2018թ հուլիսի 12-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Գեւորգ Լեւոնի Չոբանյանի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 1-ին` ժամը 09.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դիմաց գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի կողմից վերահսկվող մարտական դիրքի տարածքով փորձել է հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ մուտք գործել Ադրբեջան: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 100-200 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում:
1991թ. հայրենի Վ. Կարմիրաղբյուրում միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Գեւորգ Չոբանյանը Ռուսաստանում, որոշ տեղեկություններով` Ռյազան քաղաքում, ռազմական ուսումնարան է ընդունվել: Նա երկար ժամանակ ապրել է Ղազախստանում, ՀՀ եւ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի է, այնտեղ երկու երեխա ունի: Նա մոտ ամիսուկես առաջ է վերադարձել Վ. Կարմիրաղբյուր, ուր նրա մայրն է բնակվում: Գ. Չոբանյանի ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են, նրա հայրը վաղուց Ռուսաստանում է բնակվում: Նա սահմանապահներին ասել է, որ ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թղթեր հանձնել, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղը հայկական տարածք է: Նրա գործով զբաղվել են ԱԱԾ-ն եւ ռազմական ոստիկանությունը: Մայիսի 12-ին կամ 13-ին տղամարդը փորձել է թռչել Ղազախստան, սակայն Երեւանի օդանավակայանում պատռել է չվերթի տոմսը եւ վերադարձել գյուղ:
2018թ. հունիսի 1-ին նրա մայրը համագյուղացիներին հայտնել է, որ որդին ագրեսիվ վարք է դրսեւորել, ջարդել է իրենց տան գույքը: Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Գեւորգ Չոբանյանի մայրը մի քանի անգամ դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի իր որդուն տեղափոխեն հոգեբուժարան: Նշենք, որ Գ. Չոբանյանի քրեական գործով դատական վերջին նիստը կայացել է սեպտեմբերի 11-ին: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Վ. Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանից, Ադրբեջան գնալու փորձ արած Գեւորգ Չոբանյանը ներկայումս գտնվում է Սեւանի հոգեբուժարանում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