Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել երեւանցիներին՝ Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակի առթիվ, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ երեւանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երեւանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։
Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երեւան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն եւ կարեւոր ներդրումն է ունեցել: Երեւանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։ Երեւանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ եւ նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երեւանի շարունակական զարգացման, հզորացման եւ հարատեւման։
Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երեւա՛ն ջան», – նշել է Տ. Մարգարյանը։