«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը: Նա պատմել է, թե ով է իր առաջին սուր քննադատը, խոսել է այն մասին, թե ինչից է վախենում, ինչի համար է ափսոսում եւ ինչը չի ներում: Մենք փորձել ենք բացահայտել Էմմա Պետրոսյանի էությունը, խոսել ենք այնպիսի թեմաներից, որոնք կարելի է քննարկել ընկերների հետ մեկ գավաթ սուրճի շուրջ:
-Էմմա, Դուք ապրում եք անցյալով, ներկայո՞վ, թե՞ ապագայով:
-Երեքն էլ իմ կյանքում տեղ ունեն: Անցյալից կտրվելը դժվար խնդիր է, իսկ ներկայի զգացողությունն էլ երբեմն կորցնում ես: Ես ինձ միշտ ստիպում եմ, որ ներկան բաց չթողնեմ, որ ավելի շատ ապրեմ, քան մտորեմ անցյալի կամ ապագայի շուրջ:
-Մեկը, ում հանդեպ ակնածանք եք տածում:
-Ամեն մարդ էլ արժանի է հարգանքի:
-Ու՞մ հետ կցանկանայիք դուետ ունենալ:
-Շառլ Ազնավուրի, Սթինգի, Արամոյի:
-Միանգամից ընկերանում եք, հետո «մաղո՞ւմ», թե՞ նախապես զգուշավորություն եք ցուցաբերում:
-Քանի որ մարդասեր եմ, շուտ էլ սիրում եմ ընկերանալ, բայց միեւնույն է, միշտ էլ ունեմ ստորակետներ դնելու սովորություն, տարիքի հետ զգուշավորություն եմ ձեռք բերել:
-Ապրում եք սպասելո՞վ, թե՞ սպասում եք ապրելով:
-Դրանք երկու նժարի պես իրարից անբաժան են: Կա շրջան, երբ դու սպասում ես, կա շրջան, երբ ապրում ես: Չես կարող միմյանցից զատել այս երկու հասկացությունները:
-Ամենազարմանահրաշ բանը, որ ստեղծել է մարդը:
-Մարդը:
-Ո՞վ է Ձեր սիրելի պոետը:
-Չեմ սիրում առանձնացնել, դժվարանում եմ պատասխանել: Բայց երբ զգացմունքներն են գերակա, երբ թույլ եմ, խոցելի, արցունքոտ, տակնուվրա, ինձ ապրեցնում են Տերյանը, Եսենինը, իսկ երբ ավելի ամուր եմ՝ Դավիթ Հովհաննեսը, Չարենցը, Սեւակը, Պաստեռնակը, Ցվետաեւան: Սիրելի պոետների պակաս չեմ ունեցել:
-Ո՞վ է Ձեր ամենասուր քննադատը:
-Այսօր որդիս:
-Ո՞րն է Ձեր սիրելի երաժշտական գործիքը:
-Երեքը կասեմ՝ ջութակ, որը նվագում եմ, թավջութակ, որը ջութակից անբաժան է, եւ դաշնամուր: Դաշնամուրի մեջ բազմաձայնություն կա, քառաձայնություն կա:
-Ո՞րն է այն գույնը, որը Ձեզ տրամադրություն է հաղորդում:
-Սեւը եւ սպիտակը ինձ համարձակություն են տալիս: Այդ երկու բեւեռների, պլյուսի եւ մինուսի միջեւ գտնվելով՝ ես ինձ շատ լավ եմ զգում, կարծես իմ աջ եւ ձախ ոտքերի վրա լինեմ:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
-Ափսոսում եմ, որ լիքը բան թողնում եմ վաղվան, որ պլաններս չեմ իրագործում` հատկապես՝ ընթերցանության հետ կապված, ափսոսում եմ, որ մարդկանց եմ կորցնում, որ չասացի «կներես», երբ դրա անհրաժեշտությունը կար, երբ սխալ էի:
-Շարունակեք միտքը. «Տղամարդը երբեք չպետք է…»
-Դադարի լինել տղամարդ: Սա ամենակարեւորն է: Էլի շատ բաներ կարող եմ թվել, բայց սա է հիմնականը:
-Երբեք չեք համաձայնի երգել…
-Անճաշակ, տգեղ երգեր, մի բան, որ ականջի համար հաճելի չէ, որը խաթարում է դիմացինի խաղաղությունը, որովհետեւ երգն էլ հոգի ունի:
-Վախենում եք, որ…
-Առանձնապես չկա նման բան, բայց երեւի վախենում եմ «վախենալ» բառից:
-Ի՞նչը երբեք չեք ներում:
-Այդպիսի բան չկա: Որ վայրկյանին որ հասկանում ես՝ ամեն ինչ անցողիկ է, փոփոխական, գիտակցում ես, որ դու ինքդ փոխվեցիր, պարտավոր ես ներել աններելին:
-Եթե չլիներ հումորը…
-Չէր լինի կյանքը, կամ կլիներ, բայց ոչ այսքան դինամիկ:
-Եվ վերջում՝ ի՞նչ է արվեստը:
-Արվեստն այն հայելին է, որտեղ նայում է մարդը, որին ձգտում է նա, որը կերտում եւ գեղեցկացնում է մարդուն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵՐԲԵՔ ՊԱԼԱՏԱԿԱՆ ԵՐԳԻՉ ՉԵՄ ԵՂԵԼ»
«Ես երբեք պալատական երգիչ չեմ եղել, եւ ինձ համար նշանակություն չունի՝ ով կգա իշխանության: Բոլոր իշխանությունների հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, գլուխս կախ իմ գործն եմ արել: Միշտ էլ պատրաստ եմ իմ ծառայությունները մատուցել երգի տեսքով»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ներկայիս իշխանության օրոք իրեն՝ որպես բեմի մարդ, ինչպես է զգում, հատկապես, որ նախկինում գոյություն ունեին, այսպես ասած, պալատական երգիչներ, իսկ հիմա, ինչպես ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է նշել, այդ հասկացությունը չի լինելու:
