Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը կարծես թե հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Նրանք նույնիսկ խոսում են խորհրդարանում երկրորդ ուժը լինելու մասին:
Եվ չնայած ներկայիս իշխանությունները պնդում են, թե հատկապես գործող օրենսգրքի պարագայում ոչ ոք չի համաձայնի ՀՀԿ-ի համար վարկանիշային թեկնածու լինել եւ ձայներ բերել, սակայն նրանք այժմ այնպիսի մարդկանց են փորձում ներգրավել, որոնք կկարողանան տեղերում քիչ թե շատ ձայներ բերել: Իհարկե, նրանք մեծ թվերի հույսեր չունեն, սակայն վստահ են, որ եղած ռեսուրսով եւ մինչեւ դեկտեմբեր տեղի ունեցող գործընթացների ֆոնին կլինեն տեղեր, որտեղ Նիկոլ Փաշինյանի թիմին շատ ձայն չեն տա:
Հնարավոր թեկնածուներ քննարկելիս ՀՀԿ-ում առաջին հերթին բացառել են Շիրակի մարզից ձայներ ստանալու տարբերակը: Գաղտնիք չէ, որ այս մարզը ՀՀԿ-ի իշխանության տարիներին միշտ էլ ընդդիմադիր է եղել եւ այն էլ այս պարագայում այս մարզից ձայներ ստանալու տարբերակը ՀՀԿ-ականներն աբսուրդի ժանրից են համարում: Իսկ այս մարզից ընտրված ռեյտինգային թեկնածուները ՀՀԿ-ի հետ չեն:
Փոխարենը կան մարզեր, որտեղից ՀՀԿ-ականները հույսեր ունեն եւ արդեն թեկնածուների անուններ են շրջանառում:
Օրինակ` Լոռու մարզում որպես ՀՀԿ-ի հավանական վարկանիշային թեկնածուներ շրջանառվում են նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արկադի Համբարձումյանի եւ նաեւ նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի անունները: ՀՀԿ-ում հույս ունեն, որ այս մարդիկ կկարողանան առանձին վայրերում ձայներ ապահովել. օրինակ Հովհաննես Սահակյանը` Սպիտակում, Վահրամ Բաղդասարյանը` Վանաձորում: Այլ հարց է, թե որքանով այս պարագայում նրանք կցանկանան կրկին ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել նրանց հետ.
Հովհաննես Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու առաջարկ ստացե՞լ եք ՀՀԿ-ի կողմից:
-Որտեղի՞ց նման տեղեկություն: Նման խոսակցություն երբեք չի եղել: Ինձ հետ ոչ մեկը չի խոսել այդ մասին: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ:
-Սպասո՞ւմ եք նման առաջարկի:
-Եթե սենց լինի, բա որ սենց լինի: Եկեք այդ եթե-ները թողնենք մի կողմ: Այսօր վարչապետի երկրորդ առաջադրումն է: Ընտրությունների ժամանակացույցը պարզ կլինի, նոր մնացածը կորոշենք:
-Այնուամենայնիվ, եթե նման առաջարկ լինի, կընդունե՞ք:
-Այնքան բան ունեմ մտածելու: Եթե-ներով հարցերի մասին չեմ ուզում մտածել: Երբ որ կլինի, կորոշեմ: Խոստանում եմ` հենց առաջարկ լինի, առաջինը Ձեզ եմ զանգահարելու, որ տեղեկացնեմ:
Գեղարքունիքի մարզում եւս թեկնածուների մի քանի անուններ են շրջանառվում: Նրանց թվում են գործող պատգամավորներ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ), Ռաֆիկ Գրիգորյանը եւ նախկին մարզպետ Կարեն Բոթոյանը: Չնայած այժմ խորհրդարանում Արագածոտնի մարզից պատգամավոր է դարձել Նաիրի Սահակյանը, սակայն ՀՀԿ-ն այժմ քննարկում է որպես ռեյտինգային թեկնածու առաջադրել ոչ թե նրան, այլ եղբորը` նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին: Վերջինս նաեւ հանդիսանում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը:
Սարգիս Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, տեղեկություններ կան այն մասին, որ ՀՀԿ-ից առաջարկ է եղել լինել իրենց ռեյտինգային ցուցակում: Կա՞ նման բան:
-Չկա նման բան, սուտ է: Ո՛չ առաջարկ է եղել, ո՛չ քննարկում այդ մասին:
-Եթե նման առաջարկ լինի, կընդունե՞ք:
-Չեմ կարծում, որ կընդունեմ:
Նշենք, որ չի բացառվում, որ ՀՀԿ-ն հույսեր ունի, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանին աջակցող եւ արտահերթ ընտրություններին կողմ հանդես եկող պատգամավորներից մի քանիսը եւս, ամեն դեպքում, կվերադառնան իրենց շարքերը: Չի բացառվում նաեւ նոր ու թարմ կադրերի ներգրավումը, սակայն, ամեն դեպքում, ՀՀԿ-ն ապավինում է փորձառու, բայց ոչ այնքան վարկաբեկված կադրերին: Հնարավոր է նաեւ, որ արդեն փորձառու կադրերը չառաջադրվեն, բայց իրենց ստվերային աջակցությունը ցուցաբերեն նորերին եւ իրենց հնարավորությունները օգտագործելով` անցկացնեն նրանց:
Ցուցակներում կլինեն նաեւ այնպիսի վարկանիշային թեկնածուներ, ովքեր մասնակցել են նաեւ նախորդ խորհրդարանական ընտրություններին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել խորհրդարանում: Իսկ ավանդաբար ծանր հրետանի հանդիսացող ՀՀԿ-ականները կլինեն միայն համամասնական ցուցակներում: Միայն թե, իսկապես, հետաքրքիր է՝ առանց ընտրակաշառքի, քրեական տարրերի ճնշումների, արդյոք կգտնվեն բավարար թվով մարդիկ, որ ՀՀԿ-ական թեկնածուներին ձայն տան: Մի տեսակ այս հեռանկարը շատ մշուշոտ է երեւում:
Լուսինե Մինասյան