Երևան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակը հանդարտվեց. ճանապարհը բաց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Առավոտյան տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Երևան-Սևան ավտոճանապարհը փակ է: Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները ի նշան բողոքի փակել էին ճանապարհը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Նրանք կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս