ՀՀԿ-ն մեկ բան է ասում, ՔՊ-ն` այլ բան. ով է ճիշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վաղ առավոտից հակասական տեղեկություններ էին հրապարակվում համացանցում` Վենետիկի հանձնաժողովում ընթացող նիստի եւ զարգացումների հետ կապված: Նախ նշենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ու վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մեկնել էին Վենետիկ Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով եւ հանդիպում են ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի հետ։

Այդ հանդիպումից հետո համացանցում, կարծես թե, հակասական տեղեկություններ տարածվեցին: Նախ հենց Արարատ Միրզոյանը սոցիալական ցանցի իր էջում գրեց, թե անհնար ոչինչ չկա, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, թե Վենետիկից լավ լուրեր կան, դրան էլ արդեն հետեւեց Դանիել Իոաննիսյանի նույնանման բովանդակությամբ մեկնաբանությունը` նշելով, թե Կառավարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն կտարածի:

Եվ դրանից հետո համացանցում տարատեսակ տեղեկություններ հրապարակվեցին, թե Վենետիկի հանձնաժողովի նիստը դրական մթնոլորտում է անցել, եւ Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ սատարում է Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունները։ Եվ նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, թե Հանձնաժողովի եզրակացությունը Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի: Սակայն դրան հետեւեց ԱԺ փոխնախագահ, ԵԽՎՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանությունը. «Երբեք մի՛ մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում նրա նախագահի բառերը։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու»։

Ավելի ուշ կառավարության կողմից տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթը, որը հենց եղել է Վենետիկի հանձնաժողովի նիստում: Նա իր ելույթում նշել է, թե կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել հետեւանքների ողջ պատասխանատվությունը: «Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման եւ երկրի կայուն զարգացման հետ։ Մենք` որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը եւ մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը», – նշել է Միրզոյանը:

Ավելի ուշ տարածվեց մեկ այլ հաղորդագրություն, որը չնայած դրական նոտայի վրա էր գրված, սակայն վերահաստատվեց, որ հանձնաժողովի եզրակացություն ամեն դեպքում չի լինելու: «Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության եւ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, եւ նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին», – նշված է հաղորդագրությունում, եւ եզրակացության մասին ոչ մի խոսք չկա:

Սակայն հետաքրքիր է, որ Եվրամիությունն ու երեք երկրներ` Գերմանիան, Միացյալ Թագավորությունը եւ Շվեդիան, առանձին հայտարարել են, որ պատրաստ են աջակցել ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ավելին` ֆինանսական աջակցություն տրամադրել կառավարությանը: Սակայն, ամեն դեպքում, փաստն այն է, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու տեսակետն ամենեւին էլ կարող է չհամընկնել Եվրոպայի խորհրդի դիրքորոշումների հետ, որոնք նաեւ սահմանված են Վենտիկի հանձնաժողովի բազմաթիվ կանոնակարգումներով:

Առաջին հերթին Վենետիկի հանձնաժողովը սահմանում է կոնկրետ ժամկետներ` արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված, ընդ որում` դա առաջին հերթին վերաբերում է նաեւ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո անհրաժեշտ ժամկետների պահպանման առումով: Եվ շատ է նշվել, որ առաջին հերթին խոսքն այն մասին է, որ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո` գոնե վեց ամիս անց, պետք է ընտրություններ լինեն: Եվ այս առումով լուրջ խնդիրներ կարող են լինել, քանի որ նախադեպեր եւս եղել են, երբ ընտրությունները շատ լավ են անցել, սակայն ի սկզբանե լեգիտիմության հետ կապված խնդիրներ են եղել, իսկ դա կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ:

Եվ այս դեպքում իշխանությունները շատ մեծ ռիսկի են գնում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ դեսպան Սվիտալսկու հանդիպումը, որից հետո Հովհաննիսյանը բավականին լարված տեսք ուներ: Ըստ երեւույթին, հանդիպումը ՀՀԿ-ի օգտին չի հանգուցալուծվել, որն էլ հետագայում պատճառ է դարձել դեսպանի կողմից նման հայտարարության եւ իշխանափոխությանը պաշտպանելուն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս