ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ինչպես նաև կարծիք արտահայտելու ազատության և տեղեկություն ստանալու իրավունքի համար սահմանված երաշխիքների ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:
Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր հնարավորություն են ստեղծում մամուլի ազատության ամրապնդման և այդ նպատակով անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու համար:
Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախքան արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և բազմաթիվ գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան մամուլի ազատության պաշտպանության նպատակով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, թեև այսօր կան որոշակի օրենսդրական բացեր, այդուհանդերձ, տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավական դաշտն ու իրավակիրառ պրակտիկան աշխարհում լավագույններից է:
Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հարցին, նշել է, որ Հայաստանում կա Սահմանադրական դատարանի որոշում, որով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ներմուծվել է Հայաստանի իրավական համակարգ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև լրագրողների վերապատրաստման դասընթաց անցկացնելու հնարավորությունները:
Հանդիպման ավարտին ԵԱՀԿ կողմից տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանն ուղղված փորձագիտական կարծիք ու խորհրդատվություն ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն