Ի՞նչ դեղերով են բուժվում ծանր հիվանդության ցավից գալարվողները պարոն նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի պարոն նախարար. կարծում եմ, առողջապահության բնագավառում այս պահին առնվազն կա ոլորտ, որը կարիք ունի շտապ կարգավորման, և այն պետք է լինի հեղափոխական։

Խնդրո առարկան ծանր հիվանդներն են՝ նրանց տառապանքները թեթեվացնելու խնդիրը։

Ես չգիտեմ որևէ զարգացած երկիր, որտեղ մի շարք ծանրագույն հիվանդություններ ունեցող հիվանդներ «կրեն այնքան ցավ» ինչքան մեզ մոտ:

Որպես կանոն, այս պարագայում, տառապում են նաև նրանց ընտանիքի անդամներն, ովքեր ոչ մի կերպ հնարավորություն չեն ունենում օգնել ցավի մեջ գալարվող իրենց հարազատին։

Ինչ՞ դեղերով ենք փորձում այստեղ մեր հիվանդների ցավը թեթևացնել՝ քաղցկեղով, սիստեմային, բարդ վնասվածքներով ցավերի ժամանակ։

Չասեք, որ պոլիկլինիկաներում նրանց պետականորեն տրամադրվում են ցավազրկող միջոցներ։ Իսկ ինչ՞ պրեպարատներ են տրվում․ տրամադոլ, տրամալ, ոչ ստերոիդային ցավազրկողներ՝ դիկլոֆենակ, բրուֆեն, բարալգին և այլ անհեթեթություններ։

Պարոն նախարար. Դուք գիտեք թե դրանք ինչ՞ դեղեր են, և ինչ ազդեցություն կարող են ունենալ նշածս հիվանդությունների դեպքում։ Դուք հաճախ եք լինում արտերկրի լավագույն կլինիկաներում և գիտեք, որ այնտեղ երբեք չեն թողնի, որ հիվանդը տառապի ցավերից։

Մինչդեռ մենք, անալգին-դիմեդրոլով կամ ինչ որ դիազեպամով փորձում ենք խնդրին լուծում տալ: Ոչինչ, որ առանձին «երջանիկների» բախտ է վիճակվում մեկ կամ երկու սրվակ մորֆի, օմնոպոն, պրոմեդոլ ստանալ՝ դատարկ սրվակները վերադարձնելու պայմանով: Նույնը՝ ստացիոնարում, վերաբերում է բուժող բժշկին և աստված չանի, որ այդ սրվակը կորչի կամ փշրվի։

Պարոն նախարար. Բժշկությունն, առաջին հերթին, մարդասիրություն է, և ես կոչ եմ անում Ձեզ՝ եկեք գտնվենք տառապող մարդու կողքին մինչև նրա կյանքի վերջին պահը:

Ելք կա, քայլ է պետք անել։ Քննարկեք հարցը մասնագետների հետ, ուսումնասիրեք արտերկրների փորձը ու լուծում տվեք խնդրին:

Աստված պահապան բոլորիս։

Գագիկ Ներսիսյան

P.s. Բացեք ցանկացած շտապ օգնության բժշկի դեղարկղը և կտեսնեք մի քանի սրսկիչ, անալգին-դիմեդրոլ, պապավերին-դիբազոլ, մագնեզիումի սուլֆատ և բարալգին-նոշպա։ Հիշեցնեմ նաև, որ անալգինը, որպես դեղամիջոց, արգելված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։




Լրահոս