Զվարթնոցն արդեն կերպարային անուն է, այն պատահական չի դրվել, չարժե վերակոչել Ազնավուրի անունով. ճարտարապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու նախաձեռնությամբ: Այժմ այդ թեմայով անցկացվելու են հանրային լսումներ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը տարածել է հայտարարություն, որտեղ նշել է. «Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանրային քննարկման կազմակերպումը, որը կարձանագրվի եւ հասանելի կլինի բոլորին»: Հայ հանրության շրջանում այս թեման հասցրել է հայտնվել բուռն քննարկումների կիզակետում: Մի մասը կարծում է, որ վերակոչում պետք է, որ դա շանսոնիեի հիշատակը վառ պահելու լավագույն դրսերումներից մեկը կլինի, իսկ մյուս մասն էլ այն համոզման է, որ «Զվարթնոց»-ը «մշակութային բրենդ» է, եւ նման քայլի պետք չի գնալ:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ: Նրա պնդմամբ՝ օդանավակայանը վերակոչել, միանշանակ, չարժե. ««Զվարթնոցն» արդեն կերպարային անուն է: Հին մասնաշենքը, որը հուշարձան է, իր ձեւով, ոճով եւ «բնավորությամբ» հիշեցնում է Զվարթնոցի տաճարը: Այդ անունը հո պատահական չե՞ն դրել: Ես Ազնավուրին շատ եմ սիրում եւ հարգում, բայց վերակոչումն անհասկանալի իրավիճակ կառաջացնի: Բացի այդ՝ «Զվարթնոց»-ը միայն հայերինս չէ, այն համաշխարհային համբավ ունեցող հուշարձան է, որը ներառված է մասնագիտական բոլոր գրքերում. վերակոչումը խնդիրներ կառաջացնի, իմաստը ո՞րն է»,-մեկնաբանեց ճարտարապետը:

Նա հիշեցրեց՝ մենք ունենք Ազնավուրի անունով հրապարակ, Ազնավուրի արձանը: Նրա առաջարկով՝ կարող ենք անգամ Ֆրանսիայի հրապարակը վերակոչել Ազնավուրի անունով. «Ես դրան դեմ չեմ, Ազնավուրն ինքը Ֆրանսիան է ներկայացնում»,-եզրափակեց պարոն Քալաշյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս