Նիկոլ Փաշինյանը զարմացրել է քննիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի քրեական գործն, ըստ էության, բացահայտված է, եւ այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում: Վարչապետի հայտարարությունից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն այս գործով դեռեւս որեւէ բան չի ուղարկվել դատարան, եւ դեռ ավելին` վարչապետի հայտարարությունից հետո կոնկրետ անձինք դիմել են նախաքննական մարմնին եւ կոնկրետ հարցադրումներ են արել:

«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում: Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետեւյալն է. Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է»: Ըստ Փաշինյանի` այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում, եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածյալներ չեն լինելու. «Չկա տարբերակ, որ ոճրագործներից ու պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, սակայն այս ամենն էլ կարճ տեւեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը, եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 13-ին բավարարեց պաշտպանների հայցը, եւ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց: Ու մինչ Վճռաբեկում քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու կամ չկալանավորելու հարցը, ՀՔԾ-ն հայտնվել է անհարմար իրավիճակում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի այս հայտարարությունից հետո նախաքննական մարմին են դիմել գործով անցնող մեղադրյալները, նրանց պաշտպանները՝ հնչեցնելով կոնկրետ հարցադրումներ՝ արդյոք մարտի 1-ի գործը բացահայտվել է, եւ եթե բացահայտվել է, ապա ինչու գործը չի ուղարկվում դատարան: Այս հարցադրումներին ի պատասխան` գործով ներգրավված քննիչներն ու քննչական խմբի ղեկավարն ասել են, որ գործը բացահայտված չէ: Նրանք նաեւ հարցրել են՝ ո՞վ է նման բան ասել: Ի պատասխան` մեղադրյալները մեջբերել են ՀՀ վարչապետի հայտարարությունը: Արդյունքում, քննիչները մնացել են զարմացած եւ չեն իմացել, թե ինչ պատասխանեն մեղադրյալներին կամ նրանց պաշտպաններին:

Ինչեւէ, վարչապետի հայտարարությունից անցել է ավելի քան 2,5 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտվել է, ի պատասխան` պաշտպանն ասաց . «Ինչպես տեսաք, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունը տարբեր քրեական գործերի մասին տեղեկություններ է ստանում, եւ չեմ կարող ասել, թե քրեական դատավարության օրենսգրքի որ հոդվածով սահմանված կարգով, ամեն դեպքում, ես պնդում եմ, որ մարտի 1-ի «գործը»-ը ինքը անուն չունի, այլ թիվ ունի, եւ այդ գործի շրջանակներում Յուրի Խչատուրովի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ այս պարագայում նախաքննական մարմինը այս պահին շատ գործողություններ ունի անելու:

Այսինքն` վարույթն իրականացող մարմինը, եթե ամբողջական քննության մասին է խոսքը, այսինքն` բացահատումը, դա օպերատիվ գործողություն է, իսկ քննչական մարմինները պարտավոր են բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնել: Եթե իրականացվի այդ քննությունը, ապա կհանգեն այն եզրակացությանը, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է: Ամեն բացահայտում ունի նաեւ իր ապացուցման անհրաժեշտությունը, տարբեր քրեական գործերով բացահայտում տերմինը հասարակությանը գցում է շփոթության մեջ: Մասնավորապես, մի քանի օր առաջ կոռուպցիայի դեպք եղավ պաշտոնատար անձանց մասով, շոու ես կանվանեմ եւ այդ շոուի անվան տակ ոստիկանությունն ասաց, թե բացահատվել է կոռուպցիոն կաշառք ստանալու դեպք, սակայն գործի ընթացքն էլ ցույց կտա, որ դա չի ապացուցվել կոնկրետ անձանց հետ կապված, եւ այդ մարդիկ հանցագործություն չեն կատարել: Հայտարությունների մակարդակով քրեական գործ չի լինում»:

Մինչ այդ, նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իրավական, այլ քաղաքական հայտարարություն է արել՝ խոսելով մարտի 1-ի բացահայտման մասին: Պատահական չէ, որ նա ասել է, թե իր մեկնաբանմամբ է այդ գործը բացահայտված: Եւ հետո վարչապետն անգամ ի պաշտոնե իրավունք չունի տեղեկանալու այս գործի մանրամասների մասին, իմանալու նախաքննական գաղտնիքները, եւ կարող է հետեւություններ անել համապատասխան պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա, ոչինչ ավելի: Ու այդ դեպքում մեղադրյալների եւ նրանց փաստաբանների քայլերը միանգամայն այլ բանի մասին են վկայում:

Քնար Մանուկյան




Լրահոս