Գեւորգի խոսքով՝ իր համար նշանակություն չունի, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում. «Եթե ամեն մարդ իր գործն անի, ամեն բան կընկնի իր տեղը: Դա է ժողովրդավար երկիր լինելու ցուցիչներից մեկը»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիք ունի երգիչը Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության մասին. «Հայկ Մարությանի ընտրվելու առթիվ շատ ուրախ եմ, բավական պոզիտիվ եմ տրամադրված: Կարծում եմ՝ ժամանակը ամեն բան կգցի իր տեղը: Այսօր ոչ ոք ոչ մի բանով չի կարող զարմացնել, թերեւս միայն մարդասիրությամբ: Ուզում եմ, որ մեր ղեկավարները հենց այդ հատկությամբ օժտված լինեն: Այն համոզման եմ, որ Հայկը երկար ծանրութեթեւ է արել, եւ եթե համաձայնել է մտնել այդ բեռի տակ, ուրեմն պատրաստ է դրան, այլապես չէր գնա այդ քայլին: Ինչ վերաբերում է կառավարության անդամներին, ասեմ, որ ոչ ոքի չեմ ճանաչում (ծիծաղում է), ներկայումս գործող քաղաքական գործիչներից միայն Նիկոլ Փաշինյանին գիտեմ, իսկ նրանից տպավորությունս, միանշանակ, դրական է: Վարչապետը սրտացավ մարդ է եւ փորձում է անել հնարավորը, որպեսզի ժողովրդի վիճակը բարելավվի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա հույս հայտնեց, որ մեր երկրի վիճակն այնքան կլավանա, որ արտերկրում ապրող հայերը կվերադառնան հայրենիք. «Այդ միտումն ինքս արդեն զգում եմ, տեսնում եմ, տա Աստված՝ այն շարունակական լինի»,-եզրափակեց Գեւորգը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
120 ԳՈԼ
«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին կիսվել է Ա Սերիայի 6-րդ տուրի`«Ֆիորենտինա»-ի հետ կայացած խաղից ունեցած տպավորություններով: Միլանյան ակումբը 2:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ հարձակվողը խփել է իր թիմի գոլերից մեկը` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը. «Չգիտեմ` արդյոք մենք ավելի հասուն ենք դառնում, բայց մենք աշխատում ենք մեր խաղը բարելավելու ուղղությամբ: «Ֆիորենտինա»-ին չափազանց շատ ազատ տարածություններ էինք տալիս եւ որոշ հակագրոհների ժամանակ ռիսկի էինք դիմում: Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր գոլեր են խփում, բայց մենք բոլորս պետք է կատարելագործվենք, երբ գործը հասնում է պաշտպանությանը: Մամուլում շատ էին գրում այն մասին, որ ես մինչ այս գոլ չէի խփում Ա Սերիայի 4 խաղում անընդմեջ, բայց ես 120 գոլ եմ խփել Ա Սերիայում, այդ իսկ պատճառով չեմ անհանգստանում: Ես հանգիստ եմ եւ շարունակում եմ կատարել իմ աշխատանքը»,-ասել է Իկարդին:
ԼԵՄՊԱՐԴԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է
«Դերբի Քաունթի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակն անգլիական լիգայի Գավաթի 3-րդ տուրի շրջանակում: Հանդիպման հիմնական ժամանակը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել «Դերբի Քաունթի»-ի ֆուտբոլիստները: «Ես շոկի մեջ եմ: Ինչպիսի~ խաղ էր: Գալ «Օլդ Թրաֆորդ» եւ խաղալ այնքան լավ, որքան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հիանալի է: Լավ խաղ անցկացրինք եւ իրացրինք 11-մետրանոցը: Հպարտ եմ: Կփորձեմ հաջողակ թիմ ստեղծել, իսկ այսօրվա նման օրերը պարզապես հիանալի են: Համաշխարհային կարգի ֆուտբոլիստների հետ հավասար խաղ ցուցադրելը մակարդակ է»,-ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ Լեմպարդը Մոուրինյուի գլխավորությամբ 2004-ից 2007 եւ 20013-2014 թվականներին հանդես է եկել «Չելսի»-ում:
ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ ՄԵԿ ԽԱՂՈՎ
«Բարսելոնա»-ի պաշտպան Կլեման Լանգլեն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի` «Ժիրոնա»-ի հետ խաղում Պերե Պոնսի նկատմամբ կանոնները խախտելու համար որակազրկվել է մեկ խաղով: Լանգլեն բաց կթողնի մեկ հանդիպում, քանի որ Պրիմերայի կարգապահական հանձնաժողովը որոշել է հավելյալ պատժի չենթարկել 23-ամյա ֆրանսիացուն: Հիշեցնենք, որ Լանգլեն խաղադաշտից հեռացվել էր վերոհիշյալ հանդիպման 43-րդ րոպեին դրվագի տեսակրկնությունը դիտելու արդյունքում: Ընդ որում, խաղի հաշվետվության մեջ մրցավարը Լանգլեի գործողությունները որակել էր որպես «գնդակի համար պայքարում արմունկով մրցակցին հարվածել»: