Նախարարը նոր է ծանոթանում ընդերքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ:

-Պարո՛ն Բաղրամյան, արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ Էներգետիկայի ոլորտի խնդիրներին:

-Դեռեւս չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ: Դեռ նոր եմ ուսումնասիրում ընդերքը:

-Կնշե՞ք Ձեր ոլորտի 3 կարեւորագույն խնդիրները:

-Ջրային ոլորտում ունենք մեծ խնդիրներ` կապված ոռոգման համակարգի հետ: Հիմա քննարկում ենք որոշակի կառուցվածքային բարեփոխումներ անելու եւ հասկանալու, թե ոնց պիտի օպտիմալացնենք այդ համակարգերը: Ընդերքի հետ կապված դեռ շուտ է որեւէ բան ասելը: Ամբողջովին կուսումնասիրեմ, նոր կխոսենք այդ մասին: Էներգետիկայի մասով` այս պահին էներգահամակարգի բոլոր ընկերություններում օպտիմալացման աշխատանքներ են իրականացվում, վերանայվում են իրենց բոլոր ծախսային, կառուցվածքային միավորները: Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք:

-Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ նախարար կդառնաք: Երազանքների մեջ ունեցե՞լ եք այդ հեռանկարը:

-Էդպես որ ասեմ` երազել եմ նախարար դառնալ, ոչ: Բայց, այո, պատկերացրել եմ:

-Ապագայում ձեւավորվելիք կառավարությունում Ձեզ տեսնո՞ւմ եք:

-Կարծում եմ` դա պետք է որ կախված լինի առաջիկայում մեր նախարարության ցույց տված արդյունքներից: Ըստ իս` արդյունքները դրական կլինեն: Կարող եմ եւ տեսնել:

-Եթե չլինեք նոր ձեւավորվելիք կառավարությունում, ինչո՞վ կզբաղվեք:

-Ես այս պահին զուգահեռ դասավանդում եմ նաեւ ճարտարագիտական համալսարանում: Կարծում եմ` անելիքներ կգտնվեն:

Լուսինե Մինասյան




Լրահոս