Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենների եւ տեղակալների աշխատավարձը 50 տոկոսով բարձրացել է:
Տեղեկացնենք, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենը Մհեր Դավիդյանցն է: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ մեծ արագությամբ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում էլ հաղթել է մրցույթը: Հիշեցնենք, որ հիվանդանոցի երկարամյա տնօրեն, գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո այս պաշտոնին հավակնում էր Ասոյանի որդին` Վիգեն Ասոյանը, ինչին դեմ էր Թորոսյանը` հայտարարելով, որ սկզբունքորեն անընդունելի է համարում ժառանգաբար պաշտոնների փոխանցումը:
Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ:
-Պարո՛ն Դավիդյանց, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տնօրենի տեղակալի հաստիքը կրճատել եք եւ 3 նոր հաստիք եք բացել` տնօրենի խորհրդատու ֆինանսական գծով, տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով եւ տնտեսվար: Ավելին` արդեն իսկ նախարարության կողմից հաստատվել է հաստիքացուցակը:
-Այո, նման փոփոխությունները առողջապահության նախարարության կողմից է առաջարկվել: Բայց կրճատում չի եղել, այլ տնօրենի տեղակալի հաստիքն է փոփոխության ենթարկվել, անվանումն է փոխվել` դառնալով ֆինանսատնտեսական գծով տեղակալ: Ոչ թե երեք, այլ երկու հաստիք է ավելացել:
-Փոփոխե՞լ եք աշխատավարձի չափերը. օրինակ` տնօրենինը 350 հազար դրամից բարձրացվել է` հասցնելով 750 հազար դրամի:
-Ես չեմ փոփոխել: Դա փոփոխվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից…
–Բայց 350 հազար դրամից դարձե՞լ է 750 հազար դրամ...
-750 հազար դրամ չէ, այլ 710 հազար դրամ:
-Այդ դեպքում տեղակալների աշխատավարձերը որքա՞ն են կազմում:
-Նույնպես բարձրացվել է համապատասխան չափով:
-Համապատասխան չափը ո՞րն է...
-Դարձել է 540 հազար դրամ:
-Ի՞նչ հիմնավորմամբ է աշխատավարձը բարձրացել: Ինչ է, նոր ղեկավարությունն ավելի շատ է աշխատո՞ւմ, քան նախո՞րդը:
-Դա նախարարի որոշմամբ է բարձրացվել: Որքան ես տեղյակ եմ, բոլոր բուժհաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվել են:
-Կոռուպցիոն ռիսկերից խուսափելո՞ւ նպատակով…
-Այո, ապրեք, ես գիտեմ` մոտավորապես մոտիվացիան դա է:
-Ճի՞շտ է արդյոք, որ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել ֆինանսական խորհրդատուի կնոջ ընկերության հետ:
-Ոչ, նման բան գոյություն չունի: Նման կապ չկա: Ֆինանսատնտեսական գծով փոխտնօրենի հաստիքը թափուր է, եւ նման կապ չկա:
-Պարո՛ն Դավիդյանց, վերահսկողական ծառայությունը Ձեր ղեկավարած կառույցում ստուգումներ իրականացնրե՞լ է, թե՞ ոչ:
-Այս պահին` ոչ: Իմ նշանակումից հետո էլ չի իրականացվել:
-Այդ դեպքում ո՞ր պետական հիմնարկն է Ձեզ մոտ ստուգումներ իրականացրել:
-ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նոր է ավարտել ստուգումները: Առողջապահական պետական գործակալությունն է իրականացրել ընթացիկ ստուգումներ:
-Չարաշահումներ հայտնաբերվե՞լ են:
-Համենայնդեպս, իրենց կազմած եզրակացություններով` ոչ:
Աշխատավարձերի բարձրացման հետ կապված այլ մանրամասները` այստեղ