Ամերիկահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում ինտենսիվ այգեգործությամբ և ձկնաբուծական արտադրանքի արտահանմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի
27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով:
Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ
գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում` արտադրելով
«Արբա» գինիներ և Հայաստանում ևս մտադիր է զբաղվել այգեգործությամբ:
Բացի այդ, Մայք Բադալյանը նպատակ ունի իր լիբանանահայ գործընկերոջ հետ
կազմակերպել հայկական գյուղմթերքի, մասնավորապես ձկնաբուծական արտադրանքի
արտահանումներ դեպի Լիբանան:

Ողջունելով Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու
գործարարի հետաքրքրվածությունը` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը
համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային դաշտի ներկա
վիճակն ու առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում` ինտենսիվ
այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունների հիմնումը, լոգիստիկ
կենտրոնների ստեղծումը և այլն:
Տեղեկանալով Հայաստանում ընկուզենու այգիներ հիմնելու հյուրի ցանկության
մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նմանօրինակ նախաձեռնության
իրականացման արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում արդեն իսկ
հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ, որոնք հայ-լիբանանյան
լավագույն համագործակցության օրինակ են հանդիսանում:
Քննարկվել են նաև դեպի Լիբանան հայկական գյուղմթերքի արտահանման
արդյունավետ կազմակերպմանը, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը
վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է
հայտնել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանում ներդրումային
յուրաքանչյուր առաջարկ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք
ուղղված կլինեն մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս