդիկ օրինական են պահում թիկնազոր:

Բանն այն է, որ 2012 թվականի փետրվարի 9-ից Հայաստանում ուժի մեջ է մտել 2 օրենք, ըստ որոնց` փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքում: Մասնավորապես, սահմանվել էր, որ պահնորդական կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ոստիկանություն:

Լրացում էր կատարվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում, եւ սահմանվել էր 500.000 դրամ դրույքաչափ լիցենզիա ստանալու համար: Այսինքն` այդքան գումար վճարելուց հետո ցանկացած ոք կարող է պահնորդական ընկերություն բացել, օրինական զենք ունենալու թույլտվություն ստանալ նաեւ եւ դառնալ բանդայի տեր:

ԵՒ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ հայտնի մարդիկ իրենց մտերիմներին գրանցում են իրենց կամ բարեկամի պահնորդական ընկերություններում, կամ էլ իրենք են ստեղծում պահնորդական կազմակերպություններ եւ իրենց մտերիմներին գրանցում են այնտեղ, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովեն, եւ ամեն ինչ օրինական է:

«Ժողովուրդ» օրաթերթը թիկնապահների օրինական գործունեության մասին զրուցեց Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

-Պարո՛ն Ցոլակյան, վարչապետը հայտարարել էր ուժային  կառույցներին «ռեյդեր» իրականացնել, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին:

-Օրենքով կա, թե ովքեր պետք է ունենան, ովքեր չպետք է ունենան: Եթե պետականորեն նախատեսված ձեւով են ունենում, ապա դրանց բան չի կարելի ասել, եթե  պայմանագրով նախատեսված չափից ավել են, ապա թեմա է ստեղծվում:

-Դուք եղել  եք ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, իրավիճակը ցույց է տվել,  որ այսօր  տարբեր անձինք մասնավոր պահնորդական ընկերություններ են բացում եւ իրենց հարազատներին գրանցում այնտեղ եւ այսպես ունենում օրինական թիկնազոր: Ըստ Ձեզ` օրենքը պե՞տք է փոխել, թե՞ բավարարվել` ասֆալտին փռելու մասին խոսելով:

-Անկեղծ ասած` այդ ամենից տեղյակ չեմ, դա արդեն կոմպետենտ մարմնի գործն է: Գիտե՞ք,  ես թիկնազորին նորմալ եմ մոտենում, եթե մարդուն հասնում է, եթե կան որոշակի պայմաններ, որի պատճառով նա պետք է ունենա, ուրեմն դա պետք է լինի: Ես ասֆալտ փռելը բառացի չեմ հասկանում, դա հասկանում եմ փոխաբերական իմաստով: Ամեն դեպքում, պետք է ուսումնասիրվի  եւ, ըստ այդմ, գործողություններ իրականցվի, ում հասնում է, նա ունենա, ում չի հասնում, թույլ չտան: Թող ստուգեն, տեսնեմ` ով է օրինական պահում: Օրինակ` դուք ասում եք, որ զարտուղի ճանապարհներով են ունենում, թող ուսումնասիրեն, տեսնեն, եթե զարտուղի  է, ապա  ասեն, որ քո ճանապարհը զարտուղի է, եթե օրինական է, ապա ասեն` օրինական է:

-Նախկինում այդ թիկնազորի գործառույթները իրականացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը: Ի՞նչն է խանգարում, որ հենց ոստիկանությունն էլ շարունակի իրականացնել այդ պաշտպանությունը, այլ ոչ թե այսօր ով ցանկանա, կազմակերպություն բացի, իր հարազատներին գրանցի եւ թիկնազորով շրջի:

-Ինձ թվում է` այստեղ մասնագիտության խնդիր կա, քանի որ թիկնազորը հատուկ պատրաստված մարդիկ պետք է լինեն, ամեն մարդ չի կարող թիկնազորի դեր խաղալ:

-Այսինքն` ոստիկանությունն ի զորու չէ՞ իրականացնել:

-Այո, ոստիկանության այդ ծառայությունը, որ ասում եք, այնտեղ զուտ ոստիկանության աշխատողներն են, իրենք թիկնազորի ֆունկցիան կատարելու համար այդքան էլ պատրաստված չեն, ոստիկանության ստորաբաժանում կա, որ կարող է դա անել, բայց կոնկրետ ինչի մասին մենք խոսում ենք, չեն կարող, իրենք ավելի շատ պահակային ծառայություն են իրականացնում: Հասկանում եք` մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է թիկնազորը, որոնք այսօր կան, դրանք մասնագետներ չեն, այդ, որ ավտոներով գնում են: Իրենց բարեկամներն են, ախպոր տղեն, քրոջ տղեն հետեւից ընկած գնում են, դրանք թիկնազոր չեն: Թիկնազորը լուրջ պատրաստված մարդ պետք է լինի, որն այսօր, ցավոք սրտի, այդքան էլ շատ չէ: Անունը կա, որ շատ են, բայց դա այդպես չէ, բանդիտը թիկնազոր է դառնում:

Իսկապես դրա դեմը պետք է առնվի, ինչի՞ մասին է  խոսքը, թիկնազորը պետք է լինի խելքը գլխին մարդ, որը գիտի այն նյուանսը, թե պահպանյալի անվտանգությունը ինչպես ապահովի:

Օրինակ` երբ ինձ հարցնում են` ինչու թիկնազոր չես պահում, ես շատ կոպիտ բառ եմ ասում, ասում եմ թիկնազորը ինչի՞ համար է. որ պաշտպանի մարդուն, բայց այսօր շատ տեղեր թիկնազորը պաշտպանում է իր «կլիենտին», որ լոլիկով չխփեն, շատ ներողություն, չթքեն երեսին, կամ ապտակ չտան. սա՞  է թիկնազորի խնդիրը: Սա չէ թիկնազորի խնդիրը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս