ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Հանրապետական կուսակցությունը» հայտարարություն էր տարածել` շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Միեւնույն ժամանակ ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ հետաքրքիր շեշտադրումներ էին առկա: ««Իմ քայլը» դաշինքը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանակարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը», – նշված է հայտարարության մեջ:

Այսինքն` ՀՀԿ-ում կրկին փորձ է արվում շեշտադրումներ անել ընտրությունների ցածր մասնակցության վրա` այդպես ենթադրելով, թե մեծամասնությունը չի սատարում Նիկոլ Փաշինյանի թիմին` բոյկոտելով նրան:
Այս կոնտեքստում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ՀՀԿ վերնախավից, նախկին ՀՀԿ-ականներից կամ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները չեն մասնակցել ընտրություններին: Նրանց դուստրը` Անուշը, եւ փեսան` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, եւս չեն մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Իրենց մասնակցությունը չեն ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի մյուս դուստրը` Սաթենիկը եւ փեսան: Ստացվում է` ՀՀԿ նախագահն ամբողջ ընտանիքով անտեսել կամ բոյկոտել է Երեւանի ավագանու ընտրությունները` չկատարելով իր քաղաքացիական պարտքը: Նույնկերպ է վարվել նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա ընտանիքի յոթ անդամներն էլ չեն մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: ՀՀԿ Գործադիր անդամներից Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցել նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, սակայն նրա մայրն ու հայրը մասնակցել են: Հետաքրքիր է, որ իր թիմակիցների օրինակին չի հետեւել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա ամբողջ ընտանիքը մասնակցել է ընտրություններին եւ հաշվի առնելով վերջինիս խնամիական կապը ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ` արդեն պարզ է դառնում, թե ում օգտին կարող էին գնալ նրանց քվեները:
Երեւանի գրանցում ունեցող ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներից Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Իսկ ահա ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը եւ նրա կինը ընտրություններին մասնակցել են, իսկ ահա որդին եւ դուստրը` ոչ: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը քվեարկությանը չի մասնակցել Հայաստանում չգտնվելու պատճառով, փոխարենը նրա մայրն ու քույրը ընտրություններին մասնակցել են: Երեւանի նախկին քաղաքապետ, ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի ընտանիքից միայն որդին՝ Նահապետն է մասնակցել քվեարկությանը: ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը կնոջ եւ որդու հետ մասնակցել է ընտրություններին, իսկ ահա Հերմինե Նաղդալյանը, ամուսինն ու դուստրը չեն մասնակցել: ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը եւ ընտանիքի անդամների մեծ մասը ընտրություններին մասնակցել են, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սամվել Ֆարմանյանն ու իր ընտանիքը եւս մասնակցել են ընտրություններին: Ստացվում է` ՀՀԿ ԳՄ անդամներից Երեւանի գրանցում ունեցողների մեծ մասը ընտրություններին մասնակցել է:
Ինչպես արդեն նշեցինք, նախկին քաղաքապետեր Տարոն Մարգարյանը, Գագիկ Բեգլարյանն ու Կարեն Կարապետյանը չեն մասնակցել ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը ընտրություններին մասնակցել է:
Իսկ այժմ ներկայացնենք, թե Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր` ոչ: Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, երկարամյա փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ նրա ընտանիքի անդամները պարտաճանաչ կերպով մասնակցել են ընտրություններին: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի ընտանիքի 5 հոգանոց անդամներից մասնակցել է միայն ինքը եւ նրա որդին: Վահե Նիկոյանը եւս մասնակցել է ընտրություններին, իսկ ահա փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի ու նրա ընտանիքի անդամները` ոչ:
Հետաքրքիր է, որ նախկին պաշտոնյաներից նախկին վարչապետ, այժմ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ավագանու ընտրություններին, իսկ ահա նրա հարսը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրը, ընտրություններին չի մասնակցել: Հետաքրքիր է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով թավշյա հեղափոխությունից հետո կալանավորվել էր ապօրինի հարստացման մեղադրանքով, ապա ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվել: Ընտրություններին մասնակցել է նաեւ նրա որդին, սակայն դուստրը` ոչ: Իսկ ահա ՀՀ նախկին ոստիկանապետն ու նրա կինը Երեւանի ավագանու ընտրություններին չեն մասնակցել: ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանն իր ընտանիքի անդամների հետ միասին եւս չի մասնակցել ընտրություններին:
Իսկ այժմ ներկայացնենք իրավիճակը ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների պարագայում: Օրինակ` Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին` պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը եւ նրա ընտանիքի անդամները չեն մասնակցել ընտրություններին: Հետաքրքիր է, որ չնայած «Իմ քայլը» դաշինքն ամենաշատ ձայնն է հավաքել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սակայն պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամներից քչերն են մասնակցել ընտրություններին, այդ թվում Ալեքսանյանն ինքը չի մասնակցել: Իսկ ահա Միհրան Պողոսյանը կնոջ հետ մասնակցել է ընտրություններին: Ընտրություններին մասնակցել է նաեւ Արտակ Սարգսյանն ու իր կինը:
Ստացվում է` նախկին իշխանության անդամների մեծ մասն ամեն դեպքում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է` «ենթարկվելով» Փաշինյանի ու նրա թիմի «սեւերի ու սպիտակների» բաժանելու կոչին: ՈՒ ենթադրում ենք` մասնակցել են հաստատ ոչ սպիտակների կողմից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՀՀԿ-Ն ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Ամռան հանգստի շրջանից հետո «Հանրապետական կուսակցությունը» վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն արձակուրդային շրջանով եւ այսօրվանից դրանք կրկին ամենշաբաթյա բնույթ կկրեն: Թադեւոսյանը ընդգծեց, թե ավանդույթի համաձայն, օրակարգը ձեւավորվում է տեղում:

 

 

ՊԱՐԶՎԵՑ՝ ՀԱՎԱՔԱՐԱՐՆ ԷՐ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին այդպես էլ չհաջողվեց հայաստանյան Ուոթերգեյթյան սկանդալի գլխավոր հերոս դառնալ: Բանն այն է, որ դեռ օգոստոսի 27-ին Ֆարմանյանը շտապել էր ահազանգել, որ անհայտ անձն իր ու ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Միհրան Հակոբյանի աշխատասենյակ է մտել, իրերը տակնուվրա արել: Ակնհայտ էր, որ այսպես Ֆարմանյանը փորձել էր տպավորություն ստեղծել, թե իբր ինքը նոր իշխանությունների թիրախում է, եւ որ իր բացակայության պայմաններում իր աշխատասենյակն են խուզարկում: Կատարվածի առթիվ ԱԺ աշխատակազմը նույնիսկ ծառայողական քննություն էր սկսել: Միայն թե, պարզվում է, Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի աշխատասենյակներ ոչ թե ինչ-որ անձիք են ներխուժել, ոչ թե խուզարկություններ արել, այլ ընդամենը հավաքարարը մաքրել է սենյակը, եւ ձեռքի հետ իրերը տեղաշարժել: Համենայն դեպս, ԱԺ-ում անցկացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է՝ հավաքարարն ընդամենը իր գործն է արել, այս անգամ շատ ջանասիրաբար:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ԱԶԳԱԿԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, որ որպես դատապարտյալ գտնվում է «Արթիկ» քկհ-ում, տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրա առողջականի հետ խնդիրներ են առաջացել եւ «Արթիկի» ՔԿՀ-ից շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ի դեպ, հիվանդանոցում նա գտնվել է մի քանի օր եւ արտոնյալ կարգավիճակում, ինչ ցանկացել, դա արել է: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՔԿ ծառայությունից, որտեղից հաստատեցին, որ Վահե Ղուկասյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն այսօր նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ 2014 թվականին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, սպանության փորձի եւ ապօրինի զենքի համար:

 

 

ՈՒՇԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ եվրոպական ընկերությունները շատ ուշադիր վերլուծում են Հայաստանում հնարավորությունները, հավատում է նաեւ, որ նրանք շատ խրախուսվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված տարբեր քայլերից հետո: «Հատկապես խոսքը վերաբերում է այն ջանքերին, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարության ապահովմանը: Այս ջանքերը Հայաստանին դարձնում են ավելի գրավիչ ներդրումների համար»,-հայտարարել է նա: Նրա խոսքով` ԵՄ-ն Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է եւ այսօր ԵՄ-ն ցանկանում է առեւտուրը ընդալայնել եւ աջակցել ՀՀ կառավարությանը արտահանման եւ ներդրումների ոլորտում երկկողմ հաջողության հասնելու համար: Սվիտալսկին ընդգծել է, որ ֆորումի ընթացքում քննարկելու են համատեղ առեւտրի հնարավորությունները, իսկ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կօգնի, որպեսզի նոր ներդրումներ իրականացվեն Հայաստանում, եւ մեծանա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրաշրջանառությունը:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ հետ:

 

 

ԿԺԱՄԱՆԻ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով: Սպասվող այցի մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, որը սակայն որեւէ հստակություն չի մտցրել: Այցը նախատեսվում է մոտ ժամանակներս, թե երբ, Բալայանը չի նշել:




Լրահոս