Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ լրագրողներ,
Նոյեմբերի 2-ը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի ու մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի երաշխավորումը:
Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրում ժողովրդավարության զարգացման հիմնարար ցուցիչներից է:
Պատասխանատու լրագրությամբ առաջնորդվելու ձեր բարձր կոչումով ու ամենօրյա բարդ աշխատանքով նպաստում եք երկրում ժողովրդավարության զարգացմանը: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:
Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում: Սրանք երկրի առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու ու փոփոխությունների սահուն անցումներ ապահովելու կարևոր գրավականներ են:
Լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների:
Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ գործադրել ջանքեր՝ նպաստելու համար լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխավորմանը»: